«Ես այդքան ծանոթ չեմ, թե ինչ խմորումներ են տեղի ունենում ԲՀԿ-ում,: Ավելի շատ ես դա կանվանեի ինքնամաքրման գործընթաց: 2012-ին ձեւավորվեց ԲՀԿ-ում համամասնական ցուցակով պատգամավորական խումբ: Տարբեր կարծիքներ, մոտեցումներ կային, որոշ ժամանակ անց դա ցույց տվեց, որ մարդիկ կարող են սուբյեկտիվ կարծիքներ ձեւավորել եւ զարգացումներ ունենան դրանք: Հիմա դա ավելի խորացավ եւ բերեց այս տարանջատման կամ ինքնամաքրման»,- այսօր «Հայելի» ակումբում ԲՀԿ-ում տեղի ունեցող խմորումների հետ կապված այսպիսի տեսակետ հայտնեց ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքերով՝ Նաիրա Զոհրաբյանը հազար տղամարդուց ավելի տղամարդ է, իսկական քաղաքական գործիչ, մնում է իր արժեքներին. «Կաշի փոխող չի, ի տարբերություն այլ…»:
Ըստ նրա, որոշները այլ ցանկություն ունեին՝ դիրքավորվելու, պորտֆելներ ունենալու, իսկ ԲՀԿ-ում մնացածները որոշել են ընդդիմադիր կեցվածք ունենալ մինչեւ 2017-ը. «Ովքեր այլ ցանկություն ունեին, բնականաբար, իրենց մոտ պետք է առաջանային այդպիսի հակասություններ: Որոշները ուզում են՝ թող հեռանան, որոշները ուզում են՝ թող մնան: Ես քաղաքական դաշտում գտնվելու առումով հուզվածներից չեմ: Գտնվելու համար պետք է քեզ բազմագույն պահես, ես էլ իմ տեսակով այդպիսի մարդ չեմ, հասկանո՞ւմ եք»:
Ըստ Վարդան Բոստանջյանի, եթե համակարգը աշխատի այնպես, որ ի վերջո երկիրը դուրս գա այս ողորմելի վիճակից, ինքը կուզենա մաս կազմել այդ համակարգին:
Կարդացեք նաև
Հարցին՝ ԲՀԿ-ո՞ւմ եք ձեր ապագան պատկերացնում, թե՞ այլ՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Հենց ԲՀԿ-ում, ինչո՞ւ այլ: Մի՞թե ես այն մարդկանցից եմ, որ հաճախակի դիմումներ են գրում ու կուսակցություն են փոխում»:
ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն էլ հավելեց, որ լավից բացի, ուրիշ ոչինչ չի կարող ասել ԲՀԿ-ի մասին: Դիտարկմանը, որ ՀՀԿ-ում կամեցող են՝ Վարդան Բոստանջյանը հեգնեց. «Շա՜տ կամեցող են, գտան հարմար, որ մեր առաջնորդը պետք է դադարեր քաղաքականությամբ զբաղվել»: Երբ Այվազյանը հակադարձեց, թե իմ ուզենալն ու չուզենալը շատ քիչ ա՝ Բոստանջյանն արձագանքեց. «Այո, գիտեմ, մի հոգի է ուզում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ