«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկման ժամանակ ասաց, որ բազմաթիվ արհեստական սահմանափակումներ կան ե՛ւ դիտորդների հետ կապված, ե՛ւ մասնակցության հնարավորության հետ կապված. «ՀՀ-ում հայ քաղաքացիներն են վախենում ընդդիմադիր կուսակցության ցուցակում լինել: Էդ ազգային փոքրամասնություններին բերել եք ընդդիմադիր կուսակցություններին կպցնում եք, որ ընդդիմադիրներին թույլ չտաք, հա՞ ընտրություններին մասնակցել: Շատ լավ եք անում, որ ազգային փոքրամասնություններին պատգամավոր եք սարքում: Թող ասորիներից 20 պատվիրակ ձեւավորվի, ինչի՞ եք մտցնում ընդդիմադիրների ցուցակ»:
Նա պահանջեց ընտրացուցակների հրապարակում. «Հայաստանում ոչ մեկը չադրայով ման չի գալիս, բոլորի համար էլ հասկանալի է, թե ովքեր են գնում ընտրությունների: Վենետիկի վերջին զեկույցում էլ գրված է, որ դա ցանկալի տարբերակ կլիներ»: Արմեն Մարտիրոսյանը մատների թանաքոտման տարբերակ առաջարկեց:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց, որ նախագծին ծանոթացել է Վենետիկի հանձնաժողովի կայքից: Նա ասաց, որ սա ավելի շատ մեծամասնական համակարգ է:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց, նա ասաց. «Սա զուտ համամասնական է, խառը չէ: Արհեստական սահմանափակումների ես էլ եմ դեմ: Եթե դուք ունեք ավելի լավ լուծում՝ տվեք»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է դիտորդների թվի սահմանափակմանը, Դավիթ Հարությունյանն ասաց, որ իրենք քննարկել են, հնարավոր է մյուս դիտորդներին այցելուների անվան տակ թույլատրեն մասնակցել, բայց նրանցից չի ակնկալվում զեկույցի հրապարակում: Այսինքն՝ դիտարկել ընտրությունը, բայց լռել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ