Լրահոս
Օրվա լրահոսը

«Քինգ դե լյուքսը» կտուգանվի. հնարավոր է՝ զրկվի լիցենզիայից

Մարտ 11,2016 14:00

Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան երթուղագիծը սպասարկող «Քինգ դե Լյուքս» ուղեւորափոխադրող ընկերության գործերի վատթարացման պատճառով հազարավոր քաղաքացիներ զրկվել են տրանսպորտից: Արդեն տեւական ժամանակ է, ինչ Չարենցավան-Երեւան երթուղու եւ Աբովյան-Երեւան թիվ 259 ավտոբուսները չեն աշխատում: Նշված երթուղիները սպասարկում է «Քինգ դե Լյուքսը», որը պատկանում է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու եւ գործարար Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին: Այս ընկերությանը պատկանող ավտոբուսները բանկերին կուտակած պարտքերի պատճառով կալանքի տակ են:

«Առավոտին» դիմած աբովյանցիներն ասում են, որ թիվ 259 ավտուբուսի երթուղագիծը միակն է, որ մայրաքաղաք է հասնում Կոմիտաս փողոցով, ու շատերի համար հարմար երթուղագիծ է. «Աբովյանից Երեւան եկող այլ ուրիշ ավտոբուսներ էլ կան, բայց դրանք մետրոյի «Երիտասարդական» կայարան են գնում, ու շատերիս հարմար չեն, բայց ստիպված օգտվում ենք, ուրիշ ճար չունենք: Թիվ 259-ը միշտ լիքը ուղեւորներով էր շարժվում, պիտի որ խնդիր չունենար»: Եթե աբովյանցիներն այլընտրանք ունեն, ապա չարենցավանցիները ստիպված են տաքսիներից օգտվել, որն ի տարբերություն ավտոբուսների՝ բավականին թանկ է:

«Քինգ դե լյուքսը» սնանկացման ճանապարհին է, արդյոք կկարողանա՞ միջոցներ գտնել եւ շարունակել սպասարկել երթուղիները՝ փորձեցինք պարզել Արթուր Հարությունյանից, որը, սակայն, մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Տրանսպորտի եւ կապի նախարարության փոխադրումների բաժնի պետ Դավիթ Մելքոնյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենք երթուղիների սպասարկումից հրաժարվելու մասին «Քինգ դե լյուքսից» դիմում չեն ստացել. «Միեւնույն ժամանակ, քանի որ երթուղին չի աշխատում, վերահսկողական ծառայություն իրականացնող տրանսպորտային տեսչության կողմից ուսումնասիրություն է իրականացվել, համապատասխան վարչական վարույթ է կազմվել: Փոխադրող ընկերությունը զգուշացվել է՝ խախտումը վերացնել օրենքով սահմանված ընթացակարգով եւ ժամկետում»: Պարոն Մելքոնյանի վստահեցմամբ՝ երբ խնդիրը վերացնելու համար տրված ժամկետը լրանա, տեսչությունը կրկնակի վերահսկողական աշխատանքներ կիրականացնի, եւ եթե պարզվի, որ երթուղին նորից չի սպասարկվում, ապա, ինչպես օրենքն է սահմանում, փոխադրող ընկերությունը կզրկվի երթուղին սպասարկելու իրավունքից: Այս գործընթացից հետո, ըստ Մելքոնյանի, կհայտարարվի կրկնակի մրցույթ. «Այդ ընթացքում կփորձենք բանակցել այլ ընկերությունների հետ, հնարավոր է՝ գտնենք երթուղիների ժամանակավոր սպասարկման միջոց, մինչեւ նոր մրցույթի անցկացումը»:

Նախարարության պաշտոնյան ասաց, որ «Քինգ դե լյուքսի» սնանկացման մասին դատարանի վճիռ չեն ստացել, ուստի քանի դեռ չկա վճիռ եւ երթուղուց հրաժարվելու դիմում, նախարարությունը առայժմ չի կարող նրան զրկել սպասարկման իրավունքից:
«Ընկերությունը կամ կկատարի պարտավորությունները եւ կենթարկվի վարչական պատասխանատվության՝ կտուգանվի, կամ եթե չկատարի, ապա կզրկվի երթուղին սպասարկելու իրավունքից»,- ասաց Մելքոնյանը: Նա նաեւ հավաստիացրեց, որ նշված երթուղիները լավ էլ շահութաբեր են:

Նշենք, որ «Քինգ դե լյուքսը» չի կարողանում կատարել «Առեքսիմբանկի» եւ «Պրոմեթեյ» բանկի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունները, ուստի ընկերության ավտոբուսները կալանքի տակ են:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Չարենցավանի եւ Աբովյանի քաղաքապետերը դիմել են նշված բանկերին եւ խնդրել մինչեւ խնդիրը կարգավորվի եւ կամ նոր մրցույթ հայտարարվի, «Քինգ դե լյուքսին» պատկանող ավտոբուսները տրամադրել որեւէ ընկերության՝ ժամանակավոր փոխադրում իրականացնելու համար: Բանկերից, կրկին ըստ մամուլի հրապարակումների, բանավոր վստահեցրել են, որ կփորձեն անել ամեն ինչ՝ խնդիրը լուծելու համար:

Հիշեցնենք նաեւ, որ «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդներն ու տնօրենը 1-2 տարի առաջ բողոքում էին, որ Գագիկ Ծառուկյանի՝ Աբովյա-Երեւան եւ հակառակ ուղղություններով անվճար ավտոբուսները վնասում են իրենց գործին: Բարձրացված աղմուկից հետո ուղեւորներին անվճար տեղափոխող ավտոբուսների քանակը կրճատվեց:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031