Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ընդդիմադիր քաղաքական ուժերի մեջ այսօր էլ «Բարգավաճ Հայաստանը» առաջինն է». «Հայկական ժամանակ»

Մարտ 10,2016 11:31

Երեկ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում պարզաբանեց, որ կուսակցությունում վերջին խմորումների արմատները ֆինանսական են եւ դրանց թիկունքում կանգնած է մեկ մարդ:

– ԲՀԿ-ն փաստորեն երկու մասի է բաժանված, հայտնի է, որ մյուս թեւը ղեկավարում է գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։ Ո՞րն է խնդիրն իր հետ, եւ հնարավոր համարո՞ւմ եք, որ այս պրոցեսների արդյունքում ձեզ կարողանան ԲՀԿ նախագահի պաշտոնից հեռացնել։

– Կուսակցությունը երկու մասի չի բաժանվել։ Կուսակցությունը համախմբված է մեկ միասնական գաղափարի  շուրջ։  Կան  մեկ-երկու պատգամավորներ, ովքեր փորձում են ամբողջ այս աղմուկը, կուսակցության շուրջ այս ամբողջ աժիոտաժը կազմակերպել։

– Ո՞րն է նպատակը։

– Կարծում եմ, այդ հարցը պետք է իրենց ուղղել։ Ես չեմ հասկանում իրենց նպատակը կամ շատ լավ եմ հասկանում իրենց նպատակը։ Այս պահին չեմ ցանկանում փակագծեր բացել։

– Կարծիքներ կան, որ ամեն ինչի հիմքում ֆինանսական խնդիրներն են։

– Այո, ես այդտեղ ընդունում եմ իմ մեղքը։ Ի սկզբանե որոշվեց, որ ես կզբաղվեմ քաղաքական խնդիրներով, իսկ ֆինանսական հարցերով կզբաղվեն Վարդան Վարդանյանն ու Աբրահամ Մանուկյանը։ Բայց ստացվեց այնպես, որ տարածքային որոշ կառույցներում տպավորություն ստեղծվեց, որ կուսակցությունը ֆինանսավորվում է կոնկրետ մեկ մարդու, մեկ գործարար պատգամավորի կողմից։ Ես այս հարցազրույցի ժամանակ վերջին անգամ, ամենայն բաց եւ անկեղծ ասում եմ եւ այլեւս այս խնդրին երբեք չեմ անդրադառնալու, կուսակցությունը ֆինանսավորվում է մեր մեկ տասնյակից ավելի մեծահարուստ պատգամավորների եւ այլ ներկայացուցիչների կողմից։ Եթե նախկինում ֆինանսավորվում էր Գագիկ Ծառուկյանի կողմից, հիմա ունենք մեկ ընդհանուր կուսակցական ֆոնդ։ Իհարկե, դա ինձ համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, բայց մարտի 1-ից արդեն կուսակցության ողջ ֆինանսավորումը ես վերցրել եմ իմ ձեռքը, այսինքն, այն գումարը, որ հավաքվում է, ես ինքս կբաշխեմ տարածքային մեր բոլոր կառույցների ղեկավարներին։

– Ինչպե՞ս եք գնահատում 2017 թվականի ընտրություններում ձեր կուսակցության հնարավորությունները։ Կարծրքներ կան, որ դրանք այնքան էլ մեծ չեն, նույնիսկ մինիմում շեմը հազիվ հաղթահարենք:

– Բացարձակ համաձայն չեմ այդ կարծիքի հետ։ Ես տիրապետում եմ վերջերս անցկացված փակ սոցիոլոգիական հարցմանը, որի արդյունքներով բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի մեջ այսօր էլ «Բարգավաճ Հայաստանը» առաջինն է: Երկրորդ՝ կուսակցությունում գնում է ինքնամաքրման պրոցես։ Դա նորմալ պրոցես է, դրանից խուսափել, վախենալ պետք չէ։ Ավելին՝ անհրաժեշտության դեպքում անգամ վիրահատական միջամտություններով մենք կուսակցության առողջացման, ինքնամաքրման պրոցեսը կհասցնենք ավարտին, եւ ես վստահ եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» 2017 թվականի խորհրդարանում շատ լուրջ ներկայություն է ունենալու։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031