Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական դիվերսիոն եւ դիպուկահար խմբերի ակտիվությունն էականորեն աճել է»

Մարտ 10,2016 16:30

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը` հայկական կողմին հասցված նյութական վնասների եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ֆինանսական խութերի մասին:

– 2010-14 թվականներին Բաքվի եւ Մոսկվայի միջեւ կնքված պայմանագիրը, ըստ որի՝ Մոսկվան Բաքվին 4 միլիարդ ամերիկյան դոլարի զենք եւ զինամթերք պետք է վաճառեր, կարծես գլխացավանք է դառնում Ադրբեջանի համար: Ըստ մոսկովյան «Комерсантъ»-ի` միջազգային շուկայում նավթի գների անկման պատճառով Ադրբեջանը չի կարողանում վճարել ռուսական զենքի դիմաց: Թեեւ պայմանագրի մեծ մասն արդեն կյանքի է կոչվել, բայց թերթի տեղեկություններով՝ ռուսաստանյան ձեռնարկություններում մնում են որոշակի քանակությամբ տանկեր, զրահամեքենաներ եւ մի շարք հրետանային համակարգեր: Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք, եւ հրապարակման համաձայն՝ ՌԴ-ն բավական կոշտ դիրքորոշում է դրսեւորում այս հարցում, չի ցանկանում զիջումների գնալ: Ռազմատեխնիկական ոլորտում ռուս-ադրբեջանական սրացումներն ի՞նչ զարգացումներ կունենան՝ Ձեր կարծիքով:

– Էներգակիրների համաշխարհային գների կտրուկ անկումն Ադրբեջանի տնտեսությանն էական հարված է հասցրել, որի հետեւանքների վերացման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի: Եվ այն, որ Ադրբեջանը լուրջ դժվարություններ ունի ՌԴ-ից ստացվող մատակարարումների դիմաց ժամանակին գումարներ փոխանցելու հարցում, պատահական չէ: Վերջին 1-2 տարվա ընթացքում Ադրբեջանի միջազգային պահուստները կտրուկ կրճատվել են, բյուջեի կատարողականի հետ կապված լուրջ խնդիրներ կան, իսկ լավատեսական միտումներ ադրբեջանական տնտեսությունում առանձնապես չեն նշմարվում:

Հասկանալի է, որ այս իրավիճակում Ադրբեջանը բանակցությունների միջոցով փորձում է մի կողմից՝ երկարաձգել ՌԴ-ից ստացվող սպառազինության մատակարարումների համար վճարվող գումարների ժամկետները, մյուս կողմից՝ սեղմ ժամկետում ապահովել անհրաժեշտ սպառազինության մատակարարումները:

Ադրբեջանի ու ՌԴ-ի միջեւ այս գործարքի հետ կապված դժվարություններն առաջին հերթին լուրջ հարված են Ադրբեջանի իշխող էլիտային, քանի որ տարիներ ի վեր Ադրբեջանի պետական քարոզչությունը կառուցված էր երկիրը մեծաքանակ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով գերհագեցնելու ու դրանով իսկ տարածաշրջանում ռազմական հավասարակշռության վրա՝ հօգուտ Ադրբեջանի շեղմանը:

Ինչ վերաբերում է այս իրադարձությամբ պայմանավորված զարգացումներին, ապա կարծում եմ, որ այն լուրջ ազդեցություն չի ունենա ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի ու ՌԴ հարաբերությունների վրա: Իրականում ՌԴ-ում եւս հասկանում են, որ Ադրբեջանի տնտեսական վիճակով պայմանավորված՝ լուրջ դժվարություններ կան, ինչը հիմնականում օբյեկտիվ բնույթ է կրում, եւ ՌԴ-ն չի ցանկանա այս փուլում դրանով պայմանավորված բարդացնել երկկողմ հարաբերությունները: Ադրբեջանը որպես շուկա կարեւոր երկիր է ՌԴ-ի համար, եւ այս խնդիրների պատճառով դժվար թե պաշտոնական Մոսկվան կտրուկ քայլերի գնա:

Ադրբեջանի տնտեսական վիճակը միջնաժամկետ կտրվածքով կազդի առաջիկայում նախատեսված գործարքների վրա, ներկրումները փոքր-ինչ կնվազեն, սակայն Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ կանեն մինչճգնաժամային փուլում կնքված գործարքներն ավարտին հասցնելու համար, կրկնում եմ՝ դա իշխանությունը պահելու առումով Ադրբեջանի իշխող վերնախավի համար շատ կարեւոր է:

– Ի դեպ, որքան էլ տպավորիչ էին այն զինատեսակները, որոնք այդ 200 մլն դոլարանոց վարկով ՌԴ-ն պետք է Հայաստանին տրամադրեր, եւ որքան էլ Ադրբեջանին վախեցրած լինի այդ ցանկը, Հայաստանում միանշանակ չընկալվեց այդ զինատեսակների ցանկի հրապարակումը: Պայմանագիրը գաղտնի էր, եւ ռուսական կողմը, փաստորեն, միակողմանի որոշեց բացահայտել գաղտնիքը` բոլոր առումներով անհարմար դրության մեջ դնելով իր, իբր, ռազմավարական գործընկեր Հայաստանին: Դուք ի՞նչ տեսակետ ունեք այս առիթով:

– Նման խնդիրները, այդ թվում՝ մատակարարվող զինատեսակների հրապարակման հարցը, որպես կանոն, կարգավորվում են երկկողմ համաձայնության շրջանակներում, եւ չեմ կարծում, թե դա Հայաստանի պաշտպանության նախարարության համար անակնկալ է եղել, առավել եւս անհարմար իրավիճակներ է ստեղծել:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի վախեցած լինելուն, ապա Ադրբեջանում այս գործարքին, բնականաբար, վերապահումներով մոտեցան, ավելին՝ բողոքի նոտա հղեցին ՌԴ-ին, սակայն դա ավելի շատ ֆորմալ բնույթ էր կրում:

– Վերջին շրջանում Ադրբեջանը համեմատաբար պասիվ կեցվածք է դրսեւորում. հայ-ադրբեջանական սահմանին, եւ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է: Ինչո՞վ կբացատրեք սա:

– Դա միայն առաջին հայացքից. ուղղակի ի տարբերություն «աշնանային սրացումների»՝ Ադրբեջանը փոքր-ինչ տակտիկական փոփոխությունների է գնացել: Եթե սրացումների նախորդ՝ աշնանային փուլում ադրբեջանական կողմը շեշտը դնում էր հրետանային միջոցների, նռնականետների, խոշոր տրամաչափի այլ միջոցների հարվածների վրա, ապա այս փուլում առաջնային պլան են մղվել դիվերսիոն-հետախուզական խմբերը, դիպուկահարները, որոնք մշտապես փորձում են անհանգստություն, լարվածություն ստեղծել առաջին գծում մարտական հերթապահություն տանող ստորաբաժանումների համար:

Ադրբեջանական դիվերսիոն եւ դիպուկահար խմբերի ակտիվությունն էականորեն աճել է, այս փուլում Ադրբեջանը հակված է ավելի շատ նյութական վնասներ հասցնել հայկական կողմին:

Այնպես որ՝ հայկական զինուժը, հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումները Ադրբեջանի ակտիվությունը ճնշելուն ուղղված լուրջ գործողություններ են իրականացնում: Հասկանալի պատճառներով ամեն ինչ չէ, որ տեսանելի է հանրությանը, դրանց մեծ մասը հրապարակման ենթակա չէ:

– Իսկ ինչո՞ւ է շեշտը դրվում նյութական վնասներ հասցնելու վրա:

– Մարդկային կորուստների դեպքում հայկական կողմի պատասխանը անհամեմատ ուժեղ է, իսկ Ադրբեջանում առկա սոցիալ-տնտեսական սրացումների պայմաններում հայկական կողմի կոշտ հարվածները կարող են նպաստել Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակի բարդացմանը:

Կարծում եմ՝ դա է պատճառներից մեկը, որ առաջնագծի պրոցեսներին Ադրբեջանն այս շրջափուլում այլ մոտեցում է ցուցաբերում, առավել զգույշ է:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
09.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031