Ազգային ժողովում մարտի 11-ին գումարվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը: Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներ, դիտորդներ:
Սերգեյ Նարիշկինն իր խոսքում անդրադարձավ Սիրիայի խնդրին՝ նշելով, որ միջազգային հանրության աջակցությամբ հնարավոր կլինի արմատախիլ անել բարբարոսական կազմավորումները, որոնք իրենց հռչակում են որպես Իսլամական պետություն. «Ներկայումս մտահոգիչ են Թուրքիայից Սիրիայի ուղղությամբ շարունակվող կրակահերթերը, եւ Թուրքիայի այլ գործողությունները, որոնք ուղղված են ապակայունացնելու իրավիճակը այդ պայթյունավտանգ տարածքում: Եվ Հայաստանը, իր աշխարհագրական դիրքով, լինելով միջազգային լարվածության օջախներին մոտ, հատուկ դեր է զբաղեցնում ՀԱՊԿ-ում, հաշվի առնելով նրա խորհրդարանական փորձը, անվտանգության ապահովման գործում»:
Նա հավելեց, որ գլոբալիզացիայի, ահաբեկչության, միգրացիայի, թմրանյութերի բիզնեսի պայմաններում ՀԱՊԿ-ն առաջարկում է լայնածավալ համագործակցություն նաեւ այլ տարածաշրջանային կազմակերպությունների հետ միասին: Նրանցից յուրահատուկ դեր ունեն ԵԱՀԿ-ն, Շանհայի համագործակցության կազմակերպությունը. «Խորհրդարանական մակարդակում մենք կցանկանայինք ակտիվացնել այդպիսի համագործակցությունը: Այսօր իմ կարծիքով պահանջված են նաեւ համագործակցության այլ ձեւաչափերը, մասնավորապես՝ եվրասիականը, բառի ամենալայն իմաստով»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ