«Արմենիա» ավիաընկերությունը լավ գովազդով ազդարարեց իր մուտքը հայկական ավիացիոն շուկա: Դեռ մեկ ամիս առաջ «ռումբի» պես պայթեցրեց այն լուրը, որ «Արմենիան» ընդամենը 49 եվրոյով ուղեւորափոխադրում կիրականացնի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ եվրոպական: Օրերս էլ պարզվեց, որ 49 եվրո ավիատոմսը դա մաքուր սակագինն է, տուրքերն ու այլ հարկերը չհաշված, իսկ այդ հարկերն էլ գումարած, ինչպես օրերս վստահեցրել են ավիաընկերության ներկայացուցիչները, ամենաէժան ավիատոմսերը կսկսվեն 90-100 եվրոյից:
«Արմենիա» ավիաընկերության ղեկավարները թեեւ արդեն վստահեցրել են, որ ապրիլի 21-ին առաջին թռիչքը կլինի, եւ կարծես թե պատրաստ են մուտք գործել, ռիսկի գնալ հայկական շուկայում, այնուամենայնիվ, ընկերության բաժնետերերից Թամազ Գաիաշվիլին հայտարարել է, որ կայանալու համար իրենց հարկավոր է Հայաստանի կառավարության աջակցությունը: Ի դեպ, կառավարության աջակցությունն էր խնդրում նաեւ սնանկացման ճանապարհին հայտնված տեղական «Էյր Արմենիան»:
Հայաստանում ներդրված «բաց երկնքի» քաղաքականությունն այնքան էլ Թամազ Գաիաշվիլիի սրտով չէ: Նա լրատվամիջոցներին ասել է, որ ՀՀ կառավարությունը հայերի եւ վրացիների համար պետք է անցումային շրջան սահմանի, մոտ 50 տարի աշխատեն, զարգանան, հետո անցնեն բաց երկնքին. «Եթե պետությունը ցանկանում է պահպանել իր կադրերին եւ ավիացիան, պետք է կանոնակարգի այս ոլորտը: Կառավարությունը պետք է իր համար սահմանի ռազմավարական նշանակություն ունեցող առաջնային թռիչքներ, որոնց իրավունքը պետք է ունենա միայն մեկ ավիափոխադրող: Այս դեպքում է հնարավոր մնալ մրցակցության մեջ եւ սահմանել ավիատոմսերի ընդունելի գներ»: Գաիաշվիլին կարծիք է հայտնել, որ ավիացիան բարդ բիզնես է, եւ այդ բիզնեսում առանց պետության աջակցության դժվար թե մեկը կարողանա ոտքի կանգնել, Հայաստանում լուրջ ավիաընկերություն ունենալ:
Թամազ Գաիաշվիլին այս հարցերը միայն լրագրողների մոտ է բարձրացրել եւ առանց իրենց ավիաընկերության շահավետ գործելու համար խոչընդոտների մասին պաշտոնական քննարկումների մտնում է շուկա: Նա լրագրողներին ասել էր, որ հույսը դնում է Աստծո վրա: Եթե Աստված ասելով Գաիաշվիլին նկատի ունի էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներին, որոնք հաշվի կառնեն նրա առաջարկները, ապա նշանակում է բաց երկնքի քաղաքականությունն արմատապես փոխել:
«Առավոտի» հետ զրույցում էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքականության եւ տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանն ասաց, որ կառավարությունում «բաց երկնքի» քաղաքականության հետ կապված փոփոխությունների հարց բարձրացված չէ. «Այս հարցը բարձրացնել եւ թեման շոշափել՝ կնշանակի հրաժարվել «բաց երկնքի» քաղաքականությունից: Առավել եւս, եթե որոշ ուղղություններով արտոնություններ տրամադրելու մասին է խոսքը գնում, այստեղ մենք որոշակի սահմանափակումներ պիտի մտցնենք՝ տվյալ երկրի հետ համաձայնագրով: Ես նման քաղաքական որոշումից տեղեկացված չեմ եւ կարծում եմ՝ չկա նման բան»:
Կարդացեք նաև
Ի դեպ, «Էյր Արմենիայի» բաժնետեր Արսեն Ավետիսյանն էլ ժամանակին խոսում էր պետական աջակցության մասին: Երեկ էլ մեզ հետ զրույցում Ավետիսյանն ասաց, որ որեւէ տեղական ավիաընկերությանը արտոնություն պետք չէ տալ, ուղղակի միջպետական պայմանագրերով պետք է ստեղծել հավասար պայմաններ՝ տեղական եւ հանդիպակաց ավիափոխադրողի համար: Վաղը, ինչպես վստահեցրեց Ավետիսյանը, պարզ կլինի «Էյր Արմենիայի» ճակատագիրը՝ առողջացման ծրագիրը կամ կհաստատվի, կամ ոչ:
Գաիաշվիլին նաեւ նշել էր, որ վառելիքի, նավիգացիոն ծառայության եւ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գները բարձր են: Այս առնչությամբ Աննա Չոբանյանը վստահեցրեց, որ ուսումնասիրություն են կատարել, ըստ այդմ՝ «Զվարթնոցի» գները նորմալ են, չեն տարբերվում այլ օդանավակայանների գներից, դեռ մի բան էլ շատերից շատ ցածր են. «Ինչ վերաբերում է ավիաընկերության հայտարարությանը, ապա քանի դեռ հարցը չի հնչել հենց էկոնոմիկայի նախարարությունում, դեռեւս խորհրդի միջոցով չենք քննարկել այդ հայտը, ավիաընկերությունն իր այդ առաջարկները դեռեւս մեզ մոտ չի բարձրացրել, ես չեմ ուզում եւ իրավասու էլ չեմ մեկնաբանել իրենց պահանջներն ավիացիոն իշխանություններին»:
Ավիաընկերությունն էկոնոմիկայի նախարարությունից ուղեւորափոխադրում իրականացնելու համար անհրաժեշտ հավաստագիր չի ստացել. Չոբանյանն ասաց, որ ավիաընկերությունը հայտը ներկայացրել է, որոշ պակաս փաստաթղթեր կան, որոնք համալրելուց հետո հավաստագիր տալու հարցը պիտի քննարկվի, ապա՝ կամ հաստատվի, կամ մերժվի: Ավիաընկերությունը օդանավերի շահագործման վկայական է ստացել քաղաքացիական ավիացիայի վարչությունից:
«Արմենիա» ավիաընկերության կողմից առաջարկվող էժան ավիատոմսերի մասին էլ Չոբանյանն ասաց, որ դրանք փաստաթղթային հիմնավորմամբ ներկայացված չեն. «Ես էլ մամուլից տեղեկացա, որ իրենց նշած ցածր սակագնում ներառված չեն հարկերն ու տուրքերը, դրանք էլ պետք է գումարվեն մաքուր սակագնին, մենք պետք է գնահատենք կոնկրետ թռիչքի շահագործման մաքուր սակագինը, հետո հաշվարկ կատարենք՝ ավիաընկերությունն այդ գներով կարո՞ղ է շահավետ փոխադրում իրականացնել, թե՞ ոչ, այսինքն՝ գնահատվի՝ արդյոք ավիաընկերությունը խելամի՞տ սակագին է առաջարկում, թե՞ ոչ»:
Երբ «Արմենիա» ավիաընկերությունը իր մուտքի մասին հայտարարեց եւ գայթակղիչ ավիատոմսերի գին նշեց, Հայաստանում շատերն ուրախացան, թե այլեւս ստիպված չեն լինի Թբիլիսիի օդանավակայանից թռչել ցածր գներով: Սակայն Գաիաշվիլին օրերս խոստովանել է, որ Հայաստանում ավիատոմսերը, այնուամենանյիվ, Թբիլիսիից 20-30% թանկ կլինեն:
Որքան կաշխատի «Արմենիան» եւ արդյոք չի՞ ունենա «Արմավիայի» եւ «Էյր Արմենիայի» ճակատագիրը՝ պարզելու համար երեւի 1-2 տարի պիտի սպասենք, համենայնդեպս, Գաիաշվիլին ու մյուս բաժնետերերը տեղական ավիաընկերությունների սնանկացման պատճառների մասին քաջատեղյակ են: Ու թեկուզ մեր «բաց երկինքը» «Արմենիայի» կայանալու եւ զարգանալու համար լուրջ խոչընդոտ է, այնուամենայնիվ, մտնում է հայկական շուկա:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2016