Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյանը՝ գազի գինն իջեցնել-չիջեցնելու մասին. «Մերոնք Ռուսաստանին լավ չեն ճնշում»

Մարտ 11,2016 14:30

Հաշվի առնելով, որ ռուսական կողմը ձգձգում է եւ այդպես էլ չի պատասխանում ՀՀ կառավարության՝ գազի գնի իջեցման խնդրանքին, կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանը չի էլ պատրաստվում գինն իջեցնել՝ հատկապես, որ նավթի գները սկսել են փոքր-ինչ բարձրանալ:

«Առավոտի» այս հարցին «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը պատասխանեց. «Մենք պետք է բանակցությունները շարունակենք եւ Ռուսաստանին ճնշենք տարբեր կերպ, մերոնք լավ չեն ճնշում, եթե նույնիսկ մեզ չհաջողվի գազի գինն իջեցնել, ուրիշ բանում մենք պետք է ճնշենք, ուրիշ օգուտ կորզենք»:

Գագիկ Մակարյանը կարծում է, որ պետք է լուծումներ գտնենք արտահանման կամ Ռուսաստանի կողմից ներդրումային ծրագրերի դաշտում, որովհետեւ մուսուլմանական հակամարտությամբ պայմանավորված՝ ստեղծված քաղաքական իրավիճակում Հայաստանը դարձել է Ռուսաստանի ներքին դարպասները. «Այդ դարպասների անվտանգությունը պետք է բարձրացվի: Մենք պետք է բարոյապես մի քիչ ավելի շատ ճնշենք ռուսներին ընդհանուր այս երեւույթների մեջ, որ կարողանանք նաեւ շուկաներ կորզել, որովհետեւ Ռուսաստանի կենտրոնական քաղաքներում էկոնոմիկան հիմա լավացել է: Մոսկվայում, եթե նախկինում գործարանները 100 տոկոսով չէին աշխատում, հիմա աշխատում են, որովհետեւ նրանք սկսել են աշխատել ե՛ւ ներքին սպառման, ե՛ւ արտահանման ուղղությամբ: Օրինակ՝ դեպի Հայաստան արտահանումը ուժեղացել է, բայց իրենց մյուս մարզերում վատ վիճակ է, եւ մենք պետք է փորձենք այնտեղ բազաներ ստեղծել, սուպերմարկետներ բացել, դեպի այդ մարզեր մեր արտահանման ծավալները մեծացնել»:

Գագիկ Մակարյանը գտնում է, որ տարբերակներից մեկն էլ այն կլինի, որ Ռուսաստանը Հայաստանում ներդրում կատարի, որպեսզի Հայաստանը Ռուսաստանի ժողովրդի համար արտահանում կազմակերպի. «Այսինքն՝ դուք ներմուծում եք, որ մենք արտադրենք, հետո վաճառենք ձեր ժողովրդի վրա որակով եւ էժան ապրանք»:

Մեր ճշտող հարցին, թե այլեւս անիմա՞ստ է այսքան ամսվա լռությունից հետո ռուսական կողմից ակնկալել գազի գնի իջեցում, Գագիկ Մակարյանն ասաց, որ այդուամենայնիվ՝ պետք է «բանակցությունները շարունակել»:

Ըստ նրա՝ Հայաստանն անընդհատ հայտնվում է ռուսական ռուբլու ազդեցության գոտում, եւ մեզ վրա արտաքին միջամտությունն ուժեղանում է, ինչը «լավ բանի չի բերի». «Ռուբլին էլ կուտակվում է, մենք չենք կարողանում ծախսել»:

Գագիկ Մակարյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե կանխատեսման համաձայն՝ այս տարի որքա՞ն կնվազեն տրանսֆերտները, ինչի հետեւանքով էլ կրկին կբարձրանա աղքատության ցուցանիշը: Նկատենք, որ 2015 թվականի աղքատության ցուցանիշը դեռեւս չի հրապարակվել, սակայն, մասնագետների գնահատականով, այն 2014-ի համեմատությամբ ավելի բարձր կլինի: 2014-ին պաշտոնական ցուցանիշով աղքատությունը կազմել է 30 տոկոս:

«Աղքատությունը պաշտոնապես 30 տոկոս է, ոչ պաշտոնականը կրկնակի ավելի է, ինչ վերաբերում է տրանսֆերտների քանակին, ապա վերջին ամփոփումների համաձայն՝ դրանք երկու անգամ պակասել են. եթե մեկուկես միլիարդ էր կազմում, ապա կարող է իջնել՝ հասնելով 700-800 միլիոն դոլարի մակարդակի: Աղքատությունը շատ կավելանա, որովհետեւ ընտանիքների մեծ մասը, հատկապես՝ համայնքներում ապրում են տրանսֆերտների հաշվին, նրանք համարյա աշխատանք չունեն, եւ այդ ընտանիքի գոյությունը տրանսֆերտների հաշվին էր կատարվում, հիմա եթե դա չլինի, ինքը խորը աղքատության մեջ կհայտնվի»,- ասաց պարոն Մակարյանը:

Մեր այն հարցին էլ, թե ինչպես է գնահատում ֆինանսների նախարարությունից Պետական եկամուտների կոմիտեի առանձնացումը, Գագիկ Մակարյանն ասաց, որ սույն որոշմամբ ազդեցության գոտիների բաշխում եղավ. «Ֆիննախը կզբաղվի քաղաքականությամբ եւ բարեփոխումների պատրաստվելով եւ որպես ֆինանսների նախարարություն՝ կտնօրինի ծախսերն ու եկամուտները, իսկ ՊԵԿ-ը, որպես ինքնուրույն մարմին, ձերբազատված կլինի եւ կաշխատի ավելի սկզբունքային մոդելով»:

Թե ինչ կտա մեր երկրին Իրանի հետ համագործակցությունը, որն ընդլայնելու հեռանկարներ են բացվել այս երկրի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հետեւանքով, տնտեսագետ Մակարյանն ասաց, որ Հայաստանը կարող է Իրանի միջոցով զարգացնել Հայաստանում քիմիական արդյունաբերությունը, քանի որ Իրանը շատ հարուստ է բնական ռեսուրսներով. «Իրանը ոչ միայն նավթով, գազով, այլ նաեւ մետաղներով է հարուստ, նա ունի պղնձի խոշոր արտադրության գործարաններ, ցեմենտի գործարաններ, նավթի վրա կառուցված հզոր քիմիական արդյունաբերություն:
Ցավոք սրտի, էներգետիկայի նախարարությունը սպանեց քիմիական արդյունաբերությունը, բայց «Նաիրիտով», Վանաձորի «Քիմպրոմով» կարելի է վերականգնել դրանք եւ նաեւ առաջավոր տեխնոլոգիաներ կիրառել քիմիական արդյունաբերության մեջ: Հայաստանում կա ֆիզիկայի կամ բիոլոգիական ինստիտուտներ, որոնք դեռ ունեն լավ պատենտներ, գյուտեր կամ տեխնոլոգիաներ, կարելի է դրանք զարգացնել իրանական ներդրումներով համատեղ:

Կամ համատեղ զարգացնել գյուղատնտեսական ոլորտին վերաբերող քիմիական արդյունաբերություն: Կա պարարտանյութերի, դեղաբույսերրի նոր, շատ մեծ տեսականի, որոնք ավելի ուժեղ են եւ անհրաժեշտ են նոր տիպի միջատների ու նոր տիպի կրծողների դեմ պայքարելու համար»,- գտնում է Գագիկ Մակարյանը: Ըստ մեր զրուցակցի՝ Իրանն ինքն էլ գլոբալ շուկաներ մուտք գործելու խնդիր ունի, քանի որ այս երկրում մենեջմենթի, բանակցությունների մշակույթը շատ թույլ է՝ նրա նկատմամբ տարիներ ի վեր կիրառվող պատժամիջոցներով պայմանավորված. «Իրանցիներն իրենք տեղով փակ ազգ են եւ ավելի վատ են բանակցում, իսկ դրան գումարվել է վերջին տարիների անփորձությունը, որ իրենք ուղղակի կտրվել են գլոբալ շուկաներից, այդ պատճառով Հայաստանը կարող է օգտակար լինել Իրանին՝ ներդրումներ կատարող ընկերությունների գրասենյակները բացելով մեր երկրում:

Արտադրությունները թեկուզ լինեն Իրանում, բայց գլխամասը լինի Հայաստանում, եւ այդ դեպքում ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ Մաքսային միության հետ կարող է շփումը լինել, որովհետեւ Իրանը դեռ, այսպես ասած, վերուվարների մեջ է: Մե՛կ սանկցիաներից ազատվում է, մե՛կ կրկին խոսք է գնում սանկցիաներ կիրառելու մասին, այսինքն՝ այդ կամուկաց վիճակը միշտ անհանգստություն է առաջացնում տեղացի կամ եվրոպական տնտեսվարող սուբյեկտների մոտ: Իսկ այդ առումով Հայաստանն ավելի կայուն է, եւ բարձրագույն մենեջմենթը Հայաստանում տեղավորելը ձեռնտու է»:

Պարոն Մակարյանը նաեւ կարծում է, որ Հայաստանը պետք է շուտափույթ բանակցություններ սկսի Իրանի կառավարության հետ, որպեսզի ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը հանվեն եւ էքսկլյուզիվ գներ դրվեն, որովհետեւ Հայաստանի շուկան փոքր է, արտադրական ծավալները փոքր են, եւ նա չի կարող տեղի արտադրողների համար իրանական շուկայում անհավասար մրցակցության մեծ խնդիրներ առաջացնել: Նրա խոսքով՝ Իրանը ներքին շուկան պահպանելու համար ներկրվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքեր է սահմանել. «Եթե դա հանվի, այդ 72 միլիոնանոց շուկան կգումարվի Հայաստանին եւ միանգամից կդառնա 75 միլիոնանոց շուկա, դա արդեն Ռուսաստանի կեսն է»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
10.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031