Դաշտային Ղարաբաղի Շամխորի շրջանի հռչակավոր Չարդախլու գյուղից են սերվել Խորհրդային Միության մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, հարյուրավոր սպաներ:
1979թ. սեպտեմբերի 19-ին Չարդախլու գյուղում բացվել է թանգարան: Ադրբեջանի ղեկավարությունը չցանկանալով, որ թանգարանը կոչվի հայ զորավարների անունով՝ այն անվանել է մարտական եւ աշխատանքային փառքի թանգարան: Այդտեղ պահպանվում էին մեծ զորավարների անձնական իրերը եւ գյուղի պատմության մասին զանազան նյութեր:
1988թ. նոյեմբերին Չարդախլուի բնակիչները հարկադրված գաղթել են Հայաստան: Նրանք չեն կարողացել իրենց հետ վերցնել գյուղի թանգարանի ցուցանմուշները: Չարդախլվեցիների մի մասը հաստատվել է Նոյեմբերյանի շրջանի նախկին ադրբեջանական Հոկտեմբեր գյուղում, որը Չարդախլուից սերված զորավարների պատվին Զորական վերանվանվեց:
Զորական համայնքի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը 35 տարեկան է: Նա համագյուղացիների հետ Հայաստան է գաղթել, երբ ավարտել էր առաջին դասարանը: Ս. Մարտիրոսյանին հարցրինք Չարդախլու գյուղի թանգարանի ճակատագրի մասին: Գյուղապետն ասաց, որ իր տեղեկություններով ադրբեջանցիները թանգարանի շենքը դարձրել են թեյարան, Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու պատվանդանին տեղադրել են ադրբեջանական ինչ-որ աշուղի կիսանդրին:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ www, karabakhcenter.com-ի
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ