Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏՁՄ. ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսական ծառայությունը վտանգում է հայ-ամերիկյան տեխնոլոգիական համագործակցությունը

Մարտ 11,2016 15:51

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ կազմակերպություններն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոսական ծառայության գործունեության վերաբերյալ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, հայ-կանադական «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը և «ggTaxi» ընկերության համահիմնադիր-տնօրեն Արտաշես Թովմասյանը:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսելով վերը նշված խնդրի մասին, առանձնացրեց երեք պատճառ՝ քաղաքական, բյուրոկրատական և հյուպատոսի աշխարհընկալման կամ սուբյեկտիվ նախապատվության: Վարդանյանը նաև նշեց, որ չնայած նշված խնդիրներին, իրենք արդյունավետ հանդիպումներ են անցկացնում ԱՄՆ դեսպանի հետ և ծրագրում նոր համագործակցություններ մասնավորապես՝ Հայաստանի օգնությամբ ԱՄՆ-ի և Պարսկաստանի, ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի տեխնոլոգիական գործունեության շուրջ:

«Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը նշեց, որ ԱՄՆ մուտքի արտոնագրի մերժումները կտրուկ ավելացել են, ինչն ուղղակիորեն խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը: 2014 թ. ի վեր ընկերությունը ներկայացրել է 12 դիմում, որից 7-ը մերժվել է:

«Մեր ընկերությունը երկու տարվա պատմություն ունի և դասվում է հաջողակ սթարթափ ընկերությունների շարքին: Մենք պարբերաբար հրավերներ ենք ստանում ԱՄՆ-ից և հանդիպումներ պլանավորում ներդրողների հետ, սակայն մուտքի արտոնագրի բացակայության պատճառով զրկվում ենք ներդրումների պոտենցիալ հնարավորությունից: Պարզապես անհասկանալի է, երբ նման ընկերության հիմնադիրն է երկու անգամ մերժում ստանում, ով հայրենիքում աճող բիզնես և մեծ նպատակներ ունի», – ասաց «ggTaxi» ընկերության համահիմնադիր-տնօրեն Արտաշես Թովմասյանը:

Այս առնչությամբ ԻՏՁՄ-ն մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ դեսպանի և հյուպատոսական ծառայության պատասխանատուների հետ, առաջարկվել են իրավիճակի կարգավորման մեխանիզմներ, սակայն ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրվել:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության գերակա և ամենահեռանկարային ոլորտն է, ուստի սա հարված է Հայաստանի տնտեսությանն ու ապագային, հատկապես երբ Հայաստանի ՏՏ ոլորտի արտադրության շուրջ 70%-ը արտահանվում է Ամերիկայի Միացյալ նահանգներ:

Մտահոգվելով Հայաստանում արդյունավետ բիզնես միջավայր ունենալու և ՏՏ ոլորտի զարգացման հիմնախնդիրներով՝ ԻՏՁՄ անդամները դիմում են ՀՀ կառավարությանը, Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությանը, հետաքրքրված պետական, հասարակական և մասնավոր կառույցներին և խնդրում աջակցել ստեղծված իրավիճակի կարգավորմանը:

Հավելենք, որ տարիներ շարունակ հայկական տեխնոլոգիական ոլորտն ունեցել է ԱՄՆ կառավարության և համապատասխան կառույցների աջակցությունը, որի արդյունքում ծանրակշիռ է ամերիկյան մասնակցությամբ ընկերությունների թիվը, բազմաթիվ ամերիկյան ընկերությունները դարձել են հայկական տեխնոլոգիական ընկերությունների հիմնական պատվիրատուն և գործընկերը: Ստեղծված իրավիճակը վտանգում է այս բոլոր գործընկերություններին:

______________________________

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Միությունը միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 կազմակերպություն: ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի զարգացմանը, բարենպաստ բիզնես միջավայրի բարելավմանը, այդ թվում` ԴիջիԹեք ցուցահանդես, ԴիջիԹեք բիզնես ֆորում, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, Բիզնես Ինովացիոն ֆորում, ԴիջիՔեմփ ամառային տեխնոլոգիական ճամբար, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությունը, Հայաստանում Ռոբոտատեխնիկայի զարգացման ծրագիրը (ԱրմՌոբոտիքս), ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը և այլն:

 

 

Շուշանիկ Ներսեսյան

ԻՏՁՄ Հանրային կապերի պատասխանատու    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031