Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ահազանգ` կենդանասերներից. «Յունիգրաֆ»-ի ստերջացրած շները վարակակիր են, իսկ ներքին օրգանները «թարախի մեջ ճպճպում են»

Մարտ 10,2016 16:22

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝  «Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից Երեւանի վարչական շրջանների տարբեր հատվածներում պարբերաբար բաց են թողնվում ամլացված (ստերջացված) թափառող կենդանիներ։ Այս ծրագրի շուրջ կենդանասերները մի շարք մտահոգություններ են հայտնում: Aravot.am-ը զրուցել է «Դինգո Թիմ»-ի եւ «Յունիգրաֆ Իքս»-ի ներկայացուցիչների հետ, որոնց մեկնաբանությունները ներկայացնում ենք ստորեւ:

Ստերջացված շներն ագրեսի՞վ են

Օվսաննա Հովսեփյան` «Դինգո Թիմ» կենդանիների պաշտպանության հ/կ նախագահ. «Երեկ մեզ հաջողվել է բռնել «Յունիգրաֆ Իքս»-ի կողմից ստերջացված 5 շների եւ բժշկական զննում իրականացնել: Շները սարսափելի վախեցած են: Մենք ինքներս վերջին շրջանում մոտ 200 շուն ենք ստերջացրել, որոնց կարողանում ենք մոտենալ, ագրեսիայի խնդիր չկա: Իսկ իրենց ստերջացրած շները հիվանդագին վախեցած վիճակում են, նրանց ստերջացնում են առանց ցավազրկելու, իսկ վախը հանգեցնում է ագրեսիայի: Ստացվում է, որ «Յունիգրաֆ»-ը շատացնում է ագրեսիվ շների գլխաքանակը:

Լիլիթ Գրիգորյան` «Յունիգրաֆ Իքս»-ի լրատվության պատասխանատու. «Ի տարբերություն կենդանասերների, որոնք զբաղված են միայն խոսելով, մենք աշխատում ենք: Վիրահատության ժամանակ տեղային անզգայացում է կատարվում, այնպես որ, կենդանին չի էլ զգում վիրահատության ընթացքը»:

shun

«Ստերջացում»` առանց կենդանու սեռական օրգանները հեռացնելո՞ւ

Օվսաննա Հովսեփյան` «Դինգո Թիմ» կենդանիների պաշտպանության հ/կ նախագահ. «Յունիգրաֆ»-ի ստերջացրած շներից մեկը հիվանդ է «չումկայով», մեկ արու շան ձուն հեռացրել են, մյուսը` ոչ, ինչը չստերջացնելու հաշիվ է: Բոլոր շների ներքին օրգանները թարախի մեջ ճպճպում են»:

Լիլիթ Գրիգորյան` «Յունիգրաֆ Իքս»-ի լրատվության պատասխանատու. ««Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից ստերիլիզացված բոլոր կենդանիները նորմալ վիրահատվում են, թե հիմա իրենք ինչ կենդանիներ են բռնել ու դիտարկել, չեմ կարող ասել: Մեր աշխատակիցները շատ բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը»:

Վարակների տարածման վտանգը

Օվսաննա Հովսեփյան` «Դինգո Թիմ» կենդանիների պաշտպանության հ/կ նախագահ. «Յունիգրաֆ»-ի մեքենան չի ախտահանվում: Նրանց մեքենայից հանած շները վարակիչ են, հիվանդ են «էնտերիտ»-ով եւ «չումկայով»:

Լիլիթ Գրիգորյան` «Յունիգրաֆ Իքս»-ի լրատվության պատասխանատու. «Ոչ մի վարակ չկա: Մեքենան պարբերաբար ախտահանվում է եւ լվացվում: Վարչական շրջաններում բաց թողնված` ստերիլիզացված թափառող կենդանիները բուժվել են, համապատասխան պատրաստում անցել, որպեսզի լինեն նաեւ անվտանգ: Պատվաստվել են տարբեր հիվանդությունների դեմ, այդ թվում` կատաղության»:

Թափառող կենդանիներին սպանում են կրակելով

Լիլիթ Գրիգորյան` «Յունիգրաֆ Իքս»-ի լրատվության պատասխանատու. Հերթական անգամ ասում եմ` «Յունիգրաֆ Իքս»-ի կողմից թափառող կենդանիների վրա չի կրակվում: Մեր կողմից թափառող կենդանիները վնասազերծվում են քնեցման եղանակով: Հետաքրքրված լրատվամիջոցները կարող են գալ մեր կլինիկա, ծանոթանալ մեր աշխատանքներին: Թափառող կենդանիների դեմ պայքարի մեթոդները կիրառվում են նաեւ ամբողջ աշխարհում, այստեղ ոչ մի արտառոց կամ սարսափելի բան չկա»:

Օվսաննա Հովսեփյան` «Դինգո Թիմ» կենդանիների պաշտպանության հ/կ նախագահ. «Մենք շարունակում ենք կրակոցների դեպքեր արձանագրել: Զանգում ենք ոստիկանություն, ասում են` մի անհանգստացեք, քաղաքապետարանի աշխատակիցներն են»:

Հավելենք, որ կենդանասերները ներկայում «Յունիգրաֆ»-ի ստերջացրած շների զննում են իրականացնում եւ բոլոր փաստերը` լուսանկարներով, պատրաստվում են ներկայացնել «Յունիգրաֆ»-ին` մեկնաբանություն ստանալու ակնկալիքով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Զննության ընթացքից լուսանկարը` «Դինգո Թիմ»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031