Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական ընտրակեղծարարը տուգանվեց

Մարտ 10,2016 19:05

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ տեղ գտած ընտրակեղծարարության գործով հերթական դատական նիստը։

«Սուրարթուր» ՍՊԸ մենեջեր Օլեգ Թոսունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որպես քվեարկող հաշվառված լինելով Երևանի թիվ 10/11 ընտրատեղամասում, 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում այլ անձի փոխարեն քվեարկելու նպատակով այցելել է Երևան քաղաքի Վրացյան փողոցի 80 հասցեում տեղակայված թիվ 10/13 ընտրատեղամաս։

Այնտեղ հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով իր մոտ եղած ինքնությունը չպարզված անձնավորության անձնագիրը ներկայացնելով ու տվյալները հայտնելով, ստացել է քվեաթերթիկ, կատարել քվեարկություն ու մոտեցել քվեատուփին, սակայն նրա հանցավոր գործողությունը բացահայտվել է հանձնաժողովի անդամի կողմից, ինչից հետո անձնագիրը խլել էր վերջինիս ձեռքից և դիմել փախուստի` հանցագործությունն ավարտին չհասցնելով իր կամքից անկախ հանգամանքներով:

3 երեխաների հայր Օլեգ Թոսունյանը նախնական դատական նիստի ընթացքում միջնորդեց դատաքննությունն արագացված ընթացակարգով իրականացնել։ Մեղադրող դատախազը չառարկեց եւ դատարանը բավարարեց միջնորդությունը։

Այնուհետեւ դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլ, որի ընթացքում մեղադրող դատախազը միջնորդեց Օլեգ Թոսունյանին տուգանել 600.000 դրամով։ Ամբաստանյալի պաշտպան Սարգիս Մադաթյանը դատարանից խնդրեց հաշվի առնել, որ իր պաշտպանյալը ավարտին չի հասցրել արարքը, իր խնամքի տակ 3 անչափահաս երեխա ունի, նախկինում դատված չի եղել ու քրեական գործի ընթացքում լավ վարքագիծ է դրսեւորել։ Նա նաեւ խնդրեց մեղմ պատիժ կիրառել։ Ամբաստանյալը միացավ փաստաբանի խնդրանքին։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու։ Քիչ անց հրապարակված վճռով, Օլեգ Թոսունյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվեց տուգանքը՝ 500.000 դրամի չափով։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031