Ընտրական նոր օրենսգրքով փորձում են շրջանառության մեջ դնել այնպիսի մեխանիզմ, որն առավելագույնս կբացառի կրկնակի քվեարկությունները:
Այս կարծիքին է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա, Ընտրական նոր օրենսգիրքը նպաստում է ընտրական գործընթացում վերացնել թիվ մեկ խնդիր համարվող կրկնակի քվեարկությունները:
«Ընտրողը եկավ տեղամաս, պետք է ընտրություն կատարի կամ նույնականացման քարտով, կամ սովորական, կամ էլ կենսաչափական անձնագրով: Էլեկտրոնային համակարգով էկրանին պարզ երեւում է՝ ընտրողն արդեն կատարե՞լ է ընտրություն, թե՝ ոչ: Համակարգն արձանագրում է քաղաքացու ընտրությունն ու նա այլեւս որեւէ այլ տեղամասում չի կարող նորից քվեարկության մասնակցել: Այս նախաձեռնությունը, որն իրականանալի է, կնպաստի քվեարկության արդյունքների նկատմամբ հանրության վերջնական վստահությանը»,- այսօր «Արմենպրես» ակումբում ասաց պատգամավորը:
Անդրադառնալով քննադատությանը, թե Ընտրական նոր օրենսգիրքն առանց հանրային քննարկման ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, պարոն Հարությունյանը պարզաբանեց. «Հանձնաժողովը խորհրդակցական կառույց է, կարող է որոշ հարցերի վերաբերյալ կարծիք հայտնել, որոնք պարտադիր չեն կիրառման համար:
Կարդացեք նաև
Սահմանադրության ընդունմամբ անցումային դրույթներում կային թեզեր, որոնք հրատապ իրականացման անհրաժեշտություն ունեն, դա ենթադրում է ժամկետային որոշակի սահմանափակումներ, անշուշտ կարելի էր երկարաշունչ քննարկումներ անել օրենսգրքի վերաբերյալ, հետո ուղարկել Վենետիկի հանձնաժողով, բայց հանձնաժողովն ամեն օր չի աշխատում, իսկ Ընտրական նոր օրենսգիրքը պետք է ունենանք հաջորդ ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ: Հետեւաբար, ժամանակային սահմանափակումը ենթադրում էր, որ կարելի էր օգտագործել հանձնաժողովի փորձագիտական կարողություններին զուգահեռ հանրային քննարկումը, ինչը հիմա է տեղի ունենում»:
Պատգամավորը կարեւորեց, որ անհրաժեշտ է՝ Սահմանադրությամբ ամրագրված համամասնական ընտրակարգը իրացնել այնպես, որ քվեարկության արդյունքները առաջացնեն վստահություն: Ըստ նրա, կարեւորն այն չէ, թե քաղաքացին որ կուսակցությանն է ձայն տալու, այլ այն, որ ունենա լիազորված պատգամավոր ԱԺ-ում. «Որ մեր տարածքները չզրկվեն սեփական պատգամավորը խորհրդարանում ունենալուց: Այդ է պատճառը, որ առաջարկել են համամասնական ընտրակարգի մի տարբերակ, որը ենթադրում է նաեւ տարածքներում համամասնական ընտրական գործընթաց: Սա շատ տարածված է Սկանդինավյան երկրներում: Այդ կարգը վկայում է, որ այս կամ այն քաղաքական գործչի դերակատարումը հանրային կյանքում պայմանավորված է ոչ թե կուսակցության ղեկավարության՝ այդ գործչի նկատմամբ պատկերացումներով, այլ այդ գործչի նկատմամբ հանրության վերաբերմունքով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ