«Իրատեսի» հյուրը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանն է:
– Պարոն Բաբայան, Դուք առաջարկել եք «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը վերածել երեխաների համար ուսումնական կենտրոնի կամ համաշխարհային օժանդակության թանգարանի։ Ոչ պակաս կարևոր շենք-շինություններ են քանդվել ու քանդվում մեր երկրում, և ամենազավեշտալին ինձ համար այն էր, երբ հայկական լրատվամիջոցները դատապարտող կեցվածքով աղաղակեցին օրեր առաջ Թուրքիայի տարածքում քանդված հայկական հին շինության մասին։ Ինչպե՞ս կորակեք մեր տանն անպատիժ ավերածություններ գործելու և օտարին նույն արարքի համար դատապարտելու իրողությունները։
– Վատ կորակեմ։ Այս բոլոր պատմությունների մեջ բազմաթիվ անհեթեթություններ կան։ Նախ, մեր մեջ ասած, մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում պատմական արժեք։ Հաճախ լսում ենք, թե այս կամ այն շենքը ճարտարապետական արժեք չի ներկայացնում, մշակութային արժեք չի ներկայացնում։ Գոյություն ունի պատմություն, և գոյություն ունի միջավայր՝ կապված այդ շենքերի հետ։ Ես չեմ ուզում մտնել այդ ոլորտը և վիճարկել որևէ շենքի մշակութային, ճարտարապետական արժեք լինել-չլինելու հարցը։ Բայց չէ՞ որ կա պատմական արժեք հասկացությունը։ Եվ այն, ինչ քանդվում է, մեր պատմությունն է, այն պատմությունը, որը պիտի շարունակվեր։
– Ինչպես մեր ոչ ավանդական-հայկական «Կուկուրուզը», որը Երևանի այն տարիների պատմության վկայություններից էր։
Կարդացեք նաև
– Այո՛, կապ չունի, թե ինչպիսի շինության մասին է խոսքը։ Ի դեպ, «Կուկուրուզի» մասին։ Ես հինգ տարի առաջ եղել եմ Չիկագոյում և տեսել ավտոկայանատեղի ու հասկացել, թե որտեղից էր «արտագրված» մեր «Կուկուրուզը»։ Բայց սա չէ խնդիրը։
Փարիզում կար և կա «Ռոտոնդա» սրճարանը, որտեղ ժամանակ են անցկացրել Պիկասոն, Դալին, Կոկո Շանելը, մեր Երվանդ Քոչարը, նույնիսկ Լենինն ու Տրոցկին։ Չեմ կարծում, որ այդ սրճարանը կարող է ունենալ որևէ ճարտարապետական արժեք։ Բայց այդ սրճարանը հարյուր տարի պահվում է նույն ձևով։ Մենք ունեինք այդպիսի հայկական «Ռոտոնդա»՝ «Երևան» հյուրանոցի մոտ, որտեղ լինում էին նույն Երվանդ Քոչարը, Լևոն Ներսիսյանը, բազմաթիվ այլ մեծ հայեր։ Սա մի կղզյակ էր, որի պատմական արժեքը շատ կարևոր էր։ Հիմա այն չկա։ Եվ ինձ համար կատարյալ անհեթեթություն է, երբ ասվում է, թե այս շենքը կտեղափոխենք և մեկ ուրիշ տեղում կստեղծենք հին Երևան։ Սա ինչ-որ արհեստական, անբնական բան է։ Շենքը կարևորվում է այն միջավայրով, որտեղ գտնվել է, որի հետ կապված են մեր հիշողությունները, ուր ես կարող եմ տանել տղայիս կամ թոռանս և պատմել, թե ինչ պատմություններ են կապված այդ տեղի հետ։
Շենքը, շինությունն արժեք են ձեռք բերում պատմության, ժամանակի ընթացքում, այլ ոչ թե միայն այն պատճառով, թե ինչ-որ բացառիկ ճարտարապետական-մշակութային արժեք ունեցող կոթողներ են։ Պատմության արժեքը շատ ավելի կարևոր է։ Մի բան հասկանանք. եթե մեզ՝ հայերիս, վաղն ասեն, որ այս փոքր հանրապետության փոխարեն մեկ ուրիշ տեղ տալիս են ավելի լայն տարածություն, որտեղ կունենանք ավելի մեծ երկիր, կլինենք ծովին մոտ և այլն, և այլն, մենք ի՞նչ պիտի անենք, պիտի համաձայնե՞նք։
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում