Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ հանդիպելով՝ ինձ եմ հանդիպում»

Մարտ 11,2016 13:00

Ռիլկեի, Պաստեռնակի եւ Ցվետաեւայի նամակները՝ մեկ գրքում

Լույս է տեսել մի հրաշալի նամականի՝ «Ձայներ Մենությունից» խորագրով, որն ամփոփում է Ռիլկեի, Պաստեռնակի եւ Ցվետաեւայի նամակները: Գրքի խմբագիրը Հակոբ Մովսեսն է, նամականին կազմել եւ թարգմանել է Կարինե Մեսրոպյանը: «Ամեն ինչ, եթե գիր է, նամակ է. ամեն ինչ նամակագրի հոգուց թռչելով՝ հասցեատեր է որոնում: Ամեն գիր մի երազանք ունի՝ ավելի ու ավելի մոտ լինել՝ ով գիտի, որ գզրոցներում, որ դարակներում աչքից հեռու պահվող Բնագրին: Թեեւ բանաստեղծությունները նույնպես նամակներ են, սակայն նրանք արվեստի շղարշով եւ անանձնականության միտմամբ համենայն դեպս ինչ-որ կերպ էլի զատված են Բուն Գրից: Եվ ուրեմն, նամակները գուցե եւ ավելի մոտ են Բնագրին»,- գրքի առաջաբանում գրել է Հակոբ Մովսեսը: Թարգմանչի խոսքով, Հակոբ Մովսեսի խոսքը հրաշալի մուտք է դեպի նամակների աշխարհ ու յուրատեսակ նամակ՝ ուղված Ռիլկեին, Պաստեռնակին եւ Ցվետաեւային:

Նամականու թարգմանիչ Կարինե Մեսրոպյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ գիրքը 5 տարվա աշխատանքի արդյունք է: «Նամակի ժանրը ինձ միշտ հետաքրքրել է, միշտ հետաքրքրել է, թե ինչքան է նամակագրի հոգու թռիչքը: Ինչ վերաբերում է Ցվետաեւային, իրեն շատ եմ սիրում, իր բանաստեղծությունները միշտ եղել են իմ սեղանին: Երբ առաջին անգամ ձեռքս ընկավ նամակների գիրքը, կարդացի ու մտածեցի՝ այս ի՜նչ աշխարհ է, այս պարագայում այդ նամակները նամակագրության ժանրին չէին համապատասխանում, բարձր, վեհ մարդկանց աշխարհից էին: Տարիներ շարունակ մտածում էի դրանք թարգմանելու մասին: Այնպես որ, միանգամից չեմ հանգել դրան, ժամանակ առ ժամանակ անդրադարձել եմ ու նամակները հավաքել տարբեր տեղերից: Կոնկրետ այս գրքում երկու գրքերից ու տարբեր ամսագրերից հավաքված նամակներ են: Ես շատ բծախնդրորեն եմ աշխատել ու ազատականություն երբեք չեմ արել, նույնիսկ փորձել եմ հավատարիմ մնալ իրենց կետին, ստորակետին ու գծիկին: Գիտակցում էի, որ անգամ օժանդակ բայի փոփոխությունը կարող է երանգի փոփոխության բերել: Աշխատանքի ընթացքում ինձ շատ է օգնել այն հանգամանքը, որ անընդհատ կարդացել եմ իրենց գրականությունը, իրենց մեջ եմ եղել մինչեւ թարգմանությունը: Հատկապես սիրում եմ Ռիլկեին, որի հետ 30 տարի «ճանապարհ» եմ անցել: Մի խոսքով, փորձել եմ ոսկերչական աշխատանք անել, թե ինչքանով է հաջողվել, ընթերցողը կասի»,- նշեց տիկին Մեսրոպյանը:

Մեր զրույցի ընթացքում նա անդրադարձավ նաեւ 20-ական թվականներին, երբ Պաստեռնակը ճգնաժամի մեջ էր, գրել չէր կարողանում: Նա համարում էր, որ հեղափոխությունից հետո գրականությունն ուրիշ կերպ պետք է լինի, անցել են քնարական բանաստեղծության ժամանակները, իր գրածներն էլ ոչ կարեւոր բաներ են: Եվ միակ մարդը, որ ոգեշնչել է նրան, Մարինա Ցվետաեւան էր: «Ցվետաեւան անընդհատ ոգեշնչում էր Պաստեռնակին, առաջին քննադատն ու ընթերցողն էր: Հենց Ցվետաեւայի ոգեշնչմամբ ինքը սկսեց վերստին հավատալ իր ուժերին եւ աշխատել: Իրենք մեկը մյուսին այդպես օգնում էին, ու արդյունքում ծնվեցին Բորիս Պաստեռնակի լավագույն պոեմները՝ «905 թվականը», «Լեյտենանտ Շմիդտը»: Ցվետաեւան ու Պաստեռնակը սիրում էին Ռիլկեին, ուզում էին տեսակցության գնալ: Պաստեռնակը, սակայն, համարում էր, որ պետք է գրի իր լավագույն գործը եւ նոր ներկայանա իր ուսուցչին: Ցավոք, հանդիպումը չկայացավ, բայց մնացին այս հրաշալի նամակները, ու ինքը հետագայում Ռիլկեին նվիրված հետմահու նամակ գրեց»,- ասում է Կարինե Մեսրոպյանը:

«Ձայներ Մենությունից» խորագրով գրքում եղած նամակներն արժի կարդալ վայելելով, կտոր-կտոր, կարդալ ապրելով: Դրանք իսկապես անսովոր նամակներ են:
«Դուք առաջին բանաստեղծն եք, որին կյանքում տեսնում եմ: Եվ ես նույնքան հանգիստ երաշխավորում եմ Պաստեռնակի վաղվա օրը, ինչպես Բայրոնի երեկվա օրը: Ի դեպ, հանկարծակի փայլատակում, Դուք երկար եք ապրելու, Ձեզ մեծ վերելք է սպասվում, միայն թե աշխատեք իշխանությանը քար չնետել…Դուք միակն եք, որի ժամանակակիցը կարող եմ համարել ինձ եւ ուրախությամբ, ի լուր ամենքի, հայտարարում եմ…Դա նույնպես հրաժարումով կարդացեք, ինչպես ես եմ այդ գրում. Դա ո՛չ Ձեզ է վերաբերում, ոչ էլ ինձ, ես մեղավոր չեմ, որ Դուք 100 տարի առաջ չեք մահացել, դա արդեն համարյա անձնական է, եւ Դուք դա գիտեք: Մեղքերը խոստովանում են ոչ թե քահանային, այլ Աստծուն: Խոստովանում եմ (չեմ զղջում, բայց կարծես ուզում եմ) ոչ թե Ձեզ, այլ Ոգուն, որ Ձեր մեջ է: Այն ավելի մեծ է, քան Դուք, եւ նման բաներ շատ է լսել: Դուք այնքան մեծ եք, որ նրան չեք խանդի…»,-այս նամակը Մարինա Ցվետաեւան Բորիս Պաստեռնակին 1923 թվականին է գրել: Նաեւ շեշտել, որ միայն նրա ձեռքից Աստվածաշունչ կընդունի: 3 տարի անց գրված մեկ այլ նամակում էլ խոստովանել է. «Ես քեզ հետ չէի կարողանա ապրել ոչ թե քեզ չհասկանալու, այլ հասկանալու պատճառով: Տառապել ուրիշի ճշմարտացի լինելուց, որ միաժամանակ իմն է, տառապել ճշմարտացի լինելուց… Այդ նվաստացմանը չէի դիմանա… Մինչեւ այսօր տառապել եմ միայն անարդարացի լինելուց. միայն ես եմ արդարացի եղել, եթե անգամ հանդիպել են նման բառեր (հազվադեպ) ու ժեստեր (ավելի հաճախ), ապա շարժիչ ուժը միշտ եղել է մի այլ բան: Բացի դրանից Քոնը քո մակարդակին չէ՝ բոլորովին քոնը չէ, ավելի քիչ է քոնը, քան հակառակը: Քեզ հանդիպելով՝ ինձ եմ հանդիպում՝ իմ իսկ դեմ ուղղված սուր ծայրերով»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել