Լուսահոգի Վազգեն Սարգսյանին երբեք «Սպարապետ»-ով չեմ դիմել: Նախ՝ դրա զինվորական առիթը չեմ ունեցել, եւ հետո՝ իրեն այդպիսին չեմ համարել: Մանավանդ որ թաթարից բեթար անկոչ պատերազմի ընթացքում ոչ պակաս տղաներ բացահայտվեցին՝ իրենց ռազմական տաղանդով ու կրակով, ցավոք, շատերն էլի՝ լուսահոգի:
Համ էլ, ինձ թվում է, որ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ ու շարունակեր ծառայել հայրենիքին, իրեն առիթ-անառիթ «սպարապետով» հիշողներին տեղը տեղին կսաստեր:
Ու մի բան էլ կա. հատկապես 1999-ի այն չարաբաստիկ ու արյունաթաթախ օրվանից հետո, առավե՛լ եւս չեմ գործածել «Սպարապետ»-ը: Թող ներեն ինձ հազարավոր իմ հայրենակիցները, ովքեր իրոք ու սրտանց են ասում՝ սպարապետ Վազգեն Սարգսյան: Սակայն ես մի տեսակ շինծու, արհեստական ու պաթոսային երանգ եմ զգում դրանում: Մանավանդ երբ փքուն-վերամբարձ տոնայնությամբ, ինչ-որ ճռճռան հանդիսավորությամբ են արտասանում:
Շատերը շատ բան կասեն: Բայց անկախ դրանից, թե ով ի՛նչ կասի, Վազգեն Սարգսյանը արհեստական չէր, շինծու չէր: Նրա առավելությունը գուցե նաեւ՝ խոցելի հատկանիշն այն էր, որ Վազգեն Սարգսյանն իսկական էր՝ իր ամեն ինչով: Իր բռնկուն խառնվածքով, իր հակասական կերպարով, իր զայրույթով ու իր բարությամբ, երկուսի դեպքում էլ՝ շռայլ, ու բոլոր դեպքերում՝ անկե՛ղծ:
Կարդացեք նաև
Տարիների հեռվից արդեն ինչ-որ տեղ կարեւոր էլ չի թվում՝ ճի՞շտ էր այս մի քայլում, թե՞ սխալվում էր: Կարեւորը անկեղծությունն էր: «Պալիտիկա» չէր խաղում: Հաստատ կիմանար հայտնի կանոնը, թե՝ քաղաքական գործչին լեզուն տրված է մտքերը թաքցնելու համար: Բայց որքան հասցրել եմ նկատել, երբեք այդպես չէր վարվում:
Մտքով անցե՞լ էր, այդպես էլ ասաց. «Թեկուզ 100 տոկոս էլ ստանար, մեկ է…»: Իսկ երբ դրանից մի երկու տարի անց «մարդամեկի» ավտոմեքենան գնդակոծվել էր, դեպքն էլ համարյա որպես դավադրություն էին ներկայացնում, էլի կարճ ու կոնկրետ հասկացրեց, որ այստեղ շատ բան «էն չի»…
Չեմ սիրում, երբ սկսում են շտամպներով խոսել իրական մարդու մասին: Վազգեն Սարգսյանը շտամպ չէր: Ու չի: Իսկ ահա արդեն համարյա 15-16 տարի Վազգեն Սարգսյանին շտամպային առասպել են դարձնում, մի տեսակ՝ անիրական կերպար: Փառաբանում են, բայց փառաբանողներից շատերը երեւի պատմվածքներն էլ չեն կարդացել: Ելույթներն ու հարցազրույցներն էլ, երեւի: Գուցե սխալվում եմ, բայց նման զգացողություն ունեմ:
Ֆետիշացնելով, ասես յուրովի «սեփականաշնորհում» են եւ օտարացնում: Ուզում են կաղապարի մեջ դնել անկաղապարելի մի բան: Մարդու մարդկային նկարագիրը…
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում