Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են խոսելու Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն ըստ Ստեփան Սաֆարյանի

Մարտ 10,2016 12:25

Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Սերժ Սարգսյան- Վլադիմիր Պուտին հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու նախագահները խոսելու են ղարաբաղյան խնդրի մասին: ՌԴ-ի համար աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում ինչո՞ւ է ՌԴ-ն կարեւորում ղարաբաղյան խնդիրը. հարցին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում անդրադարձավ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

«ՌԴ-ի համար առաջնահերթությունը ՆԱՏՕ-Արեւմուտք-ՌԴ խնդիրն է, եւ թեեւ ՌԴ-ն չափազանց թանկ գին է վճարում իր քաղաքականության համար`չի հրաժարվում նոր աշխարհակարգի իր պահանջից, միեւնույն է շարունակում է իր քաղաքականությունը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպման եւ ղարաբաղյան հակամարտության քննարկման համար հիմք է հանդիսացել ամերիկացի  համանախագահի թվիթերյան գրառումը` Թբիլիսիում ղարաբաղյան հարցի քննարկման մասին: Դա, ի դեպ, քաղաքագետի համար տարօրինակ է`ինչո՞ւ Վրաստանում:

Ապա, ՆԱՏՕ-ում ՀՀ պաշտպանության եւ ԱԳ նախարարների գտնվելը, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, Ռուս-թուրքական հարցերի հետ կապված Մոսկվայի ծրագրերը, ինչպես նաեւ ռուսական պարբերականում ՀՀ-ի սպառազինության եւ դրանց գտնվելու կետերի հետ կապված «խայտառակ հրապարակումը», ՌԴ Քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի «տարօրինակ կառուցվածքով» վերլուծական հրապարակում-մեսիջը:

«ՌԴ-ն ունի գործողությունների դիմելու ժամկետներ` ամառվանից: Ի՞նչ գործողություններ են՝ պարզ չէ, բայց որ ՌԴ ԶՈՒ հարավային օկրուգը տեղափոխվել է Հայաստան`ակնհայտ է: Հայաստանը քաղաքական առումով կիսում է Մոսկվայի դիրքորոշումները, բայց Մոսկվան այլ պլաններ եւ ակնկալիքներ էլ ունի, որոնք Սեւ ծովում են տեղի ունենալու: Ակնհայտ է, որ այս ամենում Հայաստանը դառնում է տարածք տրամադրող երկիր: ՌԴ-ն փորձում է Հայաստանին շահագրգռել`մասնակից լինել այս խոշորագույն ավանտյուրային»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ Սերժ Սարգսյանին հրավիրում են Մոսկվա՝ քննարկելու այս խնդիրները եւ հասկանալու` Հայաստանի տարածքը կլինի՞ ռազմական գործողությունների թատերաբեմ. «Կողմնորոշվեք`ձեր տարածքում այդ կռիվ կինոն ցույց ենք տալու, թե`չէ»:

Քաղաքագետը բավական դատապարտելի է համարում նման ծրագրերը: «Երբ այս շրջանում Կրեմլը հրավիրում է Ղարաբաղի խնդիրը քննարկելու`հասկանալի է, որ դրա տակ հարամ մի բան կա»,- ասում է նա:

Ստեփան Սաֆարյանը քիչ հավանական է համարում ռուս վերլուծաբանի ակնարկը, որ թուրք-ադրբեջանական գրոհին Հայաստանը չի կարող դիմակայել: Նա կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամ լինելը Թուրքիայի համար զսպաշապիկ է,հիշեցնելով, թե ինչ եղավ, երբ Թուրքիան փորձեց Սիրիա մտնել. «Չեմ կարծում, թե Թուրքիան կգնա այն հիմարությանը եւ Հայաստանին անմիջական վտանգ ներկայացնի: Բայց ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի կատարմամբ միջնորդավորված պատերազմը հնարավոր է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031