Այսօր արդարադատության նախարարությունը Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկում էր կազմակերպել:
Քաղհասարակության ներկայացուցիչները, մասնավորապես՝ «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխնախագահ Սոնա Այվազյանը բավականին կոշտ ելույթ ունեցավ: Նա դժգոհեց, որ կառավարությունը գաղտնի պայմանավորվածություններ է ձեռք բերում Վենեսուելայի ինչ-որ ընկերության հետ եւ նախագիծը ստեղծվել է հանրային շերտի հետ առանց քննարկելու. «Այն երկու ժամը, որ հնարավորություն եք տալիս բողոքարկման դեպքում ծանոթանալու վստահված անձանց, դա բավարար չէ: Ընտրացուցակները հիմնական կեղծարարության գործիքն են ձեր մոտ: Մենք դրա մասին գիտենք, ու խնդրում եմ, հանկարծ չփորձեք ասել, որ դա այդպես չէ: Դրա համար կան բազմաթիվ ապացույցներ տարիներ շարունակ փորձարկված է: Ու քանի որ այդ կրեատիվ միտքը չի ստեղծել այլ ընտրակեղծարարության գործիք, էլի այս գործիքն է գործելու:
Կա այդ համառ դիմադրությունը հրապարակել ստորագրված ցուցակները, ինչը եւս ապացուցում է, որ դա է օգտագործվելու: Միակ ելքը ապացուցելու, որ ազնիվ եք, ցուցակները հրապարակելն է: Չկա որեւէ այլ լուծում, մնացածը պարզապես ուշադրությունը շեղել է: Այնպիսի տպավորություն է, թե մենք մանկական շոուում ենք, որտեղ բացատրում են, թե գունավոր թղթիկների հետ ինչպես ենք խաղալու, այս դակիչն ինչպես է աշխատելու, ինչպիսի ձայնային ելեւէջներ են լինելու, լույսն ինչպես է վառվելու: Այնպիսի տպավորություն է, որ հացի փոխարեն մարդկանց խրախճանք են առաջարկում՝ շեղելու համար»:
Դավիթ Հարությունյանին բարկացրեց «չփորձեք ասել» արտահայտությունը. «Շնորհակալ եմ, որ չասացիք՝ արգելում եմ ձեզ: Ես էթիկայի տեսանկյունից չեմ համարում, որ կոռեկտ է եւ թույլ չեմ տա ինձ նման ձեւով արձագանքել»:
Կարդացեք նաև
Դավիթ Հարությունյանը հորդորեց դետեկտիվ պատմություններ չպատմել, թե Վենեսուելայի ընկերության հետ գաղտնի հանդիպել են, իրենք ազատ են հանդիպումներ ունենալու ու չեն կարող իրենց արգելել դա:
Ինչ վերաբերում է ցուցակներին ծանոթանալու համար հատկացված 2 ժամին, Դավիթ Հարությունյանը հարցրեց՝ ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որ ստորագրված ցուցակներին ծանոթանաք. «Եթե ասեք 2 ժամից ավելի, մենք կասենք, որ դա կարող է ի չարս օգտագործվել»: Նա հորդորեց կրիայի արագությամբ չաշխատել, ընդամենը պետք է ցուցակ բերել ու տեսնելով ստորագրված ցուցակը՝ անունների առաջը դնել պլյուս կամ մինուս, որի համար 2 ժամը բավարար է:
«Մանկական շոու անել որեւէ մեկն այստեղ չի ուզում: Եթե համարում եք, որ էլեկտրոնային սարքը չպետք է դրվի, մենք չենք համարում, որ սա վատ գործիք է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ