Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում գործազուրկների թվի աճը մի շարք հանգամանքների հետ է կապված

Մարտ 11,2016 15:08

«Շիրակի մարզում աշխատանք փնտրողների աճի հիմնական պատճառներից մեկը, զուտ կապելով միգրացիոն տեղաշարժերի հետ, կարելի է ասել՝ Ռուսաստանի Դաշնությունում եւ ընդհանրապես մեր հարեւան երկրներում ստեղծված բարդ տնտեսական վիճակն է։ Միջին Արեւելքում ստեղծված իրավիճակից բխող ամեն ինչը հանգեցրեց ռուսական տնտեսությունում աշխատատեղերի կրճատմանը, դրամ-ռուսական ռուբլի տատանմանը»,- «Մեդիա կենտրոնում» «Երիտասարդների զբաղվածությունն ու միգրացիոն խնդիրները Շիրակի մարզում. պետական եւ սոցիալական ծրագրեր ու բարեփոխումներ» թեմայով քննարկման ընթացքում ասաց ՀՀ Զբաղվածության պետական գործակալության աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Գագիկ Թորոսյանը։

Նա նշեց, որ միաժամանակ բարձրացրել է նաեւ զբաղվածության կենտրոնների մասին իրազեկվածության աստիճանը։ «Մարդիկ նախկինում պարզապես չէին գրանցվում, չիմանալով կենտրոնների գործունեության մասին, որովհետեւ մանավանդ վերջին մի քանի տարիներին զբաղվածության պետական ծրագրի վերաբերյալ սխալ ընկալում է եղել։ Դա նախկինից է եկել, քանի որ նախկինում տրվում էր գործազրկության նպաստ, մարդիկ դեռ գործակալությունը ընկալում էին որպես նպաստ տվող մարմին»։

Գագիկ Թորոսյանը հայտարարեց, որ իրենց գործակալությունն իրականացնում է զբաղվածության ակտիվ ծրագրեր։ «Մարդիկ սկսել են ավելի շատ դիմել թե գյուղական վայրերից, թե քաղաքի վայրերից։ Ընդհանուր առմամբ գործազրկության մակարդակի աճն այդքան չի ազդել գրանցվածների վրա, որովհետեւ միշտ էլ բարձր է եղել գործազրկության մակարդակը»։

«Վերադարձ եւ պաշտպանություն» սոցիալ-իրավական հ/կ ղեկավար Տաթեւիկ Բեժանյանն էլ նշեց, որ քանի դեռ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ այստեղ չեն կարող գտնել այնպիսի աշխատանք, որը կբավարարեր նրանց կենսապայմաններն ապահովելու համար, բնականաբար՝ մեկնելու են. «Ինչ վերաբերում է միգրացիոն հոսքերին, ապա ես եւս մի խնդիր կավելացնեմ։ Դա 2014-2015 թվականներին ՌԴ-ի միգրացիոն օրենսդրության փոփոխություններն են»։

Ըստ նրա՝ այդ փոփոխությունների արդյունքում մեծ թվով հայեր վերադառնալուց հետո մուտքի արգելքի տակ հայտնվեցին եւ չկարողացան մեկնել Հայաստանից. «Այսինքն՝ դա իրենց կամքից անկախ պայմաններն էին, որ մարդկանց ստիպեցին մնալ Հայաստանում։ Եթե այդ խնդիրը չլիներ, շատ ավելի շատ մարդիկ կգնային Հայաստանից։ Այդ արգելքի սահմանը 1-10 տարի է։ Ռուսաստանում գտնվող 170.000-ից ավելի մեր քաղաքացիները ռիսկի տակ են։ Յուրաքանչյուր պահի, որ իրենք լքեն երկիրը, կարող է հայտնվեն արգելանքի տակ»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031