Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Մշակութային օջախներն ու համայնքային թանգարանները պետք է հանդես գան հետաքրքիր ու հագեցած ծրագրերով»

Մարտ 11,2016 11:44

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ու սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել են 2015 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությունները, առկա ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Քաղաքապետը մի շարք դիտարկումներ է կատարել:

«Մշակույթի ոլորտում առկա ձեռքբերումներն, իհարկե, նկատելի են ու կարևոր, բայց ակնկալում եմ նաև մշակութային հստակ ուղղությունների առանձնացում, ինչը հնարավորություն կտա համալիր մոտեցում ունենալ այս ոլորտում: Վարչությունը միայն միջոցառումներ կազմակերպող չէ, դուք պետք է հստակ աշխատանք տանեք նաև քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախների, համայնքային ենթակայության թանգարանների ներկայացման ուղղությամբ: Երևանի մշակութային կյանքը աշխուժացնելու համար, բնակիչը նախ պետք է իմանա այս կառույցների տեղը, իսկ մշակութային օջախներն էլ պետք է հետաքրքիր ու հագեցած ծրագրերով հանդես գան»,- նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով մշակութային օջախների պայմանների բարելավմանը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ մոտեցումը լինելու է շարունակական. «Մշակույթի օջախներում զգալի նորոգման աշխատանքներ ենք իրականացրել, ինչը, բնականաբար, նպաստել է դրանց գործունեության ակտիվացմանը. այստեղ ևս շատ կարևոր է, որ բնակիչները լավ տեղեկացված լինեն ստեղծված պայմանների մասին ու իրենց երեխաներին ուղարկեն տարբեր խմբակներում պարապելու: Ավելի հաճախ հանդես եկեք, ներկայացրեք ձեր գործունեությունը, ձեր հաջողությունները»:

Ոլորտում գրանցված ձեռքբերումներից քաղաքապետը կարևորել է նաև Երևանի կենդանաբանական այգում իրականացվող վերակառուցման ծրագիրը. «Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում Երևանն առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ, տարեցտարի ավելի հարմարավետ պայմաններ ենք ապահովում ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար, ինչն իր հերթին նպաստում է նաև զբոսաշրջության զարգացմանը: Ուստի, Երևանն աշխարհին որպես զբոսաշրջային և մշակութային մայրաքաղաք ներկայացնելու հարցում տուրիզմի բաժինը հետևողական աշխատանք պետք է իրականացնի: Այդ համատեքստում անչափ կարևոր է զբոսաշրջային ոլորտի տարբեր կառույցների, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների հետ ձեր համագործակցությունը: Քույր և գործընկեր քաղաքների հետ ևս այս մասով շատ անելիքներ ունեք: 2016թ. ակնկալում եմ համագործակցության շրջանակների ընդլայնում՝ Երևանն աշխարհին ներկայացնելու հարցում»:

Քաղաքապետը նկատել է, որ ոլորտի զարգացման և զբոսաշրջության խթանման հարցում առանձնակի կարևոր դերակատարում ունեն նաև կազմակերպվող տարատեսակ միջոցառումները, որոնց շարքում լավագույններից մեկն էլ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունն է:

«Արդեն այսօրվանից պետք է սկսել լրջորեն նախապատրաստվել «Էրեբունի-Երևան 2800»-ին: Ամեն սերնդի չէ, որ բախտ է վիճակվում նշել իր հարազատ քաղաքի ծննդյան նման հոբելյանական տարեթիվը: Մեր սերնդին այն բաժին է ընկել ու մենք պարտավոր ենք պատշաճ նշել: Սա հրաշալի առիթ է լավագույնս ներկայանալու միջազգային հանրությանը և մեր մշակույթն ու պատմությունը դարձնելու համաշխարհային հետաքրքրության առարկա: Անհարժեշտ են համալիր մոտեցումներ ու լուծումներ: Ըստ այդմ սերտորեն համագործակցեք աշխատակազմի համապատասխան վարչությունների հետ: Քայլեր ձեռնարկեք նաև «Էրեբունի-Երևան 2800»-ի մասին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներով հրապարակումներ ապահովելու, ինչպես նաև տոնի առիթով զբոսաշրջիկների և միջազգային պատվիրակությունների ու այլ հյուրերի ներգրավման ուղղությամբ: «Էրեբունի-Երևան 2800»-ը պետք է դառնա մեր համաքաղաքացիների կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկը, ուստի փորձեք լսել և համախմբել նաև նրանց կարծիքներն ու առաջարկները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Սպորտային կյանքի աշխուժացման մասով քաղաքապետը հանձնարարեց ակտիվացնել հատկապես բակային միջոցառումների կազմակերպումը:

«Հետզհետե վերականգնում ենք Երևանի լավագույն ավանդույթները՝ բակային առաջնությունների, վարչական շրջանների միջև սպորտային տաբեր միջոցառումների անցկացման հետ կապված: Մենք պետք է ամրապնդենք այն, ինչու չէ, նաև համագործակցելով քույր ու գործընկեր քաղաքների հետ, միջքաղաքային ընկերական հանդիպումներ անցկացնենք: Տարեցտարի ավելացնում ենք ֆուտբոլի փոքր խաղադաշտերը, նաև մարզական գույքով ենք համալրում բակերը: Անչափ կարևոր էր նաև վարչական շրջաններում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչը հնարավորություն տվեց այս մարզաձևը ևս զարգացնել ու մասսայականացնել մայրաքաղաքում: Այսօր Երևանում ունենք միջազգային ամենաբարձր պահանջները բավարարող հեծանվահրապարակ, սահադաշտ: Պետք է առավելագույնս օգտագործենք դրանց ընձեռած հնարավորություններն ու բարձր արդյունքներ արձանագրենք համապատասխան մարզաձևերում: Սպորտի բաժնից 2016թ. ակնկալում եմ հստակ ծրագրերի ներկայացում՝ նշված բոլոր ուղղություններով»,- ընդգծել է քաղաքապետը:

 
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031