Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիտասարդների վերլուծությունները կներկայացվեն տնտեսական քաղաքականություն մշակող կառույցներին

Մարտ 10,2016 17:26

Մարտի 10-ին ԵՊՀ-ում մեկնարկել է «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր-4» խորագրով երիտասարդական գիտաժողովը, որի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ տնտեսագետներին ներկայացնելու տնտեսագիտության տարբեր բնագավառներում իրականացրած սեփական հետազոտությունները:

Ծրագրի կազմակերպիչ, տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ քառօրյա գիտաժողովի քննարկումներն իրականացվում են սեկցիոն ձևաչափով, սեկցիաները ղեկավարում են անվանի գիտնականներ։ Գիտական համաժողովին մասնակցում է 83 երիտասարդ հետազոտող։ Մասնակիցների աշխարհագրությունը բավականին լայն է՝ Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Տաջիկստան, մասնակցում են նաև Հայաստանի՝ տնտեսագիտական մասնագիտություններ ունեցող գրեթե բոլոր բուհերի, ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ներկայացուցիչները։ Գիտաժողովի աշխատանքների մոտ կեսը հրատարակվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից երաշխավորված ժողովածուում, որը ներկայացվելու է Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակող կառույցներին։ Կառլեն Խաչատրյանը նկատեց նաև, որ աշխատանքների մեջ կան ինչպես տեսական, այնպես էլ կիրառական բնույթի ուսումնասիրություններ։

Գիտաժողովի մասնակիցներից է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ Գրիշա Ամիրխանյանը։ Նրա զեկույցը վերաբերում է ՀՀ բջջային շուկայի զարգացման արդի միտումներին։ Երիտասարդ գիտնականը ներկայացնում է ՀՀ բջջային կապի շուկայում առկա զարգացումները, համաշխարհային փորձը և այդ փորձի պրոյեկտումը հայաստանյան այս ճյուղի վրա։ Զեկուցողը, մասնավորապես, անդրադարձ է կատարել համացանցի զարգացմանը, նրա ստեղծած անվճար հնարավորություններին, որոնց զուգահեռ նվազում են բջջային օպերատորների դերն ու եկամուտները։ Ըստ Գրիշա Ամիրխանյանի՝ բջջային օպերատորները, հաշվի առնելով այս հանգամանքը, պետք է վերանայեն իրենց ռազմավարությունները։ Նա նաև նկատում է, որ բջջային օպերատորների եկամուտներում աստիճանաբար սկսում է գերակշռել բջջային ինտերնետից ստացվող հասույթը։ Այսինքն՝ սպառողները նախընտրում են ակտիվացնել բջջային ինտերնետը և նույն ձայնային կամ տեքստային հաղորդագրություններն ուղարկել համացանցի միջոցով։ Գրիշա Ամիրխանյանը հատկապես շեշտում է նաև այն, որ հեռահաղորդակցությունը ՀՀ տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից է, որտեղ արձանագրվում է սակագների նվազում։ Եվ դա երիտասարդ գիտնականը պայմանավորում է նախ և առաջ ոլորտում առկա բարձր մրցակցությամբ։

Չորս օրերի ընթացքում մասնակիցները կքննարկեն «Սահմանադրական տնտեսագիտություն», «Քաղաքական անկայունության գնահատումը», «ՀՀ բանկային համակարգի ֆինանսական արդյունավետության վերլուծություն» և այլ թեմաներ։
Նշենք, որ «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» գիտաժողովն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: Գիտաժողովի կազմակերպիչներն են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031