«244 էջ, փշաքաղեցնող մի տեքստ»,- սա Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի առաջին տպավորությունն է Ընտրական նոր օրենսգրքի նախագծից:
«Ամբողջ կարդալուս հետ փորձում էի համադրության մեջ դնել, ոչ միայն նախկին օրենսգրքի, այլ նաեւ սահմանադրական փոփոխությունների հետ կապված տրված խոստումների`փորձելով տեսնել ավելի բաց, արդար ընտրություններ ապահովող օրենսգիրք: Ցավոք, չտեսա»,- «Փաստարկ» մամուլի ակումբում իր կարծիքը փոխանցեց Ստեփան Սաֆարյանը` հավելելով. «Հայաստանում արդեն կյանքի է կոչվում այսպես կոչված վերահսկելի ժողովրդավարության մոդելը»:
Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ այս նախագիծն այդպես էլ լուծում չի տվել նախկին ընտրությունների հետ կապված ընտրախախտումների`հասարակության եւ քաղաքական ուժերի առաջ քաշած կանխարգելիչ միջոցառումներին` քվեարկողների ցուցակների հրապարակում եւ այլն: Ավելին, դրանում «վերին աստիճանի անհարգի» սահմանափակումներ կան:
«Հանրաքվեի ժամանակ անհամեմատ ավելի ակտիվ էին դիտորդները` ընտրախախտումների դեմ պայքարում, քան անգամ քաղաքական ուժերը: Բացի թվի սահմանափակումից, ավելի վտանգավոր է դիտորդների լիցենզավորման ինստիտուտը` ԿԸՀ-ում: Փաստացի, ստացվում է, որ դիտորդական կազմակերպություններն ուղղակի պարտավոր են քաղաքական կուսակցությունների հետեւողականությամբ պատրաստվել ընտրությունների եւ բոլոր տեղամասերի համար լիցենզավորված դիտորդներ ունենալ: Ես ուզում եմ հասկանալ`այս տողերը գրողը կյանքից, ժողովրդավարությունից բան հասկանո՞ւմ է»,-ասում է նախկին պատգամավորը. «Դիտորդը նրա համար է, որ տեսնի թե ինչպե՞ս է իր դասը սովորել իշխանությունը, ոչ թե իշխանության տված դասը սովորի: ԿԸՀ-ն եւ նրա թրեյներները ի՞նչ իրավունք ունեն լավ ընտրությունների փորձ ուսուցանել, երբ նման ընտրություններ չեն եղել: Ո՞վ է թույլ տվել պետական միջոցները ծախսել դիտորդների վրա»:
Կարդացեք նաև
Ստեփան Սաֆարյանի համար տարօրինակ է նաեւ այն, որ ընտրական հանձնաժողովին իրավունք է տրված տեղամասից դիտորդին հեռացնել: «Ստացվում է`ահաբեկված են դիտորդներից: Հանձնաժողովի անդամների հետ կապված իրավունքի նման խստագույն սահմանափակումներ չկա, ինչ-որ դիտորդների մասով»,-իր վրդովմունքը հայտնեց նա` հումոր անելով` հավատարմագրեք ԵԱՀԿ-ԺՄԻԳԻ եւ ԵԽԽՎ-ի դիտորդներին էլ հավատարմագրեք, թող Տիգրան Մուկուչյանը նրանց էլ դաս տա:
Սրա նպատակը, Ստեփան Սաֆարյանի կարծիքով այն է, որ կարողանան դիտորդների հետ «բացատրական աշխատանք» տանել, դիտորդների ցուցակն իրանց մոտ պիտի լինի, որ իմանան`ով-ով է: «Դիտորդների եւ լրագրողների ինստիտուտը ոչնչացնելու ուղղակի փորձ է`ծաղր, հեգնանք, վիրավորանք հասարակությանն ու ընտրական գործընթացին: Սա երկնողն ուղղակի այլանդակել է ընտրական ինստիտուտը»,- ամփոփում է քաղաքագետը:
Երկրորդ խնդիրը` համամասնականի քողի տակ մեծամասնական ընտրակարգն է: Լինելով խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից, Ստեփան Սաֆարյանը միշտ վախեցել է, որ կվարկաբեկենք նաեւ այս համակարգը:
Ըստ նրա, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ու այս նախագիծը գալիս են դա ապացուցելու. «Մրցունակություն» ապահովող օլիգարխների միջոցով քվեներ են բերվելու: Իսկ ցուցակների հրապարակայնության հետ կապված իշխանության դիմադրությունը վտանգավոր մի ուղերձ է տալիս, որ շան գլուխը հենց ցուցակներում է թաքնված լինում, որոնք թվում է թե թափանցիկ են, հրապարակային են, մատչելի են: Եթե քվեարկողների հետ կապված խնդիր չունեք`ի՞նչն է խանգարում քվեարկել ընտրողների ցուցակները: Վենետիկի հանձնաժողովի առանձին ծաղիկ փորձագետների խոսքերը Ավետարանի պես օգտագործելով, թե միջազգային պրակտիկայում ընդունված չէ, չես համոզի հանրությանը: Չեն հրապարակում, քանի որ այդպիսով հնարավոր կլինի կեղծիքների չափը պարզել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ