«Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման օրակարգը վերաբերվում էր ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, այլև՝ ինտեգրացիոն գործընթացներին, որոնք տեղի են ունենում հետխորհրդային տարածաշրջանում, հատկապես ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության վերաբերվող գործընթացներին»,- անդրադառնալով Մոսկվայում քիչ առաջ ավարտված Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանն՝ Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Ըստ քաղաքագետի՝ բնական է, որ երկու երկրների ղեկավարները հանդիպման քննարկման ընթացքում քննարկել են բոլոր այս զարգացումներին վերաբերվող հարցերը. «Նախագահների հանդիպման սկզբում հնչեցված խոսքը վկայում է այն մասին, որ քննարկվել են բոլոր այս հարցերը»։
Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ սա աշխատանքային կարգով քննարկում էր, որոնք լուրջ նորարարությունների կարիք չունեն. «Ընդամենը երկու երկրների ղեկավարները զարգացնում են բոլոր այն ծրագրերը, որոնք նախկինում արդեն քննարկվել են և որոնք պետք է շարունակաբար զարգանան»։
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ