Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը պատրաստ է ընդունել ՀԱԿ-ի առաջարկը՝ ստեղծել նոր հանձնաժողով՝ Ընտրական օրենսգրքի համար

Մարտ 11,2016 13:10

«Դուք այն իշխանության ներկայացուցիչ եք, որը հասարակության աչքի առաջ կեղծեց հանրաքվեն՝ կեղծելով կես մլն ձայնից ավել, որը ապացուցվում է վիճակագրական վերլուծությունով, բազմաթիվ ապացույցներ են բերվել: Բայց ժողովուրդն արդեն հոգնած է ընտրությունների կեղծումից: Էս ժողովուրդը ցանկանում է վերջապես ՀՀ-ում ունենալ ազատ եւ արդար ընտրություններ»,- այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկման ժամանակ դիմելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա ասաց, որ ընդդիմության եւ հասարակության հետ միասին պետք է կառավարությունը մշակեր Ընտրական օրենսգրքի հիմնական սկզբունքները եւ քննարկվեին այն առաջարկները, որոնք առանցքային են եւ կարող էին բարձրացնել հասարակության վստահությունը. «Իշխանությունը դեմագոգիայով է զբաղված, ինչ-որ մասնավոր կյանքի պահպանության մասին է խոսում: ՀՀ-ում որեւէ մեկը նման հարց դնո՞ւմ է, հասարակությունը դնո՞ւմ է: Իսկ ընտրությունների վերաբերյալ ժողովրդի վստահությունն ավելի բարձր արժեք չի՞, քան ձեր ասած այդ դեմագոգիան: Ասում ենք՝ ցուցակները մաքրել, ինչու Վրաստանը կարող էր մաքրել, առանձնացնել այն ցուցակները, որոնք մշտապես ՀՀ-ում են, եւ ՀՀ-ից դուրս են: Ինչո՞ւ չէր կարելի տեսախցիկներ տեղադրել, ի՞նչն է պրոբլեմը: Լցոնումները, մարդկանց վրա հարձակումները կարող էին վերացվել դրսով, որովհետեւ ոչ ոք չի ցանկանա տեսախցիկների առաջ ապօրինություն անել:

Դուք հիմա բերել եք այնպիսի վատ օրենսգիրք, որն ավելի վատն է, քան գործողը: Բերել եք ավելի վատը, որ պայքարենք այդ դրույթների համար եւ մոռանանք մեր առանցքային մոտեցումների մասին: Սա խորամանկություն է, խարդախություն է, սա մոտեցում չի: Եթե դուք ուզում եք ապացուցել, որ նպատակն այն է, որ վերականգնվի վստահությունը ընտրական պրոցեսի նկատմամբ, ուրեմն առաջարկում եմ ստեղծել հանձնաժողով՝ 4 հոգի իշխող կոալիցիայի երկու ներկայացուցիչներից, 4 հոգի ընդդիմությունից, 4 հոգի քաղհասարակությունից: Ստեղծենք այդ մարմինը, այդ մարմնում քննարկենք ԸՕ այն հիմնական սկզբունքները, որոնք կհանեն բոլորի մտահոգությունները ընտրական գործընթացի անօրինականության մասին»:

Դավիթ Հարությունյանը կոչ արեց բարոյախրատական ոճը մի կողմ թողնել, ինչ վերաբերում է Զուրաբյանի առաջարկին երկու ցուցակների հետ կապված՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ Վրաստանում դա արել են, որովհետեւ վստահված անձանց թույլատրում էին երկրորդ ցուցակին ծանոթանալ, իսկ ՀՀ-ում ի սկզբանե դա թույլատրել են, երկու ցուցակի խնդիր չկա»:

Իսկ եթե Զուրաբյանի առաջարկած ձեւաչափում չլինի սխալ տոնայնություն, պատրաստ են նաեւ այդ ձեւաչափում քննարկել. «Ուզում եք 4 հոգով, ուզում եք՝ 100+ 4, մեզ համար ընդունելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031