Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մարտի 10-ին դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում է մանկապարտեզի դաստիարակչուհի Արմենուհի Գրիգորյանի գործի քննությունը:
Ռուզաննա Ասատրյանը, ներկայացնելով մեղադրական ճառը, ասաց, որ պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում են: Իսկ մեղմացնող հանգամանքներ են հանդիսանում այն փաստերը, որ Արմենուհի Գրիգորյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, բնութագրվել է դրական, աջակցել է նախաքննությանը: Փաստաբանը համարում է, որ Արմենուհի Գրիգորյանի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել ազատազրկումից մեղմ պատիժ, եւ միջնորդեց որպես պատիժ սահմանել տուգանք 500 հազար դրամի չափով:
Արմենուհի Գրիգորյանի պաշտպան Նալբանդյանը հայտարարեց, որ սա այն բացառիկ դեպքերից է, երբ պաշտպանության եւ մեղադրանքի կողմերը համակարծիք են: Նա հայտարարեց, որ մեղադրական ճառին ավելացնելու ոչինչ չունի եւ դատարանից խնդրեց հաշվի առնել, որ իր պաշտպանյալը կին է, ընտանիքի մայր: Արմենուհի Գրիգորյանը հրաժարվեց վերջին խոսքի իրավունքից՝ նշելով, որ ավելացնելու ոչինչ չունի:
Գործով դատական ակտը կհրապարակվի այսօր` ժամը 12:00-ի սահմաններում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Արմենուհի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում, լինելով 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, այլ անձի փոխարեն քվեարկելու ուղղակի դիտավորությամբ ընտրողների մատյանում հաշվառված Արայիկ Մանուկյանի տվյալների դիմաց գիտակցաբար գրառել է մտացածին անձնագրային կեղծ տվյալներ, որոնց դիմաց ստորագրել է եւ կնքել: Այնուհետեւ նույն մատյանում հաշվառված Կարինե Մանուկյանի տվյալների դիմաց լրացրել է մտացածին անձնագրային տվյալներ, նպատակ ունենալով քվեարկել նշված երկու անձանց փոխարեն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել: Նշված դեպքը հայտնաբերել եւ կանխել է հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Հասմիկ Պետրոսյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ