ԼՂՀ անկախությունը ճանաչեց ԱՄՆ-ի վեցերորդ նահանգը
Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի խորհրդարանը ընդունեց բանաձեւ, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ միջազգային հանրությանը կոչ է անում «պատշաճ ճանաչում տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարության»: Թիվ 1580 բանաձեւի նախագիծը նահանգի Ներկայացուցիչների պալատին ներկայացնելու նախաձեռնությունը գլխավորել են Դեմոկրատական կուսակցությունից խորհրդարանականներ Փաթ Գարդները եւ Դեմեթրիուս Դուգլասը: Նախագծի օգտին են քվեարկել նահանգային խորհրդարանի թե՛ դեմոկրատ եւ թե՛ հանրապետական պատգամավորներ:
ԱՄՆ Ջորջիա նահանգը ԼՂ անկախությունը ճանաչած ամերիկյան 6-րդ նահանգն է՝ Կալիֆոռնիայից, Լուիզիանայից, Մեյնից, Մասաչուսեթսից եւ Ռոդ Այլենդից հետո: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հարգելու ու ճանաչելու» մասին H.R. 1580 բանաձեւն ընդունվել է` հաշվի առնելով, որ ԼՂՀ-ն իր անկախությունը հռչակեց 1991թ. դեկտեմբերի 10-ին` երկար պայքարից հետո, որը որոշակի առումներով շարունակվում է ցայսօր, եւ նրա ինքնորոշման տեւական պահանջը ոգեշնչեց տարածաշրջանում ապրող բազմաթիվ ժողովուրդների եւ նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը հանդիսացավ, որ ԼՂՀ ժողովուրդը վերջին երկու տասնամյակների ընթացքում հաստատակամություն եւ տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների եւ հսկայական դժվարությունների պայմաններում, ԼՂՀ-ն ավելի քան քսան տարի հավատարիմ է իր քաղաքացիներին՝ պահպանելով իր անկախությունը եւ, միաժամանակ, ջանքեր գործադրելով՝ փոփոխելու եւ կայունացնելու Կովկասյան տարածաշրջանը ու անցկացնելով ազատ ու անկախ ընտրություններ եւ հանրաքվեներ, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են որպես օրինակ տարածաշրջանի համար, որ միջազգային դիտորդները, այդ թվում ԱՄՆ-ը, գնահատել են 2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունները որպես ազատ եւ թափանցիկ: Ըստ այդմ, ներկայացուցիչների պալատը իր հարգանքն է արտահայտում ԼՂՀ-ի ու նրա քաղաքացիների նկատմամբ, կոչ է անում միջազգային հանրությանը համարժեք կերպով ճանաչել ԼՂՀ-ն` որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարություն:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ Ջորջիա նահանգի՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու փաստին՝ նկատել է, որ դա եւս մեկ մեծ հաղթանակ է. «Սա իրոք մեծ ձեռքբերում է, որ ԱՄՆ բավական յուրահատուկ նահանգներից մեկը, որը որ ԱՄՆ հիմնադիր նահանգներից մեկն է, ճանաչում է Արցախի Հանրապետությունը»: Ըստ Դ. Բաբայանի` «Ի տարբերություն մեր հակառակորդների՝ մենք դրամական միջոցներ չենք ծախսում, այս հաջողությանը հասել ենք հակառակորդների կողմից հակաքարոզչության վրա ծախսվող միլիոնավոր փողերի, ճնշումների եւ այլ դրսեւորումների ներքո: Չափազանց կարեւոր է նաեւ Ջորջիա նահանգի պետական կառույցների եւ հասարակության կամքն ու սկզբունքայնությունը։ Մենք շնորհակալ ենք Ջորջիայի ե՛ւ նահանգային իշխանություններին, ե՛ւ ժողովրդին, որ եղբայրության, մարդասիրության քայլ դրսեւորեցին՝ ճանաչելով մեր հանրապետությունը»:
Կարդացեք նաև
Չճանաչված, բայց արդեն որոշակիորեն ինքնուրույն
Թեեւ ԼՂՀ անկախությունը ճանաչեց արդեն ԱՄՆ 6-րդ նահանգը, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում այսպես էր արձագանքել. «Նահանգային օրենսդիր մարմինների որոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պարտադիր ուժ չունեն եւ պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ արտաքին քաղաքականությունը»:
ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ԼՂ կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ մյուս երկրներինը` Ֆրանսիայինն ու Ռուսաստանինը, հայտնի է. որպես հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդ պետություններ` նրանք ձգտում են կողմերի համար նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը փոխզիջումներով հասնեն խաղաղ կարգավորման: Հենց այս համատեքստում էլ Ուորլիքը հարկ է համարել արձագանքել Ջորջիա նահանգի խորհրդարանի կողմից բանաձեւի ընդունմանը:
Սակայն Միացյալ Նահանգներն իր քաղաքականությամբ ապացուցել է, որ ԼՂՀ-ն Կովկասյան տարածաշրջանի, թեկուզ չճանաչված, բայց, այնուամենայնիվ, որոշակիորեն ինքնուրույնություն դրսեւորող միավոր է համարում: ԱՄՆ է հրավիրվել ԼՂՀ ղեկավարությունն ու տպավորիչ ընդունելությունների արժանացել: Հարկ է նաեւ հիշեցնել, որ օրինակ` 1998-2015թթ. ամերիկյան պետական ամբողջ օգնությունը Ստեփանակերտին կազմել է 44.5 միլիոն դոլար:
Պակաս կարեւոր չեն այն գործընթացները, որոնք վերջին ամիսներին տեղի են ունենում ԱՄՆ-ում` ընդդեմ ալիեւյան ռեժիմի: Ադրբեջանի էներգետիկ նշանակության հետ հաշվի նստելով հանդերձ՝ այնուամենայնիվ, Արեւմուտքը հարկ եղած պահին խիստ քննադատում ու պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի իշխանություններին: Եվ չնայած այն գումարներին, որոնք Ալիեւի իշխանությունը ծախսում է` ընդդեմ Ադրբեջանի գործընթացները կանխելու նպատակով, այդուհանդերձ՝ ալիեւյան ռեժիմի բնույթն այլեւս պարզ է բոլորի համար:
Այս օրերին Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին օրենքի նախագիծը աջակիցներ է հավաքում։ Ինչպես հաղորդեց օրերս «Ազատություն» ռ/կ-ն` ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը հայտնել էր, որ չորս կոնգրեսականներ, այդ թվում՝ Մագնիտսկու հայտնի օրենքի հեղինակ Ջիմ ՄըքԳովերնը, միացել են «Ադրբեջանում ժողովրդավարության ակտ» օրինագծին, որով նախատեսվում է անհատական պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների դեմ, ովքեր մասնակցել են լրագրողների, ակտիվիստների եւ ընդդիմադիր ու կրոնական խմբերի ներկայացուցիչների քաղաքական հետապնդումներին: Հիշեցնենք, որ օրինագիծը շրջանառության մեջ էր դրել Նյու Ջերսիից ընտրված հանրապետական ազդեցիկ կոնգրեսական Քրիսթոֆեր Սմիթը, ով «Թուրան»-ի հետ զրույցում հայտարարել է, թե ինքն ու իր գործընկերները շատ լուրջ են տրամադրված. «Մենք մտադիր ենք Ալիեւին ապացուցել, որ իր այդ քաղաքականությունը, որն ուղղված է կոնկրետ մարդկանց՝ լրագրողներին, ընդդիմադիրներին ճնշելուն, վատ ավարտ է ունենալու»։ Սմիթը վերջերս նաեւ հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ՝ կոչ անելով ԵԱՀԿ ղեկավարությանն ու ԱՄՆ կառավարությանը քննարկել քաղբանտարկյալների ու Ադրբեջանում մամուլի ազատության ճնշումների հարցերը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ:
Քենթուքիի Սենատը մերժեց ադրբեջանական լոբբիի հակահայկական բանաձեւը
Մարտի վերջերին ծրագրված Ալիեւի` ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում, թերեւս, կկայանան կարեւոր հանդիպումներ ու բանակցություններ, որոնց արդյունքներից կախված կլինի ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ապագան, իսկ այդ հարաբերությունները վերջին 1-2 տարիներին ցայտուն լարված են:
Մարտի 7-ին մեկ այլ ուշագրավ տեղեկություն ստացվեց. ԱՄՆ Քենթուքի նահանգի Սենատը մերժեց օրենսդիրների քննարկմանը ներկայացված ադրբեջանական լոբբիի նախաձեռնած հակահայկական բանաձեւը։ Ըստ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի` 168 բանաձեւը, որն աղավաղում էր ԼՂ հակամարտության էությունը եւ թյուր կարծիք ստեղծում դրա մասին, Սենատում տապալվել է։ Քենթուքին այդպիսով միացել է Այդահոյի, Նյու Հեմփշիրի եւ մյուս նահանգներին, որոնք նախկինում արդեն մերժել են նման ադրբեջանամետ բանաձեւերը։ «Քենթուքիում մեր փորձը կրկին անգամ ապացուցեց, որ ժողովրդավարական գործընթացները գործում են, եւ մեր նահանգային օրենսդիրները չեն հանդուրժի օտարերկրյա միջամտության եւ սխալ պատկերացումներ ձեւավորելու փորձը, որը պաշտպանում է այնպիսի բռնապետի շահերը, ինչպիսին Իլհամ Ալիեւն է, ով ճնշում է սեփական ժողովրդին եւ ագրեսիվ գործողություններ ծավալում Հայաստանի եւ Արցախի դեմ՝ վտանգի տակ դնելով տարածաշրջանում անկայուն խաղաղությունը»,- նշել էր ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արեւելյան թեւի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Մարտիրոսյանը։
Նման քայլերն, իհարկե, դաս չեն ալիեւյան ռեժիմի համար, Բաքվի քաղաքականությունն ընդդեմ Հայաստանի ու Արցախի ավելի հանդուգն է դառնում, Ադրբեջանն ավելի մեծ միջոցներ է ծախսում ադրբեջանական կեղծիքի տարածման, հակահայկական բանաձեւերի վրա: Սակայն արդեն, կարծես, բոլորի համար է ակնհայտ, որ Ալիեւն իր վարած բազմամյա քաղաքականությամբ՝ հայատյացության ու պատերազմի հետեւողական քարոզչությամբ ապացուցել է մի անհերքելի փաստ` այսօրվա Ադրբեջանը Արցախի հետ խաղաղ գոյակցել ուղղակի ի վիճակի չէ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.03.2016
Как страны-посредники, занимающиеся урегулированием конфликта, они стремятся создать для сторон благоприятные условия, чтобы Армения и Азербайджан достигли мирного урегулирования путем взаимных уступок. ” 1. -Это значит, что Мадридские договоры будут осуществлены. 2. резолюция парламентом штата Джорджия – мыльные пузыри, чтоб политику Армении привести в нужное для них русло. Это лесть. 3. Санкции против Алиева вводятся из-за его непредсказуемой политики, что может угрожать поставки сирья в ЕС. Они хотят дестабилизации страны, путём смены власти, что приведёт к новым договорам по более низком цене нефти. Как вы видите, НКР употребляют как оружие против власти Азербайджана и это с симпатией к Карабаху не имеет дело.
Узнайте больше на сайте: https://ru.aravot.am/2016/03/12/203180/
© 1998 – 2016 Аравот – Новости из Армении
Только дураки могут так упорно промолчать о Мадридских договорах. Всеравно они будут осуществленны, но тогда и реакция народа будет для нынешней власти очень непредсказуемо. Очнитесь! От договора, подписанного в ЕС, без поддержки России вам уже не отбиться!