Մարտի 9-ին Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ բրազիլահայ լուսանկարիչ Նորայր Շահինյանի «Դատարկության հզորությունը» ցուցահանդեսը:
Շահինյանի նախնիները գաղթել են Մարաշից և Ուրֆայից: Ցեղասպանությունից 100 տարի անց նա վերադարձել է, 4 տարի ապրել Թուրքիայում և 50 նկարով ներկայացրել տեսածը: Նորայրի պապը մինչ Բրազիլիա տեղափոխվելը երեսուն տարի ապրել է Հալեպում և եղել Հալեպի առաջին կառավարական լուսանկարիչը: 2012թ-ին պապի ֆոտոխցիկով է Նորայրը հասել Թուրքիա:
Aravot.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ վերադարձել էր Ուրֆա պապի եղբոր թողած հաղորդագրությունը գտնելու. «Այդ տանը ապրել է 35 մարդ, փրկվել են միայն պապս և եղբայրը: Տասնվեց, տասնութ տարեկան տղաներ են եղել և որոշել են, եթե կապը կորցնեն, տան ներսի պատերից մեկի վրա հաղորդագրություն թողնեն, թե ուր են գնում: Պապս 1915թ-ին հեռացել է և ապաստան գտել Հալեպում: Յոթ տարի անց՝1922թ-ին, հեռացել է նաև պապիս եղբայրը, բայց հեռանալուց առաջ հաղորդագրություն է թողել, որ ինքը Պետրոսն է և գնում է Հալեպ: Հետագայում իրենք Հալեպում հանդիպեցին, սակայն հաղորդագրությունը ոչ ոք չտեսավ.ես առաջինն եմ մեր գերդաստանից, որ գտա ու տեսա»:
Ցուցահանդեսից բացի լույս է տեսել նաև գիրքը 3000 օրինակ տպաքանակով, որոնցից 1500-ը հայերեն, անգլերեն, թուրքերեն լեզուներով, իսկ մյուս 1500-ը՝ պորտուգալերեն իսպաներեն, անգլերեն: Ինչպես գիրքը, նաև ցուցահանդեսը 3 գլխից են բաղկացած. «Առաջին բաժինը կրում է հենց ցուցահանդեսի խորագիրը: «Դատարկության հզորությունը» ցույց է տալիս այդ տների , եկեղեցիների վարժարանների պարապությունն ու դատարկությունը.եկեղեցիները պարապ են, պատարագ չկա: Երկրորդ մասը կրում է«Ծրագիրը ձախողվեց» խորագիրը, քանի որ հայերին այդ հողերից վերացնելն ու ոչնչացնելը պետական ծրագիր էր, որը չհաջողվեց. այսօր հայերն այնտեղ ապրում են, աշխատում: Երրորդ բաժինը կոչվում է «Մեծ հայրս լուսանկարիչ», քանի որ պապս լուսանկարիչ էր և իրենից եմ ստացել հենց առաջին դասերը: Ես իր ֆոտոխցիկով նկարել եմ Մարաշը իր հայ բնակիչներով: Պապիս աչքերով եմ նկարել, կարծես ինքն էր վերադարձել հայրենիք»:
Մեզ հետ զրույցում ասաց, որ Թուրքիայում աննկատ չի մնացել, սակայն դա նրան չի խանգարել. « Երբ գտա պապիս տունը և գրությունը, այդ փաստը մեծ նյութի առիթ դարձավ Թուրքիայում: Բոլոր թերթերը սկսեցին գրել այդ մասին, ոստիկանությունն էլ աչք բացեց՝ո՞վ է այս տղան, ի՞նչ գործ ունի այստեղ, բայց ես Բրազիլիայի փողոցներում մեծացած տղա եմ, և ինձ չկարողացան խանգարել: Ես ձեռք բերեցի նաև լավ ընկերներ. Սարգիս Սերոբյանը եղավ իմ ամեն ինչը: Նա տալիս էր ուղղությունը և ողջ իմացած տեղեկությունը, ես էլ գնում, գտնում ու նկարում էի»:
Չորս տարի ապրելով Թուրքիայում՝ Նորայրը սովորել է թուրքերեն, որ կարողանա շփվել տեղացիների հետ, քանի որ այնտեղ ապրող հայերի մեծ մասը հայերեն չգիտի. «Թուրքիայում ապրող հայերի մեջ դեռ վախ կա, բայց հույս էլ կա: Մի լուսանկար եմ նկարել ՝4 սերունդ, մեծ տատիկը 96 տարեկան է: Ցեղասպանության ժամանակ ծնողները մահացել են, և նրան մեծացրել են տեղի քրդերը: Տիկնոջ բախտը բերել է, քրդերը ասել են նրան, որ հայ է և քրիստոնյա: Եվ ահա այդ տատիկը երեք սերունդ է տվել: Նրա փոքր թոռը սովորում է Ստամբուլի հայկական դպրոցում: Արձակուրդի ժամանակ գնում է գյուղ և հարազատներին սովորեցում հայերեն: Նոր սերունդը համարձակ է և գիտի լեզուն»:
Նորայրը խոսեց նաև հետագա ծրագրերից. «Ուզում եմ Սիրիա այցելել: Քանի որ պապս այնտեղ է ապրել, հայրս այնտեղ է ծնվել: Կցանկանամ այս ծրագիրը այնտեղ էլ շարունակել: Ունեմ Հայաստանի հետ կապված նախագիծ: Թուրքիայի կողմից մի քանի գյուղ եմ նկարել, հիմա էլ ուզում եմ նույնը Հայաստանի կողմից նկարել»:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մարտի 26-ը, այնուհետև կտեղափոխվի Բրազիլիա, Արգենտինա, իսկ սեպտեմբերին էլ կցուցադրվի ԱՄՆ-ում:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ