Բրյուսելում տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում ահաբեկչական գործողություն իրականացրած 20-ամյա Բիլալ Հադֆիի թաղման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է Derniere heure լրատվական կայքը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ 20-ամյա ահաբեկչի ընտանիքը ստիպված է եղել սպասել 118 օր՝ մահապարտի մարմինը հողին հանձնելու համար։ Սկզբում ընտանիքը ցանկացել է տղային հողին հանձնել Մարոկկոյում՝ Հադֆիի հայրենիքում։ Այնուամենայնիվ ընտանիքը որոշում է կայացրել Հադֆիին հողին հանձնել Բրյուսելի գերեզմանատներից մեկում՝ մուսուլմանների համար նախատեսված հատվածում։ Թաղման արարողությանը մասնակցել է մոտ 30 հոգի, որոնց անվտանգությունն ապահովել է շրջանային ոստիկանությունը։
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 13-ին ահաբեկիչների 3 խումբ միաժամանակյա գործողություն իրականացրեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և մայրաքաղաքին մերձակա Սեն-Դենիում։ Երեք հոգի պայթեցրին իրենց Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային ընկերական հանդիպումը, մյուս խումբը ահաբեկչություն իրականացրեց Փարիզի հյուսիս-արևելյան թաղամասերի սրճարաններում ու ռեստորաններում, երրորդ խումբն էլ գերի էր վերցրել «Բատակլան» համերգասրահում գտնվող մարդկանց։
Ահաբեկչությունների այս շարքին զոհ գնաց 130 մարդ, վիրավորների թիվը գերազանցեց 350-ը։ Տեղի ունեցածից կարճ ժամանակ անց Փարիզում կատարվածի պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։