Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կինն ու գինին. Կոտրելով կարծրատիպերը. գինի կարող են արտադրել նաև կանայք

Մարտ 10,2016 17:20

Գինեգործությունը արհեստ է, գինին՝արվեստ, իսկ երբ նրա պատրաստման գործընթացին խառնվում են կանացի փխրուն, սակայն իրենց գործի վարպետ, հմուտ ձեռքերը, այն դառնում է անդիմադրելի ըմպելիք, կոտրելով բոլոր այն կարծրատիպերը, որ գինեգործ կարող են լինել միայն տղամարդիկ:

Նրա համար գինեգործությունը բիզնես չէ, այլ մասնագիտական հաճույք, երբ սպառողին է ներկայացնում սեփական պատրաստած գինին՝ սեփական կարգախոսով.«Գինին՝գինեգործից»:

«Իմ արտադրած գինիները շուկայում առանձնանում են իրենց փնջով, բույրով, համային հատկանիշներով: Այսօր շատ գինու գործարաններ ունենք, որոնք արտադրում են բարձրորակ գինիներ, սակայն դրանք բոլորը կարծես նույն ձեռագրով ստացված լինեն: Այսինքն` դու կարող է տասը արտադրողի Արենի խմել ու նույն ձեռագիրը զգալ, յուրահատկություն չկա: Իմ ձեռագիրն այլ է, իմ արտադրանքը յուրահատուկ փունջ ունի՝ մրգային, հատապտղային, ու վերջապես կին է արտադրել»,-հումորով պատմում է 37-ամյա Զարուհի Մուրադյանը, ով Հայաստանում միակ կին գինեգործն է, որն իր սեփական գինու արտադրությունն ունի:

Խոստովանում է. եթե չլիներ ամուսնու աջակցությունն ու քաջալերումը, դժվար թե համարձակությունը բավականացներ արտադրություն սկսելու համար, սակայն գլխավորը սկիզբն էր: Պատմում է, որ չունի սեփական այգի, սակայն ընտրում է այն այգիները, որտեղ իր նախընտրած խաղողի տեսակներն են աճում: Վարձակալում է գինու գործարանը, ընտրում Արարատյան հարթավայրի լավագույն խաղողի այգիների խաղողները և արտադրում գինի:

 

«Ես շատ հետազոտական աշխատանքներ եմ կատարել, ինձ հետաքրքրում էին այն տեսակները, որոնք արդեն վերացման եզրին էին, դրանց հետ շատ աշխատանք չի տարվել, և որպես պոտենցիալ ուժ բարձրորակ գինու համար այսօր էր չի օգտագործվում: Հայաստանում նման միտում կա, եթե գիտեն, որ խաղողի տվյալ տեսակը լավն է ու ճանաչում ունի, ինչպես օրինակ, Արենին, Ոսկեհատը, Հաղթանակը, ապա բոլորը սկսում են ձգտել դեպի այդ տեսակները: Կան խաղողի տեսակներ, որոնք օգտագործվում են միայն կուպաժների մեջ՝ գինու գույնի, բույրի և այլ բաղադրիչները շտկելու նպատակով, բայց դրանք երբևէ չեն ուսումնասիրվել և որպես բարձրորակ գինու հումք չեն կիրառվել»,-բացատրում է Զարուհին և ավելացնում, որ իր նպատակն էր աշխատել հենց այդ ոչ այնքան տարածված խաղողի տեսակներով և ստանալ լավ գինի:

Երիտասարդ գինեգործը ասում է. յոթ տարի փնտրել է խաղողի «Չարենց» տեսակը ու միայն անցյալ տարի է հաջողվել գտնել այն: Գինի է արտադրում նաև խաղողի «Տիգրան» տեսակից:

Zara-Vine.jpg2

«Երբ ցուցահանդեսներին ներկայանում եմ իմ գինիներով, հարցնում են.«Տիգրան՝ ձեր տղայի անո՞ւնն է, ամուսնո՞ւ»: Պատասխանում եմ, որ ընդամենը խաղողի տեսակն է: Ասեմ, որ թե՛ Չարենցի սորտը, թե՛ Տիգրանին, բնական վայրի տեսակներ չեն: Դրանք ստացվել են խաչասերման արդյունքում: Սապերավի տեսակի հետ էլ սովորաբար չեն կարողանում ճիշտ աշխատել ու ստանալ բարձրորակ գինի, սակայն ես մշակել եմ տեխնոլոգիա, և սապերավիից ստացել բավականին հաջող չոր գինի, մինչդեռ դրանից միայն քաղցր գինի են ստանում»,- ասում է գինեգործ Զարուհին:

Մեկ ամիս է ինչ շուկայում հայտնվել են «Զառա վայնի» «Տիգրանի», «Չարենցի», «Հաղթանակ», «Սապերավի» չոր գինիները: Տարեկան արտադրում է 5000 շիշ գինի, 3-4 տոննա խաղող մթերելով:

Զարուհու գինեգործական ուղին սկսվում է ԲՈՒՀ ընտրելու որոշումից, երբ Բժշկական համալսարանի փոխարեն նախընտրում է Ազգային Ագրարային համալսարանի Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժինը:

«Շատ են հարցնում, թե ինչո՞ւ ընտրեցի գինեգործությունը: Մինչև ընդունվելս չէի էլ պատկերացնում որ այդքան կսիրեմ ու կկապվեմ մասնագիտությանս, բայց շատ սիրեցի,- անկեղծորեն խոստովանում է Զարուհին,- Սկզբում պարզապես ցանկանում էի լավ մասնագետ դառնալ, բայց աստիճանաբար հասկացա, որ ոլորտում շատ բացեր կան, որոնք կցանկանայի լրացնել ու զարգացնել, թե՛ կրթական ուղղությամբ, թե՛ հետազոտական մասով»:

Ազգային Ագրարային համալսարանն ավարտելուց հետո, մագիստրատուրա ծրագրի շրջանակներում 2002 թվականին մեկնում է սովորելու Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնոյի համալսարան: Վերադառնալուց հետո ստանում է առաջարկ մնալ Ագրարային համալսարանի մասնագիտական ամբիոնում և դասավանդել գինեգործություն առարկան: Համաձայնում է և մինչ օրս կրթում է ապագա գինեգործներին, ու նաև զուգահեռ 2012 թվականին ստեղծում է երիտասարդ գինեգործների միավորումը:

«Բայց ես շատ ավելի հեռուն էի գնում: Հասկանում էի, որ ոլորտը բարեփոխման կարիք ունի՝ զարգացնել երկրում գինի խմելու մշակույթը, գինու տուրիզմը, բարելավել կրթությունը, խթանել բարձորակ գինիների արտադրությունը: Չհաշված վերջին տարիները, Հայաստանը ճանաչում չուներ իր բարձրորակ գինիների արտադրությամբ, չնայած որ ունեինք վաղեմի պատմություն, բոլոր բնակլիմայական պայմանները բարձրորակ խաղողի ստացման և մթերման համար, սակայն չունեինք որակյալ գինիներ: Գինեգործության ոլորտի վերջին միտումներն իհարկե հստակ նախանշում են զարգացման աճ: Հիմնվում են նոր խաղողի այգիներ գինու արտադրության համար, կառուցվում են նորագույն տեխնոլոգիաներով և տեխնիկայով զինված գինու գործարաններ, մեծանում է գինեսեր զբոսաշրջիկների հետաքրքրությունը երկրի և գինեգործության պատմության նկատմամբ: Այս ամենը ունենալով նաև ակնհայտ պարզ դարձավ բոլոր այն բացթողումները, որը ուներ ոլորտը: Առաջնային խնդիր դարձավ ժամանակին համընթաց մասնագետների առկայությունը ոլորտում: Հարկավոր էր կրթել ապագա գինեգործներին»,- պատմում է Զարուհին:

Շուտով սկսում է փնտրել մարդկանց, որոնց կհետաքրքրեր իր գաղափարները: Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանի և «Սեմինա» խորհրդատվական ընկերության հիմնադիր Վահե Քեշքուրյանի հետ համախմբելով ուժերը՝ 2014 թվականին ստեղծում են Երևանի գինու ակադեմիան:

«Այցելեցինք Հայաստանի գինեգործական շրջաններ: Ուսումնասիրությունների արդյունքում վեր հանեցինք գինեգործների կարիքները, ինչ կարողություններ ու գիտելիքներ պետք է ունենա ապագա գինեգործը, մշակեցինք ծրագիրը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հովանավորությամբ ստեղծվեց Երևանի գինու ակադեմիան»,- պատմում է Զարուհի Մուրադյանը, ով այսօր ղեկավարում է նաև ակադեմիան:

Երևանի Գինու ակադեմիան համագործակցում է Եվրոպական լավագույն համալսարաններից մեկի՝ Գերմանիայի Գայզենհայմ գինու համալսարանի հետ: Ուսման տևողությունը 18 ամիս է, կրթությունը՝ անգլերեն լեզվով: Դասավանդվում է Գինեգործության և գինու բիզնեսին առնչվող բոլոր առարկանները: Դասախոսները հրավիրվում են Եվրոպայի լավագույն համալսարաններից: Վերջերս հիմնել են Հայաստանի միակ գինու կրթական մասնագիտացված լաբորատորիան: Զարուհին նշում է, որ շուտով կունենան նաև գինու մասնագիտացված համտեսի սրահ, որտեղ կկրթեն գինեսերներին, մասնագետների, ովքեր ցանկանում են դառնալ պրոֆեսիոնալ համտեսողներ՝ դեգուստատորներ: Ուրախությամբ է նշում, որ ուսանողների մեջ շատ են աղջիկները, որոնք հետաքրքրված են ոչ միայն գինեգործությամբ, այլ նաև գինու բիզնեսի ու մարքեթինգի ուղղությամբ:

«Ի ուրախություն մեզ, Երևանում շատացել են գինու մասնագիտացված խանութները, սրահները, ռեստորանները, որտեղ կա մատռվակների՝ սոմելյեների, մեծ պահանջ: Ի-Վի-Էն գինու ակադեմիան ապահովում է կրթություն նաև այս ոլորտի մասնագետների համար, որոնք ցանկանում եմ իրենց գիտելիքները խորացնել և համապատասխան մասնագիտական հմտություններ ձեռք բերել, ավելի պրոֆեսիոնալ գործելակերպի համար»:

Երիտասարդ գինեգործը անկեղծանալով ասում է, որ հիմա արդեն չի կարողանում տարանջատել՝ գիտությունն է իրեն ավելի շատ դուր գալիս, կրթությունը, թե՞ արտադրությունը:

«Երեքն էլ գրավում են, բայց արտադրությունն ինձ գրավեց մի այլ կերպ և միակ տարբերությունը այն է, որ այնտեղ չեմ հոգնում, ու չեմ էլ զգում ինչպես է անցնում ժամանակը»:

Գինեգործությունը նրա համար մասնագիտությունից վերածվել է ապրելակերպի, կյանքի մի տեսակի, որտեղ բոլոր շղթաները կապվում են գինեգործության հետ: Աշխատանքին զուգահեռ, փորձում է լինել լավ կին, լավ մայր ու լավ դուստր՝ ծնողների համար:

«Պետք է կարողանաս այդ ամենը լավ կառավարել ժամանակի մեջ, բոլորին համապատասխան ուշադրություն դարձնելով: Ամուսնուս կողմից ունեմ այդ աջակցությունը, աղջիկս էլ, որ արդեն 12 տարեկան է, ինձ հետ հաճախ եմ տանում արտադրամաս, իրեն էլ է հետաքրքրում և ամեն տեղ ոգևորված ասում է, որ պատրաստվում է գինեգործ դառնալ: Ինձ դուր է գալիս այն, որ իմ կերպարը օրինակ է ծառայում դստերս համար»,- ասում է Զարուհին:

Հարցին` «Ինչպես հասկանալ, թե ո՞րն է լավ գինին», պատասխանում է. «Միշտ ասում եմ, եթե քիմքին հաճելի է, դուրեկան, հեշտ խմվող, ուրեմն այն ձեզ համար որակյալ գինի է: Մասնագիտական չափանիշների համաձայն, ճանաչելով խաղողի սորտը պետք է հասկանանք, թե՞ արդյոք տվյալ սորտի յուրահատկությունն ու առանձնահատկությունը փոխանցվել է գինուն, թե՞ ոչ, սակայն շարքային սպառողի համար գինին լավն է, եթե կողմնակի խանգարող բույրեր չկան նրա մեջ, գինին պղտոր չէ, թեթև է խմվում, հետհամը հաճելի է և այլն»:

Նրա բնութագրմամբ՝ գինին կենդանի օրգանիզմ է. «Այն ծնվում է, ծերանում, հիվանդանում և մահանում: Գինին կենդանի օրգանիզմ է, քանի որ, ստեղծման օրվանից մինչև գինու սպառում նրա մեջ տեղի են ունենում տարբեր կենսաբանական պրոցեսներ: Գինին սխալներ չի հանդուրժում այն շատ զգայուն է և թեթևակի սխալմունք թույլ տալուց այն անմիջապես ազդում է գինու որակի վրա: Անգամ շատ գինեգործներ խորհուրդ են տալիս գինին պատրաստելիս զուգակցվի հաճելի երաժշտությամբ, կամ ասում են գինեգործը, որը պատրաստել է այս գինին վատ տրամադրություն է ունեցել, որն էլ փոխանցվել է գինուն, գինին ուրախ չի: Ամբողջ տեխնոլոգիական գործընթացը ճիշտ իրականացնելու դեպքում անգամ, գինին կարող է կորցնել իր որակը, եթե ճիշտ և համապատասխան պայմաններում այն չպահպանվի»:

Գնահատելով Հայաստանում գինեգործության ներկան և ապագան երիտասարդ գինեգործն ու Երևանի գինու ակադեմիայի ղեկավարն ասում է. «Մենք ունենք պատմություն, փաստեր, որ գինեգործությունը սկիզբ է առել Հայաստանից, իսկ դա շատ կարևոր է, երբ ներկայացնում ես քո երկրի գինու պատմությունը՝մարքեթինգի տեսանկյունից: Ունենք խաղողի յուրահատուկ սորտեր: Եթե դիտարկում ենք եվրոպական շուկան, նույն Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում տարածված են միևնույն եվրոպական սորտերը՝ կաբերնե սավինյոն, սավինյոն բլան շարդոնե, պինո նուար և այլն: Հայաստանը առանձնանում է իր բնակլիմայական պայմաններով և յուրահատուկ խաղողի մաքրասորտ տեսակներով: Ճիշտ է մեր տեղական խաղողի սորտերը դեռ համատարած ճանաչում չունեն, սակայն վերջին տարիների ընթացքում տարբեր արտադրողների կողմից այդ սորտերից պատրաստված գինիները ներկայացվել են տարբեր լուրջ մասնագիտացված ցուցահանդեսներում, մրցույթներում և արժանացել պատվոգրերի, որն էլ վկայում է այն մասին, որ արդեն հայկական գինին բարձր վարկանիշով տեղ է զբաղեցնում նաև միջազգային ոլորտում: Շատ շուտով Հայաստանի գինեգործությունը իր ուրույն և արժանի տեղը կզբաղեցնի համաշխարհային գինեգործության բնագավառում և այդ ժամանակ ես կհպարտանամ, քանի որ դրա զարգացման ուղղությամբ ես էլ ունեցել եմ իմ փոքրիկ ներդրումը»:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N18643: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N18643 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:  

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email: [email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031