Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու «Ուրարտու» ռեստորանի մոտ հնչել էին կրակոցներ: Որպես մասնակիցներ նշվում էր Գյումրու ավագանու նախկին անդամ, Չուբար Զարգարյանի եղբորորդու ու Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող «Բյուզարդ» ռեստորանի տիրոջ՝ Տիգրան Փանոսյանի («Կռուգի Մստի») անունները:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջիններիս միջեւ վիճաբանություն է ծագել աղջկա պատճառով: Բանն այն է, որ Չուբար Զարգարյանի եղբորորդին սիրահարված է «Բյուզարդի» տիրոջ աղջկան, նրան ծաղիկներ է ուղարկել, որն էլ պատճառ է դարձել հաշիվներ մաքրելու:
Նրանք հանդիպել են Չուբար Զարգարյանին պատկանող «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ, վիճաբանել են, մեկը մյուսին հետապնդելու ընթացքում խփել են Զարգարյանի եղբորորդուն պատկանող սպիտակ «Լեքսուսին» եւ դիմել փախուստի: «Լեքսուսը» մնացել էր Խանջյան փողոցում, ոստիկանությունը հայտնաբերել է նաեւ մյուս՝ «Ֆորդ» մակնիշի մեքենան:
Կարդացեք նաև
Մենք պարզաբանումներ ստացանք նաեւ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանից, որն ասաց. «Երեկ Շիրակի մարզային վարչությունում տվյալներ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանային համալիրի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ եւ Խրիմյան Հայրիկ փողոցի վերջնամասում հայտնաբերվել է վնասված վիճակում գտնվող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան:
Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հականիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի շրջանակներում կատարվել եւ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, մասնակից անձանց շրջանակը պարզելու համար: Այս պահին նախաքննությունը շարունակվում է, քրեական գործի շրջանակներում բնականաբար քննության առարկա է դառնալու ԶԼՄ-ներում ու կայքերում տեղ գտած տեղեկատվությունը, որտեղ նշված է, թե կրակոցներ են տեղի ունեցել: Սակայն նշեմ ի գիտություն, որ դեպքի վայրում պարկուճներ, փամփուշտներ չեն հայտնաբերվել»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ «Ցայգ» հեռուստաընկերության