Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

49 եվրոյանոց տոմսերի մասին «Արմենիայի» հայտարարությունը մարքեթինգային քայլ է. «Հայոց աշխարհ»

Մարտ 10,2016 10:50

Նորահայտ «Արմենիա» ավիաընկերության սեփականատերերի հայտարարությունը, թե այսուհետ Հայաստանից հնարավոր կլինի 49 եվրոյով տոմսեր ձեռք բերելով եվրոպական երկրներ թռչել, լայն քննարկումների առարկա է դարձել:

Որքանո՞վ է ընկերությունը ի վիճակի էժան թռիչքներ ապահովել այն դեպքում, երբ մեր օդանավակայանից եվրոպական երկրներ թռիչքներ իրականացնող այլ ավիաընկերություններ շատ ավելի թանկ են վաճառում իրենց ավիատոմսերը:

Ի վերջո, Հայաստանից արտերկիր թռիչքներ ապահովող ընկերությունները կհայտնվեն մրցակցության անհավասար պայմաններում, իսկ «Արմենիայի» այս քայլը կդառնա դեմպինգային, ինչը մեր շուկայից դուրս կմղի մնացած ավիաընկերություններին, որոնք ի վիճակի չեն լինի ցածր գներով ծառայություններ մատուցել: Այս տեսանկյունից «Արմենիայի» խոստումները մի տեսակ առասպելի ժանրից են թվում:

ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ ԴՄԻՏՐԻ ԱԴԲԱՇՅԱՆԸ եւս հակված է մտածելու, որ նոր ավիաընկերության հայտարարությունը ավելի շատ մարկետինգային քայլ է, քանի որ, ըստ նրա, մեր օդանավակայանի սահմանած գնային քաղաքականության պայմաններում հնարավոր չէ էժան ծառայություններ մատուցել: Կամ էլ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ավիաընկերությունը շահույթ չհետապնդի. «Բոլոր ավիաընկերությունները ձեւավորվում եւ գործում են բիզնես-նպատակներով, այսինքն՝ գումար վաստակելու համար, եւ որեւէ մեկը չի հրաժարվի իր շահույթից, որ տոմսերի համար անհամեմատ մատչելի գներ սահմանի:

Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մեր պետությունը որեւէ դոտացիա չի նախատեսում տեղական ավիաընկերություններին աջակցելու նպատակով` «Արմենիան» ի վիճակի չի լինի կատարել իր խոստումը: Դա, ամենայն հավանականությամբ, գովազդային տրյուկ է` շուկայում հնարավորինս ներկայանալի լինելու եւ հաճախորդներ գրավելու նպատակով»:

Ըստ Դմիտրի Ադբաշյանի, Հայաստանում, ինչպես, օրինակ, Վրաստանում, հնարավոր է մատչելի գներով տոմսեր վաճառել, եթե կառավարությունը կարողանա ճիշտ քաղաքականություն իրականացնել ոլորտում եւ խիստ վերահսկողություն սահմանի բոլոր նրանց վրա, ովքեր չարաշահում են իրենց դիրքը եւ, օգտվելով ազատ շուկայական հարաբերություններից, ոչ խելամիտ գներ են սահմանում ոլորտում այս կամ այն ծառայության համար:

Օրինակ, օդանավակայանի սեփականատերը, ըստ նրա, բավական մեծ շահույթի ակնկալիքով է սպասարկման գին սահմանել, մինչդեռ քիչ թե շատ իր ախորժակը զսպելու դեպքում` ավիածառայությունները մեր հասարակության համար ավելի հասանելի կդառնան:

Դմիտրի Ադբաշյանը նաեւ նշում է, որ ավիաընկերություններն իրենք էլ իրենց աշխատանքը սխալ կանոնակարգելու պատճառով չեն կարողանում մրցակցային գներ ապահովել ծառայությունների համար. «Այդ ընկերություններում սխալ մարկետինգ է իրականացվում, դրա հետեւանքով նրանք չեն կարողանում մրցակցային պայմաններ ապահովել եւ վաղ թե ուշ սնանկանում են: Եթե ոլորտը պետականորեն կանոնակարգվեր եւ ունենայինք օդային օրենսգիրք, պետական աջակցություն եւ հոգածություն, ապա իրավիճակը շատ ավելի լավ կլիներ օդային սպասարկումների առումով, եւ տեղական ավիաընկերություններն ավելի շահավետ վիճակում կհայտնվեին` խուսափելով սնանկանալու սպառնալիքից:

Քանի դեռ բոլոր այս հարցերը չեն կարգավորվել` չի կարելի խոսել որեւէ տեղական ընկերության կայացման եւ ընդհանրապես մեզանում քաղաքացիական ավիացիայի զարգացման մասին»:

Դմիտրի Ադբաշյանը ողջունում է տեղական ավիաընկերության մուտքը, սակայն դժվարանում է ասել` այս մեկը կկարողանա՞ երկարակյաց լինել եւ խուսափել իր նախորդների` «Հայկական ավիաուղիների», «Արմավիայի», «Էյր Արմենիայի» ճակատագրից, որոնք ի վերջո սնանկացան: Քաղավիացիայի վարչության պետը նշում է, որ Հայաստանում դժվար է որեւէ տեղական ավիաընկերության համար կայանալը, քանի որ մեր կողմից որդեգրած «բաց երկնքի» քաղաքականությունը խոչընդոտում է դրան. «Բաց երկնքի» քաղաքականությամբ մեր կառավարությունը մեծաթիվ արտոնություններ է տվել օտար ավիաընկերություններին, որոնց շնորհիվ էլ այդ ընկերությունները ճնշում են տեղականներին եւ դուրս մղում շուկայից:

Թբիլիսիում, երբ «Աերոֆլոտը» փորձեց դեմպինգ կազմակերպել, Վրաստանի կառավարությունը վտարեց ընկերությանը: Բայց Հայաստանում օտար կազմակերպությունների համար նման դեպքերում որեւէ պատիժ սահմանված չէ, նրանք ազատորեն շարունակում են գործունեություն ծավալել, մինչդեռ տեղական ընկերությունները մեկը մյուսի հետեւից փակվում են:

 

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031