Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կարևոր քայլ է համարում Եվրահանձնաժողովի որոշումը՝ Եվրոպական խորհրդարանին և Եվրոպայի խորհրդին օրենքի նախագիծ ներկայացնելը, որով նախատեսվում է առանց վիզայի ռեժիմ սահմանել Վրաստանի քաղաքացիների համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Անդրադարձ կատարելով վերը նշված թեմային՝ Վրաստանի կառավարության ղեկավարն ասել է. «Այս քայլը վրաց ժողովրդի մեծ և կարևոր հաջողությունն է։ Հույս ունեմ, որ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մի քանի ամիսների ընթացքում։ Շնորհակալություն Վրաստանին աջակցելու և մեզ հետ արդյունավետ համագործակցելու համար»։
Տեղեկացնենք, որ ավելի վաղ միգրացիայի հարցերով եվրոպական հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր. «Մենք առաջարկեցինք Վրաստանը ներառել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները իրավունք ունեն առանց վիզայի այցելել Շենգենյան գոտի։ Հույս ունենք, որ վրացիները շուտով կընդունեն մեր առաջարկը։ Առաջարկն ընդունվելուն պես Վրաստանի քաղաքացիները իրավունք կունենան առանց վիզայի Եվրոպայում 90 օր անցկացնել՝ բիզնեսի և զբոսաշրջության նպատակով»։