Լրահոս
Օրվա լրահոսը

Դատվեց Սամվել Բալասանյանի գարեջրի գործարանի պաշտոնյա ընտրակեղծարարը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 10,2016 16:55

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր լսվեց «Ռադիո հայ Գյումրիի» ղեկավար, «Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ ու վարող Նազելի Բաղդասարյանի փոխարեն անցած տարվա դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, Գյումրու Գեղարվեստի ուսումնարանում տեղակայված՝ թիվ 35/37 ընտրատեղամասում քվեարկած անձի՝ Ռաֆայել Ասատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով: Դատարանում պարզվեց, որ վերջինս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանի արտադրության վերահսկողության պատասխանատուն է, որը հանրաքվեի օրը զբաղեցրել է թիվ 35/37 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Dan_yntrakexc_4 Dan_yntrakexc_3 Dan_yntrakexc_2 Dan_yntrakexc_5

Դատախազ Նահապետյանի ներկայացրած մեղադրական եզրակացությունից հայտնի դարձավ, որ Ռաֆայել Ասատրյանը, ժամը 10.00-12.00 ընկած ժամանակահատվածում հանձնաժողովի անդամ Ռուզան Հովհաննիսյանի բացակայության ընթացքում, փոխարինելով վերջինիս ու իր մոտ ունենալով նրա անհատական կնիքը, դիտավորյալ քվեարկել է այլ անձի փոխարեն: Նազելի Հրաչի Բաղդասարյանի տվյալների դիմաց լրացրել է մտացածին տվյալներ, դրել կապ չունեցող ստորագրություն, կնիքել ու քվեաթերթիկը գցել է քվեատուփի մեջ:

Ամբաստանյալի խնդրանքով տեղի ունեցավ արագացված դատաքննություն: Ռաֆայել Ասատրյանը, որը հանրաքվեի օրը թունդ վիճաբանության մեջ էր մտել Նազելի Բաղդասարյանի հետ, «Ցայգ» հեռուստաընկերությունն էլ արձանագրել էր այս պատմությունը, ցուցադրել նրան, այսօր չթույլատրեց նկարահանել իրեն:

Դատավոր Վարդան Գրիգորյանը հրապարակեց գործով ձեռք բերված ապացույցները, որոնց համաձայն, ամբաստանյալը անկեղծորեն զղջում էր իր կատարածի համար, լիովին մեղավոր էր ճանաչում իրեն: «Գյումրու գարեջուր» ՍՊԸ-ի աշխատակիցներն էլ նրան բնութագիր էին տվել՝ դրական համարելով նրա վարքը ու որակելով որպես կարգապահ, օրինակելի աշխատակցի:

Դատախազը որպես պատիժը մեղմացնող հանգամանք նշեց այն, որ ամբաստանյալը անկեղծորեն զղջում է իր կատարածի համար, լիովին մեղավոր է ճանաչում, նախկինում էլ արատավորված չի եղել: Դատախազը պահանջեց տուգանել նրան 600 հազար դրամի չափով:

Ռաֆայել Ասատրյանի շահերը պաշտպանող Ռազմիկ Շիրոյանը միջնորդեց հնարավորինս մեղմ մոտենալ իր պաշտպանյալին, քանի որ նրա խնամքին հաշմանդամ կինն է ու երբեք արատավորված չի եղել:

Ամբաստանյալը դատարանում նույնպես զղջաց իր արարքի համար:

Դատարանը որոշեց նրան տուգանքի ենթարկել 500 հազար դրամի չափով:

Նկատենք, որ ինչպես հանրապետության մյուս վայրերում, այնպես էլ Շիրակի դատարանում ընտրակեղծարար դատելիս դատարանը ընդհանրապես չի հետաքրքրվում, թե ո՞ւմ դրդմամբ կամ խնդրանքով են ամբաստանյալները ընտրակեղծարարություն անում:

Դատական նիստից հետո մենք «Ռադիո հայ Գյումրի»-ի ղեկավար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե բավարարվա՞ծ է դատարանի սահմանած պատժով: Նազելի Բաղդասարյանն ասաց. «Բավարարված զգում եմ այնքանով, որ եթե կոնկրետ այս դեպքում հանցանք է գործվել, դատարանը կարողացել է որոշակի պատիժ ներկայացնել: Արդյոք տուգանքի չափը իրավաչա՞փ է, բավարարո՞ւմ է ինձ, չեմ կարող մեկնաբանել, չեմ ուզում դատարանի վճիռը մեկնաբանել, բայց գոնե այն հանգամանքը, որ քրեորեն պատժելի արարք է կատարվում եւ գոնե օրենսդրական այս մակարդակով՝ դատական մակարդակով ինչ-որ գնահատական տրվում է, այս պահի դրությամբ այդքանով բավարարված եմ, որովհետեւ նախկինում ընտրախախտումներ, կեղծիքներ եղել են, պատիժ չի եղել»:

Լրագրողը կարծում է, որ նման վճիռները կարող են հետայսու քաղաքացիներին, հատկապես հանձնաժողովի նախագահներին հետ կանգնեցնել քրեորեն պատժելի արարքներից;

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031