Պարզվում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Տերյան փողոցի 42/1 հասցեում տեղակայված թիվ 10/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արմեն Մարալյանը քվեարկել է նկարիչ, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանի ու նրա որդու փոխարեն:
Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Զարուհի Մուրադյանը քննվող գործի շրջանակում որպես վկա դատարան էր հրավիրվել: Բայց դատարանը նրան այդպես էլ չհարցաքննեց, որովհետեւ մեղադրյալը միջնորդեց արագացված դատաքննություն անցկացնել:
Զարուհի Մուրադյանը վրդովված էր, որ դատարանն առանց իրեն լսելու վճիռ է հրապարակում, նա ամոթանք տվեց հանձնաժողովի նախագահին, որն ի դեպ, նույնպես որպես վկա էր հրավիրվել ու հանձնաժողովի անդամներին եւ մատնացույց անելով իր տեղը քվեարկած անձին՝ ասաց. «Այս մարդը նույնիսկ չգիտի՝ որտեղից է եկել, ինչի է եկել: Համոզված եմ, որ ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չէ»:
Մարալյանն էլ ասաց. «Ես ձեր հարեւանն եմ, բա հո փողոցից չեմ եկել»:
Կարդացեք նաև
«Ո՞նց, ես էնտեղ երեսուն տարի ապրել եմ ու ձեզ չեմ տեսե՞լ»,- հակադարձեց Զարուհի Մուրադյանը:
Ու իր փոխարեն քվեարկած Մարալյանին հարցրեց՝ որ հասցեում է բնակվում, բայց Մարալյանը լռեց: Միջամտեց հանձնաժողովի նախագահը. «Տիկին Զարուհի, դուք խոսում եք ընտրական հանձնաժողովի անդամի հետ»:
Զարուհի Մուրադյանն էլ զարմացավ. «Բա ոնց է եղել, որ նրան ընտրության ժամանակ չեմ տեսել: Ես բոլորիդ դեմքով հիշում եմ, նրան՝ ոչ»:
Զարուհի Մուրադյանից հետաքրքրվեցինք՝ ինչ էր ասելու դատարանում, եթե հարցաքննվեր. «Սա դատավարություն չէ, ծաղր է: Երբ որ մարդը բարոյապես տուժել է ու նույնիսկ չի կարողանում ներս մտնել ու խոսք ասել, փաստորեն նույնիսկ տուժող չեմ ճանաչվել: Ես կուզեի տեսնել՝ իրո՞ք նա այն մարդն է, որ քվեարկել է մեր փոխարեն, թե ինչ-որ մեկին բերել են, որ խոսի: Ես նրանից դատարանում անպայման կհարցնեի՝ ում փոխարեն է քվեարկել, որտեղից գիտեր իմ բոլոր տվյալները` անուն, ազգանուն, հայրանունը, բնակության հասցե: Եթե այդպես է, ապա իմ անձնական տվյալների գաղտնիությունն է խախտվել, ուզում եմ իմանալ՝ ո՞վ գիտեր իմ տվյալները: Ո՞վ գիտեր, որ այդ հասցեում գրանցված եմ, բայց այդտեղ չեմ բնակվում: Երկու օր ծախսել եմ, իմ գործից կտրվել եմ ու քննչականում բացատրություններ եմ տվել, ո՞ւմ էր պետք այդ կիլոմետրանոց բացատրությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ