Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մինչեւ 2003-ը ընտրացուցակները հրապարակելը մարդու իրավունքների խախտում չէր, հիմա խախտում է

Մարտ 11,2016 14:01

Այսօր արդարադատության նախարարությունը Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված հանրային քննարկում է կազմակերպել: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բողոքեց՝ 48 ժամ առաջ ընտրացուցակները հրապարակվում են, իսկ 48 ժամվա ընթացքում ո՞վ կարող է ստուգել, թե Հեղինե Բիշարյանի անունը քանի տեղ կա. «Էդ ո՞նց է, որ մարդը գալիս է, քվեարկում է, դա գաղտնիք չէ, իսկ ցուցակները, որ մարդը ստորագրել է՝ գաղտնիք է: Սա տունտունիկ չէ: Միակ տեղը, որտեղ թաղված է շան գլուխը, սա է»:

Այս հարցին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Հարցին՝ մինչեւ 2003-ը ընտրացուցակները հրապարակվել են: Ինչո՞ւ այն ժամանակ դա մարդու իրավունքների խախտում չէր, հիմա՝ խախտում է՝ նա պատասխանեց. «Մինչեւ 2003-ը ցուցակները չէին հրապարակվում, ցուցակների մատչելիության հոդվածը միշտ մեկնաբանվել է որպես չստորագրված ցուցակների հրապարակում: Մի դրույթ կար, որը միշտ վեճ էր առաջացնում: Գրված էր, որ դիտորդները, վստահված անձինք կարող էին ծանոթանալ ցուցակներին, բայց հանձնաժողովները երբեք չէին տրամադրում դա: Այս վիճելի հարցի հանգուցալուծումը տրվեց 2003-ից հետո: Օրենսդիրը հստակություն մտցրեց այդ հարցում»:

Հիմա նախագծով թույլատրվում է բողոքարկման դեպքում ծանոթանալ ստորագրված ցուցակներին, բայց միայն քաղվածք հանել, ոչ թե լուսանկարել:

Դավիթ Հարությունյանը վստահեցրեց՝ ցուցակները չեն հրապարակվելու. «Մենք չենք պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերում ամրագրված սկզբունքները, Սահմանադրական դատարանի որոշումը»:

Իսկ այն դիտարկմանը, որ միեւնույն է, մարդը գնում է ընտրության, նրան տեսնում են, ինչպես Արմեն Մարտիրոսյանն ասաց՝ չադրայով չեն գնում, Դավիթ Հարությունյանն այսպես բացատրեց. «Որոշակի դեպքերում քվեարկությանը չմասնակցելը խոսում է մարդու՝ քաղաքական ընտրության մասին: Խոսքը մարդու քաղաքական ընտրությունը չբացահայտելու մասին է: Եթե դուք վստահված անձ եք մի ընտրատեղամասում, դուք կարող եք ներբեռնել այդ ցուցակը: Ձեզ գործիք են տվել, բայց դա միայն նրա համար է, որ կարողանաք անհրաժեշտության դեպքում բողոքարկել արդյունքները: Չպետք է բացահայտեք՝ իրականում մարդը մասնակցել է, թե ոչ: Քվեարկության մասնակիցներին տեսնելը ընտրատեղամասում պաշտոնական տվյալ չէ: Դուք կարող եք գյուղում իմանալ՝ ով քվեարկեց, ով՝ ոչ»:

Հեղինե Բիշարյանը նաեւ մտահոգություն էր հայտնել, թե ինչպե՞ս համոզված լինեն, որ ընտրացուցակները նորմալ են ամրագրվել, լցվել սարքի մեջ:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ պետք է ամեն ինչ վերահսկեն, թե ուզում են, կարող են էլեկտրոնային գրանցումից հրաժարվել, բայց ավելի շատ բան կկորցնենք այդ դեպքում: Պետք է ամեն ինչը գնահատենք դրական ու բացասական կողմերով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031