Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ արձակված ակտիվիստ. «Ոստիկանների վերաբերմունքում արհեստական լարվածություն կար»

Մարտ 10,2016 21:35

Ոստիկանության Արաբկիրի բաժնից ազատ արձակվեցին 13 երիտասարդ ակտիվիստները:

Aravot.am-ի հետ զրույցում բերման ենթարկված ակտիվիստներից Կարպիս Փաշոյանն ասաց, որ նրանք բոլորը հրաժարվել են ստորագրել որեւէ փաստաթղթի տակ: Ինչ վերաբերում է բերման ենթարկելու հիմքին՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածին՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելը, Կարպիս Փաշոյանն անհեթեթություն է համարում, եւ այս մասով կազմված արձանագրության տակ էլ չեն ստորագրել: Արձանագրությունը, ինչպես ասաց ակտիվիստը, ուղարկվելու է դատարան, որից հետո պարզ կլինի՝ կտուգանվե՞ն ակտիվիստները, թե՝ ոչ:

«Անհիմն մեղադրանք է: Մենք սահմանադրական մեր  իրավունքից ելնելով՝ ակցիա էինք անում, իրենք՝ ոստիկաններն եկան եւ խանգարեցին մեր ակցիան»,-ասաց Կարպիս Փաշոյանը:

Ակտիվիստի պատմելով՝ ոստիկանության բաժնում նրա փաստաբանը, որը շնչառական խնդիրներ ունի, խնդրել էր որպեսզի իրավապահ մարմինների ներկայացուցիչները չծխեին. «Բայց նրանք միտումնավոր շարունակում էին ծխել: Արհեստական լարվածություն կար նրանց վերաբերմունքում, հատկապես փաստաբանի նկատմամբ:

Իմ փաստաբանը կին էր եւ նրան դուրս հրավիրեցին անձնական զրույցի ժամանակ, ինչի իրավունքը չունեին: Ես պնդեցի, որ առանց փաստաբանի չեմ խոսի: Հետո նրանք ստիպում էին վերնաշապիկս հանեմ, հանեցի, հետո ասացին՝ շապիկս հանեմ, առանց շապիկս հանելու էլ, անզեն աչքով երեւում էր, որ ես շապիկիս տակ ոչինչ չկա»:

Իսկ թե ի՞նչ  էին փնտրում ոստիկանները, մեր այս հարցին ի պատասխան Փաշոյանն ասաց. «Սուր կտրող, ծակող գործիքներ, թմրանյութ, անհեթեթություն»:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի դարպասների մոտ մի խումբ երիտասարդներ ակցիա էին անում «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով: Այս ակցիայի ժամանակ ոստիկանները պահանջել են ցած իջնել ԱԺ-ի ճաղավանդակներից եւ արձակել իրենց իսկ կապանքները, որով նրանք իրենց ձեռքերն ամրացրել էին ճաղավանդակներին, ի նշան բողոքի:

«Մենք շարունակելու ենք քաղբանտարկյալների համար պայքարը՝ բոլոր հնարավոր միջոցներով, պայքարելու ենք, որպեսզի քաղբանտարկյալներ չլինեն եւ ազատ արձակվի Գեւորգ Սաֆարյանն, ինչպես ազատ արձակվեց Վարդգես Գասպարին»,-ասաց  Կարպիս Փաշոյանը:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության բաժին տարված ակցիայի մասնակիցներից էին  նաեւ  Լուսինե Հայրապետյանը, Սիփան Փաշինյանը, Միքայել Նազարյանը, Արտակ Գեւորգյանը, Տիգրան Մազմանյանը եւ այլք։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031