Ազգային ժողովում մարտի 11-ին գումարվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը: Նիստի ավարտից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ քննարկվել են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարը եւ այլ հարցեր:
«Մեր տարածաշրջանի, մեր կազմակերպության համար ահաբեկչությունը, ֆաշիզմը, ռասիզմը, քսենոֆոբիան իրենց բոլոր արտահայտչաձեւերով իրական սպառնալիք են հանդիսանում: Եվ որպես ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ցանկանում եմ բոլորիդ վստահեցնել, որ հայկական պատվիրակությունը համերաշխ է մեր ռուս դաշնակիցների հետ ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ պայքարի հարցում: Մենք հանցագործություն ենք համարում թուրքական կողմից ռուսական Սու-24-ի կործանումը: Հանցագործություն ենք համարում նաեւ հայկական ռազմական ուղղաթիռի կործանումը ադրբեջանական կողմից Ադրբեջանի եւ Ղարաբաղի սահմանին»,- ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ ՀԱՊԿ երկրների պատվիրակությունները պետք է կոնսոլիդացված հանդես գան բոլոր միջխորհրդարանական հարթակներում, քանի որ դաշնակիցներ են:
«Հայաստանի Հանրապետության համար բոլոր կոնֆլիկտների լուծման համար, մասնավորապես՝ ղարաբաղյան հիմնախնդրի, կա մեկ խաղաղ ճանապարհ՝ համատեղ ընդունված 3 սկզբունքների շրջանակներում՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, տարածքային ամբողջականությունը եւ ուժի չկիրառումը: Անընդունելի են ադրբեջանական կողմի բոլոր փորձերը խնդիրը լուծել ուժի կիրառման միջոցով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ