Հայաստանի ազգային պատկերասրահի տեղափոխման հարցը դեռեւս առկախ է: Այս մասին Aravot.am-ին ասաց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
Նա տեղեկացրեց, որ պատկերասրահում 40.000-ից ավելի ցուցանմուշ կա, որոնցից ցուցադրվում է 2500-ը: «Այն արվեստագետները, որոնք իրենց ստեղծագործական ժառանգությունը վստահել են պատկերասրահին, արդյոք դրանք արժանի՞ են պահոցներում փտելու… Մեր պայմանները նորմալ են, բայց արդյոք արվեստը ստեղծվում է պահոցներում մնալո՞ւ համար:
Մեր նպատակն է ունենալ ժամանակակից պայմաններ: Բազմիցս մեզ մեղադրել են, որ մեր պայմանները բավարար չեն, բայց այս շենքը կառուցվել է Սովետական միության ժամանակ, եւ ինտեգրել, օրինակ, ժամանակակից խոնավացուցիչներ, անհնար է»,-նշեց Ծատուրյանը:
Տնօրենի խոսքով` նոր շենք հնարավոր տեղափոխությունը չի նշանակում, որ ներկայիս շենքն ամբողջությամբ հանձնելու են. «Օրինակ` դահլիճները մնալու են պատկերասրահին: Աշխարհում ընդունված է, որ հաստատությունը մի քանի կառույցներ է ունենում: Մենք այնքան հարստություն ունենք, որ մի քանի շենք է հարկավոր»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ