Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հաստատել է ԼՂՀ տնտեսական զարգացմանն ուղղված՝ 2016թ. իրականացվող միջոցառումների ծրագիրը

Մարտ 10,2016 15:37

Մարտի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:

Նիստում հաստատվել է ԼՂՀ տնտեսական զարգացմանն ուղղված՝ 2016թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը: Այն    նպատակաուղղված է տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով տեղական արտադրության ծավալների ավելացման խթանմանը : Ծրագրով նախատեսվում է նաև ընդլայնել տեղական արտադրության արտահանելի հատվածը, մասնավորապես՝ նպաստել արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը և էլ ավելի խորացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Ծրագրի իրագործման համար նախատեսված է պետական բյուջեից հատկացնել 2,530 մլրդ դրամ գումար:

Վարչապետն իր խոսքում կարևորել է տվյալ ծրագրի նշանակությունը՝ արտադրության և արտահանման խթանման համար: «Նախագահի հանձնարարականը կա միջոցներ ձեռք առնել հատկապես վերամշակման արտադրությանն աջակցելու նպատակով: Կարճ ժամանակ ունեք կառավարությանը ներկայացնելու, թե այդ առումով ինչ քայլեր կարող ենք իրականացնել, քանի որ արտադրողների համար պետք է որոշակիություն մտցվի աջակցության գործիքների վերաբերյալ, որպեսզի նրանք կարողանան ժամանակին պլանավորել բերքի ձեռքբերման ու արտահանման գործընթացները»,- նշել է վարչապետը՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Ա. Խաչատրյանին:

Կառավարությունը հաստատել է ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագիրը և ցանկը: Ծրագրի համաձայն՝ հանրապետությունում կիրականացվի ևս մեկ սոցիալական միջոցառում՝ պետական աջակցությամբ հանրապետության բնակչությունը կունենա անվճար առնվազն ութ հեռուստաալիքների և երեք ռադիոալիքների ընդունման հնարավորություն:

Գործադիր մարմնի կողմից հաստատվել են ԼՂՀ 2016թ. զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագիրը, դրա իրականացման միջոցառումների ցանկը, ինչպես նաև 2016թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը: Կստեղծվեն համապատասխան պայմաններ պատմամշակութային հուշարձանների հաշվառման, վկայագրման, ուսումնասիրման, վերականգնման ու ամրակայման աշխատանքների իրականացման համար, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և հուշարձանների պահպանմանը: Ծրագրի իրականացման միջոցառումների համար կհատկացվի 100 մլն դրամ:

Վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ քննարկելու և պատրաստելու Գտչավանքի և Ամարասի վանքերի վերականգնման ճշգրիտ նախագծերը, որպեսզի, ըստ դրանց, հստակեցվեն անելիքները և միջոցներ հայթայթվեն այդ արժեքավոր հուշարձանների պատշաճ վերականգնման համար:

Կառավարության որոշմամբ սահմանվել են 2016թ. համար էլեկտրական էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման ցանցերում նորմատիվային (բնական) կորուստների առավելագույն չափերը:  «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության համար այդ չափը սահմանվել է 15,6 տոկոս, իսկ «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության համար՝ 5,1 տոկոս: Այդ որոշման արդյունքում համապատասխան մատակարարող ընկերությունների համար անհրաժեշտություն չի առաջանա կատարել անխուսափելի կորուստների հետ կապված լրացուցիչ ծախսեր:

Նիստում հաստատվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության 2016թ. կենտրոնացված միջոցառումների իրականացման ծրագիրը, ինչպես նաև փոփոխություն է մտցվել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 757-Ն որոշման մեջ, որն ուղղված է ոլորտի օրենսդրական դաշտի բարելավմանը:

Գործադիր մարմինը հաստատել է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը: Որոշման ընդունումը պայմանավորված է ««Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով ամրագրված դրույթներով: Որոշմամբ նախատեսվում է ներդնել համընդհանուր ներառական կրթական համակարգ, յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել կրթության առանձնահատուկ պայմաններ, ինչպես նաև ներդնել այդ կրթության կազմակերպման և գնահատման համար անհրաժեշտ մեխանիզմներ:

Կառավարությունը փոփոխություն է կատարել իր՝ 2015թ. հունիսի 8-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 353-Ն որոշման մեջ, որով վերանայվել է նախորդ որոշմամբ հաստատված երիտասարդ ընտանիքի համար սահմանված տարիքային ցենզը: Արդյունքում, նախկին 18-35 տարեկանի փոխարեն՝ ծրագրից կարող են օգտվել 18-40 տարեկան ամուսիններից կազմված, հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրում մշտապես բնակվող ընտանիքները:

«3 մլն դրամը բավարար գումար չէ տուն կառուցելու համար, այլ աջակցություն է կառուցման գործընթացին, որի միջոցով զգալիորեն խթանում ենք բնակարանաշինությունը շրջաններում: Մենք ակնկալում էինք, որ հայտերը շատ են լինելու, և մեր միջոցները չեն բավարարելու սկզբնական փուլում: այժմ, երբ արդեն մի քանի տասնյակ ընտանիքների տրամադրել ենք դրամաշնորհ, տարիքային շեմը բարձրացնում ենք, որպեսզի ավելի շատ ընտանիքներ կարողանան օգտվել այս ծրագրից: հանձնարարում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և վարչակազմերին շրջաններում գույքագրել կարիքներն ու հնարավոր հայտերը, որպեսզի աստիճանաբար ընդլայնենք շահառուների տարիքային կազմն ու քանակը: Ավելին՝ հեռու չէ այն օրը, երբ լրիվությամբ կվերացվի տարիքային սահմանափակումը»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով որոշմանը:

Կառավարության որոշմամբ անժամկետ բնույթ է հաղորդվել հանրապետության բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով ուսումնառու անձանց ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացառությամբ տաքսի ավտոմոբիլների) արտոնյալ երթևեկության համար պետական ֆինանսական աջակցության տրամադրման փորձնական ծրագրին, որն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրական և արդյունավետ է գնահատվել:

Ա. Հարությունյանը հանձնարարել է պատասխանատու մարմիններին գնահատել ծրագրի իրականացման մեխանիզմների կիրառականությունը, բացահայտել դրանց խնդիրները և, արդյունքում, հնարավորինս հեշտացնել վարչարարությունը, որպեսզի ուսանողները դժվարություններ չունենան այդ աջակցությունից օգտվելու հարցում: Վարչապետի խոսքով՝ գործող մեխանիզմը հիմք է դառնալու ուսանողների տրանսպորտային ծախսերը սուբսիդավորելու հետագա ծրագրերի համար:

Գործադիր մարմինը հաստատել է պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային և երիտասարդական միջոցառումների ծրագիրը: Նախարար Ն. Աղաբալյանի խոսքով՝ մշակութային միջոցառումների հիմքում շարունակելու է մնալ մշակութային ժառանգության պահպանումն ու մշակութային ինքնության վերարտադրությունը: Նախատեսվում են նաև նոր նախագծեր: 2016թ. մշակութային միջոցառումների համար պետական բյուջեից հատկացվելու է 102 մլն դրամ, իսկ հիմնականում շրջանների երիտասարդական կառույցների գործունեության ակտիվացմանն ուղղված երիտասարդական միջոցառումների համար՝ 36 մլն դրամ:

Կառավարության կողմից հաստատվել է նաև պետական անտառային ֆոնդում անտառային միջոցառումների 2016թ. ծրագիրը: Վերջինիս նպատակն է պետական անտառային ֆոնդի տարածքներում 2013 և 2014 թվականներին տնկված անտառներում իրականացնել խնամքի աշխատանքներ՝ դիմադրությունը և անտառի որակը բարձրացնելու, տեսակային կազմը բարելավելու նպատակով: Նախատեսվում է նաև իրականացնել անտառային ուսումնասիրություններ, որոնց միջոցով կորոշվեն 2017 թվականի համար հատատեղերը: Ծրագրի իրականացումը կապահովի անտառների բնապահպանական, միջավայրաստեղծ, հողապաշտպան, ջրակուտակիչ, սանիտարահիգիենիկ և առողջապահական գործառույթների իրացումը: Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար պետբյուջեից կհատկացվի 6,623 մլն դրամ:

Վարչապետ Ա. Հարությունյանը հետաքրքրվել է անտառահատման վերահսկողության գործընթացից և կարևորել, որ այդ հարցում հետևողական ու շարունակական քայլեր կատարվեն պատասխանատու մարմինների կողմից: Անդրադառնալով որսագողության խնդրին՝ գործադիրի ղեկավարը մտահոգություն է հայտնել առկա միտումներից և հանձնարարել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը և ոստիկանությանը համատեղ ուժերով խստացնել վերահսկողությունը և ակտիվացնել պայքարն այդ հանցավոր երևույթի դեմ:

Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել ԼՂՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգն ու դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, որի նպատակն է Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում ունենալ կամավորական փրկարարական և հրշեջ-փրկարարական միավորումներ, ինչպես նաև հասարակական բնագավառում ստեղծել այդ շարժման զարգացման համար իրավական, սոցիալական հիմքեր և նյութական պայմաններ:

Նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ՝ ստեղծվել է կառավարական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմն ու անդամների գործառույթները՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա 24-րդ տարեդարձի տոնակատարությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լ. Գրիգորյանը շրջվարչակազմերի ղեկավարներին ու Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուներին հիշեցրել է սահմանված ժամկետներում տոնական ծրագրերի կազմման ու նախահաշվի ներկայացման անհրաժեշտության մասին:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031