Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը պաշտպանեց Գագիկ Խաչատրյանին` Արծվիկ Մինասյանի տեսակետը համարելով անընդունելի

Մարտ 10,2016 14:18

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր կառավարության նիստում, վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացնելով ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական կարգով ներկայացրած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, ասաց, որ այն անընդունելի է. «Նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության ուղղություններից, քանի որ իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման բազաների ընդլայնմանը եւ հարկային արտոնությունների շրջանակի կրճատմանը: Ավելին, ֆինանսների նախարարության կողմից մշակված հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է առավելագույնը կրճատել հարկային արտոնությունների շրջանակը եւ ընդլայնել հարկման բազաները, որը հանդիսանում է հարկային համակարգի երկարաժամկետ զարգացման հիմնական ուղղություններից մեկը»:

Նշենք, որ պատգամավոր Մելքումյանն առաջարկում է, անընդունելի համարել, այն, որ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում ստացած եկամուտները եկամտային հարկման առումով համարում են նվազեցվող եկամուտներ եւ չեն հարկվում եկամտային հարկով:

Նիստին մասնակցող Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանն ընդդիմացավ Գագիկ Խաչատրյանի տեսակետին`ասելով, որ էկոնոմիկայի նախարարությունն այս հարցի վերաբերյալ ունեցել է տրամաբանորեն հակառակ տեսակետը. «Մենք հիմնավորում ունենք, որ սա նոր արտոնություն չէ: Եկամտային հարկի մասին 1997 թվականի դեկտեմբերի 27-ի օրենքով դեռեւս դա նախատեսված է եղել, սակայն երբ եկամտային հարկի միավորում տեղի ունեցավ, այս հարկատեսակը տեխնիկական պատճառով դուրս է մնացել: Երկրորդ փաստարկն այն է, որ ազատ տնտեսական գոտու շրջանակներում, եթե մենք կազմակերպությանը տվել ենք շահութահարկի մասով արտոնություններ, ապա անհատ ձեռնարկատերը, որի հիմնական եկամուտը այդ գործունեությունից ստացվող եկամուտն է, նույնպես նույն ռեժիմով պետք է գործեր: Սա նաեւ հավասարության ապահովման տեսանկյունից ենք մենք հիմնավորում: Առ այս պահը մենք ազատ տնտեսական գոտում չունենք որեւէ անհատ ձեռնարկատեր շահագործող: Այսինքն` մենք բյուջեի վրա բացասական ազդեցություն չունենք, բայց փոխարենը ապահովում էինք արդար ու հավասար մրցակցություն»:

Գագիկ Խաչատրյանի ներկայացրած տեսակետը պաշտպանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` նշելով, որ` «Իհարկե, բյուջեի վրա սա ազդեցություն չի ունենա, որովհետեւ մենք ազատ տնտեսական գոտում չունենք անհատ ձեռնարկատեր: Բայց մենք պետք է հասկանանք, թե մենք ինչ տեսլական ունենք ազատ տնտեսական գոտում: Արդյոք մենք պատկերացնում ենք ազատ տնտեսական գոտին մի գոտի, որտեղ անհատ ձեռնարկատերե՞ր են, թե՞ իրականում մենք այստեղ պատկերացնում ենք բարձր տեխնոլոգիաներով հագեցած խոշոր ընկերությունների ներկայություն: Ես կարծում եմ՝ մենք դրա համար չէինք ստեղծում ազատ տնտեսական գոտին, որ այնտեղ բերեինք անհատ ձեռնարկատերեր: Մենք պետք է խթանենք մեծերին, իսկ սա խթանիչ գործիք է»:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր որեւէ անհատ ձեռնարկատեր չկա այդ ազատ տնտեսական գոտում, որովհետեւ մենք ուղղակի կվարկաբեկեինք այս գաղափարը: Դրա համար ես պաշտպանում եմ պարոն Խաչատրյանի ներկայացրած տեսակետը»,-ավելացրեց պարոն Հարությունյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնպես պաշտպանեց Գագիկ Խաչատրյանի ու Դավիթ Հարությունյանի տեսակետը`օրինագիծը համարելով անընդունելի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031