Երբ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին անդամ Ռոբերտ Արզումանյանը հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու որոշման մասին, հետեւեց ՀՖՖ-ի հայտարարությունը:
«ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս հայտարարել է, իր վերջին հարցազրույցներում էլ կրկնել է, որ այն ֆուտբոլիստները, որոնք ամբողջ էությամբ նվիրված չեն Հայաստանի ազգային հավաքականին, պատվախնդրորեն չեն մոտենում ազգային թիմին, չեն հրավիրվելու, որովհետև Հայաստանի ազգային հավաքականն ուրիշ արժեք է։ Դրա գիտակցությունը պետք է ունենալ։ Եթե Ռոբերտ Արզումանյանն այդպիսի որոշում է ընդունել, հավանաբար հասկացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի արտահայտությունների իմաստը»:
Aravot.am-ը երեկ փորձեց կապ հաստատել ֆուտբոլիստի հետ: Արզումանյանին խնդրել էինք մեկնաբանել ՀՖՖ հայտարարությունը եւ պատասխանել մեկ հարցի. համարո՞ւմ է, որ ինքը հավաքականին ամբողջ էությամբ չի նվիրվել: Սակայն ամբողջ օրվա ընթացքում մեր հարցերը մնացին անպատասխան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ fcaktobe-fans.kz-ի