Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՆՋՎԱԾ

Մարտ 11,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ   քսաներեքերորդ

ՋՆՋՎԱԾ

Երբ արմունկով հրեցի, ու դուռը բացվեց, նկարակալի վրա արդեն Վարուժի գոյություն չունեցող նկարն էր՝ հիմնականում  գորշ ու տեղ-տեղ սեւ մի մակերես, եւ մի քիչ աջ՝ Վարուժի մեղավոր ու անհեթեթ ժպիտը, եւ Վարուժի անհեթեթ հարցը՝ «էս մի ժամ ո՞ւր էիր կորել», եւ իմ անիմաստ ու արդեն միանգամայն ավելորդ հարցը՝ «էս նկարը ջնջել ե՞ս», եւ Վարուժի ավելի քան անհեթեթ պատասխանը՝ «էս ավելի նկար ա, քան՝ էն նախկինը», եւ իմ միանգամայն ավելորդ ու ուշացած հարցը՝ «ձեռդ ո՞նց ա գնացել՝ ջնջել ես», եւ Վարուժի միանգամայն անտեղի  բացատրությունը՝ «ճիշտն ասած՝ արդեն ներվերիս վրա ազդում էր», եւ իմ՝ արդեն ճարահատյալ լռությունը, եւ որոշ լռությունից հետո Վարուժի անիմաստ հարցը՝ «բա էսքան վախտ ո՞ւր էիր», եւ ես նեղսրտած պատասխանեցի ու ասացի՝ «գնացել էի գարեջուր ու սարդելկա առնելու», եւ Վարուժը մեղավոր ժպտալով ասաց՝ «էդ առեւտուրդ մի ժամ տեւեց», եւ ես նեղսրտած ասացի՝ «մի ժամ ընկերներիդ հետ էի խոսում», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ընկերներ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «խանութի տիրոջ ու «Շիրակի մեղեդիների» քավորի», եւ Վարուժը փռթկացնելով հարցրեց՝ «էդ խանութի տերն էլի գրական լեզվով ճտպտում   է՞ր», եւ ես  պատասխանեցի ու ասացի՝ «էն էլ ո՜նց էր ճտպտում», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «փոխանակ ինքը բանաստեղծություն գրեր, դու ես գրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դու էլ պակաս չես գրում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «էդ կարող ա՞ նեղացած ես»,  եւ ես ասացի՝ «ինչի՞ պիտի նեղանամ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եսիմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կարող ա նեղացել ես, որ նկարը ջնջել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «կարող ա ափսոսում ես, որ ջնջել եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «քո նկարն էր. դու որ չես ափսոսում, ե՞ս ինչի պիտի ափսոսամ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ոնց էլ բերանդ բռնում ա՝ դրան նկար ես ասում», եւ ես նայեցի  նկարակալին դրված գորշ ու տեղ-տեղ սեւ կտավին ու նեղսրտած հարցրի՝ «կարող ա՞ էս ա նկար», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ինձ ասաց՝ «սրա վրա նոր պիտի նկարեմ», եւ ես նեղսրտած հարցրի՝ «ի՞նչ պիտի նկարես», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «էդ արդեն ի՛մ գործն ա» եւ մի քիչ մտածեց, նայեց հատակին դրված տոպրակին ու ժպտալով ավելացրեց՝ «էս սարդելկեքը հորովմորով անենք, հետո կմտածենք», եւ ես նեղսրտած ասացի՝ «ինչ էլ նկարես, նրանից լավ չի ստացվելու» եւ մի քիչ մտածեցի ու սրտնեղած ավելացրի՝ «էդ քո ամենալավ նկարն էր», եւ Վարուժն ապշահար նայեց ինձ ու հարցրեց՝ «ո՞րն էր ամենալավ նկարս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էդ ջնջածդ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու փռթկացնելով հարցրեց՝ «էդ մուռ ե՞ս հանում», եւ ես հարցրի՝ «ո՞նց եմ մուռ հանում», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «էդ որ ասում ես՝ էդ ջնջածս իմ ամենալավ նկարն էր», եւ ես մի քիչ մտածեցի ու նեղսրտած ասացի՝ «ճաշակին ընկեր չկա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «իմ ամենալավ նկարն ա ջնջվել, բայց դու ինձնից շատ ես դարդ անում», եւ ես մի քիչ մտածեցի ու նեղսրտած ասացի՝ «էդ նկարն արդեն իմն էր» եւ մի քիչ էլ մտածեցի ու նեղսրտած ավելացրի՝ «խոսք էիր տվել, որ ինձ ես տալու», եւ Վարուժը բավական երկար մտածեց ու ասաց՝ «էդ իմաստով մի քիչ մեղավոր եմ»  եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց դու էլ ինձ պիտի հասկանաս», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչը չեմ հասկանում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չես հասկանում, որ նկարիչն իրավունք չունի իրա չհավանած նկարի տակ ստորագրությունը դնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չես հասկանում, որ նկարիչն իրավունք չունի իրա չհավանած ու կիսատպռատ նկարն ինչ-որ մեկին նվիրի», եւ ես մի քիչ մտածեցի ու նեղսրտած ասացի՝ «քո իրավունքն ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, ես իմ իրավունքից եմ օգտվել», եւ ես մի քիչ մտածեցի ու նեղսրտած ասացի՝ «բայց խոստացել էիր», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ոչ թե կամավոր էի խոստացել, այլ դու ստիպեցիր, որ խոստանամ», եւ ես նեղսրտած հարցրի՝ «քեզ հնարավոր ա՞ որեւէ բան ստիպել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ավելի ճիշտ՝ ոչ թե ստիպեցիր, այլ համոզեցիր», եւ ես նայեցի ջնջված նկարին ու հեգնանքով ասացի՝ «շա՜տ ուժեղ եմ համոզել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «արդեն համոզել էիր, բայց հենց ոտդ քաշեցիր, հանկարծ հասկացա, թե ինչ անհեթեթության տակ եմ ստորագրությունս դրել», եւ ես նեղսրտած ասացի՝ «ուրախ եմ, որ հասկացել ես»:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031