Ոստիկանության աշխատակից Գեւորգ Մարդոյանի նկատմամբ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բերման որոշում էր կայացրել մարտի 2-ին:
Երեկ դատավոր Վարդան Աբրահամյանն իր զարմանքն արտահայտեց, որ ոչ միայն բերման որոշումը չէր կատարվել, այլեւ ոստիկանության համապատասխան բաժինը անպատասխան է թողել, թե ինչո՞ւ, ի՞նչ հիմքերով չի կատարվել այդ որոշումը:
Նշեմ, որ այս ոստիկանը շտապօգնության մեքենայով «Արմենիա» տեղափոխած հիվանդի՝ Հարություն Մկրտչյանի դեմ ցուցմունք է տվել, ինչի արդյունքում նա ճանաչվել է տուժող: Ըստ մեղադրանքը պաշտպանող դատախազի՝ Է. Արամյանի, անհրաժեշտ է, որ տուժողը գա դատարան, ուստի երեկ դատախազը վերահաստատեց իր ասածը:
Հարություն Մկրտչյանի պաշտպաններից Սերգեյ Աբրահամյանը միջնորդեց, որպեսզի եւս մի անգամ դիմեն ոստիկանությանը, անպայման նշելով, որ ոստիկանության համապատասխան բաժնից պատասխան չի ստացվել:
Դատարանը նման պայմաններում անհնար համարեց շարունակել դատական նիստը եւ հետաձգեց այն՝ նշանակելով մարտի 16-ին:
Կարդացեք նաև
Ամբաստանյալներն այս գործով երկուսն են՝ Հարություն Մկրտչյանն ու Արգիշտի Գոմցյանը: Հարությունը կալանավորված է, եւ պահվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա պաշտպանությունն իրականացնում են Վահագն Մանուկյանն ու Սերգեյ Աբրահամյանը: Արգիշտի Գոմցյանի պաշտպանությունն իրականացնում է Խաչատուր Խաչատրյանը: Նրա նկատմամբ կիրառված է այլընտրանքային խափանման միջոցը՝ գրավը:
Այս գործով մեղադրանքի հիմքում դրված է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելը: Տվյայ դեպքում՝ ոստիկանների, որոնք «Արմենիա» բուժկենտրոն են կանչվել տեղի անվտանգության աշխատակիցների կողմից՝ հիվանդին «վնասազերծելու» նպատակով: Դատական պրակտիկայում առաջին դեպքը չէ, երբ տուժող ճանաչված ոստիկաններն անհասկանալի վարքագիծ են դրսեւորում, չեն ներկայանում դատարան: Այն դեպքում, երբ վիճարկվում է նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հարցը:
Այս տուժողը դատարան գալով՝ պետք է նաեւ հիմնավորի, թե ինչպես է, որ հիվանդը, որը կաթիլայինը միացնելուց վայրկյաններ անց վատացել է, ստացել է 20-ից ավելի մարմնական վնասվածքներ, իսկ Արգիշտին էլ, որը ընկերոջը շտապօգնության մեքենայով էր տեղափոխել, ստացել է 10-ից ավելի վնասվածք մարմնի վրա:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
նկարները՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
10.03.2016