Լրահոս
Օրվա լրահոսը

Ղեկավար պաշտոններում կանանց թիվը փոքր-ինչ ավելացել է

Մարտ 10,2016 10:40

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Գրանթ Թորնթոնը ներկայացրել է ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության վերաբերյալ նոր զեկուց: Հարցումները, որոնք իրականացվել են աշխարհի 36 երկրների 5,520 գործարարների շրջանում, ցույց են տալիս, որ ղեկավար պաշտոններ զբաղացնող կանանց թիվը փոքր-ինչ աճել է՝ 22 %-ից բարձրանալով 24 %-ի:

Այնուամենայնիվ, կան տարածաշրջաններ, որտեղ ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության ցուցանիշները ցածր են: Օրինակ, Մեծ յոթնյակի (G7) երկրներում ղեկավար պաշտոնների ընդամենը 22%-ն են կանայք զբաղեցնում, իսկ ընկերությունների 39%-ը ընդհանրապես կանանց չի ներգրավել ղեկավար պաշտոններում: Տվյալ տարածաշրջանում ամենացածր ցուցանիշներ ունեցող երկու երկրներն են Ճապոնիան (7%) եւ Գերմանիան (15%):

Մինչդեռ, հետազոտության համաձայն` ամենաբարձր ցուցանիշներն են գրանցել Արեւելյան Եվրոպան եւ Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, որտեղ կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 35%-ը եւ 34%-ը համապատասխանաբար: Տարածաշրջանի ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկը գլխավորում է Ռուսաստանը, որտեղ ղեկավար պաշտոնների 45%-ը կանայք են զբաղեցնում: Վերջինիս հաջորդում են Ֆիլիպինները (39%), որտեղ ընկերությունների միայն 9%-ն են նշել, որ կանայք ընդգրկված չեն իրենց ղեկավար կազմում:

Զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանը այն երկրներից է, որտեղ նկատվել է ղեկավար պաշտոններում կանանց թվի նվազում: Ըստ հետազոտության՝ այս տարի Հայաստանում ղեկավար պաշտոնների 26%-ն են կանայք զբաղեցնում: Այս ցուցանիշը ավելի ցածր է ի համեմատ 2015 թ.-ի արդյունքների (29%):

Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը մեկնաբանում է. «Բավականին երկար ժամանակ է, ինչ զարգացած  երկրներում ընկերությունների ղեկավարները խոսում են այն մասին, թե որքան կարեւոր է բազմակարծության ապահովումը ընկերությունների ղեկավար օղակներում: Գաղտնիք չէ, որ բազմազան աշխատուժ ունեցող ընկերությունները ավելի արագ են հարմարվում գործարար միջավայրում տեղի ունեցող կտրուկ փոփոխություններին եւ իրենց արդյունավետությամբ կարող են գերազանցել այն ընկերություններին, որոնց աշխատուժը միատարր է: Ուստի, կարծում եմ՝ ղեկավար պաշտոններում կանանց դերակատարումն ակտիվացնելու ուղղությամբ գործնական քայլեր անելու ժամանակն է»:

Գրանթ Թորնթոնի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031