Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Շիրակի մարզի զբաղվածության կենտրոնի պաշտոնական էջում բացակայում կոնտակտային տվյալները

Մարտ 11,2016 15:35

«Շիրակի զբաղվածության կենտրոնը պաշտոնական էջ ունի եւ հաճախակի տարածում է այնտեղ ներառված բոլոր աշխատատեղերը, որոնք գործում են Շիրակի մարզում։ Սակայն կոնտակտային տվյալներ կամ հասցե, որով կարող ենք առաջնորդվել եւ գնալ այդ աշխատանքին դիմելու, բացակայում են»,- «Մեդիա կենտրոնում» «Երիտասարդների զբաղվածությունն ու միգրացիոն խնդիրները Շիրակի մարզում. պետական և սոցիալական ծրագրեր ու բարեփոխումներ» թեմայով քննարկման ընթացքում ասաց Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը։

Ըստ նրա՝ դա շատ է խանգարում ուսանողներին եւ նրանց, ովքեր ուզում են աշխատանք գտնել. «Ըստ մեզ՝ պետք է աշխատատեղեր հրապարակող կենտրոնների համար պարտադիր լինի բոլոր կոնտակտների առկայությունը։ Ստացվում է, որ դա լինում է կադրային կենտրոն, որին դու դիմում ես եւ որոշակի տոկոսադրույքով քեզ աշխատանք է առաջարկվում։ Մենք ուզում ենք, որպեսզի Զբաղվածության կենտրոնի վերահսկողությունն ավելի շատ լինի եւ տվյալները պետք է բաց լինեն բոլորի համար»։

Նաիրա Գրիգորյանն ասաց, որ Շիրակի մարզում չի լսել տոկոսադրույքով աշխատանքի տեղավորող կազմակերպության մասին. «Բայց եթե կոնտակտները փակ են, ստացվում է, որ Զբաղվածության կենտրոնը կատարում է կադրային գործակալության աշխատանք։ Եթե Զբաղվածության կենտրոնը չի առանձնանում կադրային գործակալությունից, դա արդեն չի դառնում Զբաղվածության կենտրոն։ Այս դեպքում դու գնում ես կենտրոն, դիմում ես նախագահին, սովորական ուսանողի համար բարձր աշխատավարձերով աշխատանքները փակ են»։

Զբաղվածության պետական գործակալության աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Գագիկ Թորոսյանն, արձագանքելով խնդրին, ասաց, թե փակ լինելու պատճառն այն է, որ շատ գործատուներ, երբ դիմում են գործակալությանը եւ ներկայացնում են թափուր աշխատատեղերն, իրենք չեն դիմում պարզապես մարդ գտնելու համար. «Իրենք դիմում են, որպեսզի մասնակցեն մեր 10 ծրագրերին։ Եթե իրենք ուզենան մարդ գտնել, իրենք դրա խնդիրը չեն ունենա։ Մենք գործատուին միանվագ փոխհատուցում ենք տալիս, 6 ամիս աշխատավարձի որոշակի տոկոս ենք տալիս աշխատողների համար, գործատուների մոտ պրակտիկայի ենք տեղավորում»։

Գործատուն գործակալությանը դիմելով՝ որոշակի ֆինանսական օժանդակություն է ստանում եւ այդ պատճառով ինֆորմացիան շատ ժամանակ փակ է լինում, որպեսզի մարդիկ անմիջապես չդիմեն գործատուին, «փոխարենը դիմեն մեր ծառայությանն, ընտրվի այդ մասնագետը եւ տեղավորվի այդ գործատուի մոտ աշխատանքի»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031