Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյանը նախարարությանը կրթության համակարգի պահակ որակեց (Տեսանյութ)

Մարտ 11,2016 14:27

Մարտի 11-ին Կրթության եւ գիտության նախարարությունում (ԿԳՆ) կայացած ասուլիսում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ներկայացրեց իր պատկերացմամբ՝ կրթության հիմնական խնդիրները եւ առկա հաջողությունները: Ասաց, որ քանիցս տարբեր առիթներով ներկայացրել է կրթության ոլորտի վերաբերյալ իր հայեցակարգը, ու խնդիրները գիտի ներսից, քանի որ համալսարանում է աշխատել այս տարիներին:

«Կուզենայի հայեցակարգային ներկայացնել կրթության տեսլականը: Կրթության առաքելությունը, որի մասին հաճախ մոռանում ենք, երկրորդը առաքելությունից բխող շղթան է»,-ասաց նախարարը:

«Խոսելով դասագրքերի մասին, ասաց, որ դասագրքաստեղծ գործ, որպես այդպիսին, Հայաստանում չի եղել, դասագրքային ինստիտուտները եղել են Ռուսաստանում, հետեւաբար ունենալ լուրջ ինստիտուտ եւ մասնագետներ ունենալը, ժամանակ է պահանջվում: Կրթության բնագավառը այն բնագավառն է, որտեղ փոփոխությունները երեւում են հինգ-տասը տարի հետո»,- նշեց Լեւոն Մկրտչյանը:

Խոսելով միջազգային կրթական չափորոշիչների մասին ընդհանրապես, նախարարն ասաց. «Չկա միջազգային կրթություն, այդ համակարգի մեջ յուրաքանչյուրը կառուցում է իր կրթությունը: Օրինակ, երբ մենք տիեզերական եկեղեցու սկզբունքներն ընդունեցինք, ձեւավորեցինք մեր տեսակի եկեղեցին, կարողացանք ունենալ մեր տեսակը՝ տիեզերական կրթական չափորոշիչների մեջ: Մենք որոշակի խնդիր լուծել ենք, շղթան կա, բայց կա երկու օղակ, որտեղ չենք կարողանում ինքնահաստատվել, դրանցից մեկը ավագ դպրոցն է: Այն պետք է լինի իր տեսության մեջ: Երեխան ավարտելով ավագ դպրոցը, պետք է ունենա մասնագիտական կողմնորոշում, բայց ցավոք, նույն ծրագրերը շարունակվում են ավագ դպրոցում, այն չի կարողանում շարունակել իր առաքելությունը՝ իր վրա դրված ծանրության պատճառով»:

Նախարարը շեշտեց, որ լինելու են հասարակական եւ մասնագիտական լայն քննարկումներ՝ ավագ դպրոցի վերաբերյալ: Ապա հավելեց. «Ավագ դպրոցի բեռնաթափմամբ, կոնտենտով լցնելու խնդիրը կա, որպեսզի ավագ դպրոցները դառնան իսկապես գերազանցության կենտրոններ»:

Մյուս խնդիրը, ըստ Լեւոն Մկրտչյանի, մագիստրանտական կրթությունն է. «Երբ ուսանողին ասում ես՝ կամ երկու քննություն տուր, կամ դիպլոմային գրի, այստեղ վերջակետ ենք դնում մագիստրանտական կրթության վրա, այն դարձնում նույն բակալավրիական կրթությունը, այսինքն ավելորդ երկու տարի, ու չենք տալիս որակ … Որն է դաշնակահարի կամ ջութակահարի կրթության տարբերությունը բակալավրիատում կամ մագիստրատուրայում, եթե այդ հարցը չի լուծվում: Մագիստրանտական կրթության երկրորդ պրոբլեմն այն է, որ չի կապվում աշխատաշուկայի հետ»:

ԿԳ նախարարը ԿԳ նախարարությունը որակեց կրթության համակարգի պահակ՝ հավելելով. «Բոլոր ուղղություններով մեր վրա գնում է լուրջ ճնշում, պետք է կարողանանք բոլոր ազդեցությունները հավասարակշռել: Թե չէ որ առարկայախմբերի վրա ուժեղ լոբինգ է եղել, դրանք ունեն միջազգային ուժեղ հենարան, ով ունեցել է ուժեղ դաշտ, մտել է մեր ծրագրերի շրջանակ: Օրինակ բնագիտության ոլորտում ունենք շատ մեծ հիմնախնդիր, չէ՞ որ առաձգական չի երեխան…Որ առարկայախմբի հետեւում ուժ է կանգնած, այն սկսում է ծավալվել: Ժամանակին ամենամեծ պոտենցիալն ենք ունեցել բնագիտության մեջ, սակայն առարկայական ծրագրում կորցրել ենք բնագիտական շեշտը»:

Նա այն համոզմունքին է, որ ավագ դպրոցում բեռնաթափում է անհրաժեշտ, երեխան պետք է երկու-երեք առարկայով շարունակի իր ուսումն ավագ դպրոցում: «Մենք պետք է որակը մեխանիկական շարունակությունից տարանջատենք»,-ասում է նախարարը:

Անդրադարձ եղավ նաեւ Կրթության ազգային ծրագրին, առաջիկայում սկսվելու են ոչ միայն այդ նախագծի վերաբերյալ քննարկումներ, այլեւ Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագծի՝ պետք հաշվի առնվեն նաեւ միջազգային պարտավորություններն ու չափորոշիչները:

Կրթության ոլորտի բյուջեի մասին էլ խոսք գնաց: Լեւոն Մկրտչյանը փաստեց, որ 2016 թ բյուջեում ունեն համաչափությունը պահելու հիմնախնդիր, մինչդեռ պետք է լինի ծրագրային բյուջե:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031