Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կանայք՝ խտրականության զոհ՝ սկսած ընտանիքից մինչեւ զբաղվածություն

Մարտ 10,2016 15:00

Չնայած հայ տղամարդկանց մեծ մասը, այսպես ասած, կնամեծար է իրեն համարում, սիրում են կենացներ ասել մայրերի, կանանց ու դուստրերի մասին, բայց ինչպես փաստում են թվերը, մեր երկրում չկա մի ոլորտ, որտեղ կանանց իրավունքները չոտնահարվեն: Կանայք խտրական վերաբերմունքի են ենթարկվում՝ սկսած սեռով պայմանավորված հղիության ընդհատումներից, ընտանիքներում հոգեբանական եւ ֆիզիկական բռնություններից, վերջացրած զբաղվածությամբ եւ տարբեր ոլորտներում պաշտոններ զբաղեցնելով:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետները մշտապես բարձրաձայնում են, որ մեր երկրում կանանց իրավունքները ոտնահարվում են պատրիարխալ հասարակություն լինելու հետեւանքով:

Երեկ մարտի 8-ն էր՝ կանանց տոնը, շատերը ծաղիկներ, շնորհավորանքներ ու նվերներ են ստացել: Բայց, օրինակ, այդ ծաղիկներ նվիրող ու գեղեցիկ կենացներ ասող տղամարդկանց միջավայրում քանի՞ կին է հավասար պայմաններով աշխատում, խտրականության կամ բռնության զոհ չի դառնում՝ միայն նրա համար, որ կին է: Վիճակագրությունը տխուր փաստեր է ներկայացնում:

Մեր երկիրը վաղուց արդեն միացել է կանանց իրավունքների պաշտպանության եւ նրանց նկատմամբ խտրականության վերացման ուղղությամբ միջազգային մի շարք կոնվեցիաների: Եվ թվում է, թե այս տասնյակ տարիների ընթացքում կանանց իրավունքների ոտնահարումն ու նրանց նկատմամբ խտրականությունը նվազագույնի պետք է հասցվեին կամ գոնե առաջընթացի ցուցանիշներ արձանագրվեին, սակայն իրականում ճիշտ հակառակն է:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն օրերս հրապարակեց Հայաստանում իրականացրած «Կանանց նկատմամբ խտրական դրսեւորումներ ախտորոշիչ ուսումնասիրության» արդյունքները: Ըստ այս զեկույցի՝ մեր երկրում պետական հատվածում զբաղվածների գերակշիռ մասը կանայք են, բայց սա դեռ ուրախալի ցուցանիշ չէ: Այդ կանայք որքան էլ ավելի շատ լինեն պետական հատվածում, նրանց մեծ մասը ստորին օղակներում են զբաղված, իսկ որոշում կայացնող պաշտոնյաների գերակշիռ մասը տղամարդիկ են: Մեր երկրում կան 19 նախարարներ, նրանցից միայն 3-ն են կին, Ազգային ժողովում 131 պատգամավորից 13-ն են կին, բարձրագույն ղեկավար այլ պաշտոններում, ասենք՝ մարզպետ կին կամ քաղաքապետ, վարչական շրջանի ղեկավար կին չունենք: Ճիշտ է, կին մարզպետ ունեցել ենք՝ Լիդա Նանյանը. նա 2007-ին նշանակվեց Շիրակի մարզպետ, բայց 2010-ին ազատվեց պաշտոնից:

Բարձր վարձատրվող ոլորտներում էլ, ըստ պաշտոնական վիճակագրության, կանանց թիվը մեծ չէ: Ըստ ՄԱԿ-ի ուսումնասիրության՝ կանայք հիմնականում զբաղված են ցածր վարձատրվող ոլորտներում՝ գյուղատնտեսությունում կանանց միջին աշխատավարձը կազմում է տղամարդկանց աշխատավարձի 83.8%-ը, կրթությունում՝ 81.3%-ը, առողջապահությունում եւ սոցիալական ծառայության ոլորտներում՝ 75.1%-ը, հանրային կառավարման ոլորտում՝ 67.9 եւ ֆինանսական ու ապահովագրական հատվածում՝ 54.9%-ը:

Ամեն տարի ընտանեկան բռնությունների մասին ահազանգերից հատուկենտ դեպք է արձանագրվում, որ ասենք՝ տղամարդը բռնության է ենթարկվել կնոջ կամ զուգընկերուհու կողմից: Սակայն պաշտոնապես արձանագրված ընտանեկան բռնության զոհերի մեծ մասը կանայք են: 2010-2015 թվականների ընթացքում ընտանեկան բռնության հետեւանքով սպանվել է 30 կին, ինչի պատճառով 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի: Անցյալ տարի ընտանեկան բռնության 784 դեպք է գրանցվել, իսկ 2014-ին՝ 678:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանի կարծիքով՝ կինը մեր իրականության մեջ խտրական վերաբերմունքի է արժանանում գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած այն պահից, երբ ընտանիքում ծնվում է աղջիկը, ու հարազատներն ասում են՝ ոչինչ, մի հատ էլ տղա կունենաք, վերջացրած անձնական կյանքի եւ զուգընկերոջ ընտրության խնդրով: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ, ցավոք, ամեն ինչ սկսվում է ընտանիքից ու թելադրվում ընտանիքի կողմից. «Թե ինչ մասնագիտություն կընտրի աղջիկն ու ինչ մասնագիտական հաջողությունների կհասնի, էլի անտեսվում կամ ստվերվում է, առաջին նախապայմանը կնոջն ընտանեկան կյանքի նախապատրաստելն է, որն էլ, ինչպես ցույց է տալիս մեր՝ իրավապաշտպաններիս փորձը, անհավասարների հասարակությունում գրեթե չի հաջողվում»: Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ երբ կինը տնտեսապես անկախ չէ, նա գտնվում է ենթակայի կարգավիճակում, ինչը որոշումների կայացման տեսանկյունից դարձնում է նրան խոցելի:

Անդրադառնալով ընտանեկան բռնությանը՝ ինչպես նկատեց Հովհաննիսյանը, բռնության զոհերը հիմնականում կանայք են եւ շատ դեպքերում՝ առանձնակի դաժանությամբ սպանությունների զոհեր: «Կանանց հանդեպ վերաբերմունքը դաժանացել է. սա ունի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հիմքեր: Այն, որ երկիրն արդեն 25 տարուց ավելի է՝ գտնվում է պատերազմական իրավիճակում, եւ միլիտարիզմը դարձել է մեր կյանքի անբաժան մասը, իր դերակատարումն է ունենում ուժային տղամարդու ինստիտուտի ամրացման ու խրախուսման գործում: Բռնարարների մեջ քիչ չեն նախկին ազատամարտիկները, ոստիկանները, ովքեր չեն ստանում բավարար հոգեբանական եւ սոցիալական աջակցություն պետության կողմից, չեն ինտեգրվում խաղաղ պայմաններում ապրելու իրավիճակին ու մտնում ընտանիք»: Բացի այս, ըստ Հովհաննիսյանի, կան նաեւ տնտեսական պատճառներ, երբ տղամարդիկ չեն կարողանում հասարակության կողմից պարտադրված կարծրատիպի սահմաններում բավարարել ընտանիքի սոցիալական կարիքներն ու իրենց այդ դերի անհաջողությունը կոտրում են կնոջ գլխին. «Այդ բոլոր խնդիրները քաղաքական եւ սոցիալական իրավիճակից բխող հետեւանքներ են, որոնք չեն ստանում անգամ օրենսդրական կարգավորում: Հայաստանն անգամ չի վավերացրել Ստամբուլի կոնվենցիան, որը վերաբերում է կանանց իրավունքներին, չունի Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենսդրություն, իսկ այդ բացերը բերում հանգեցնում են ողբերգական դեպքերի, ինչի արդյունքում կանայք զոհվում են, իսկ երեխաները մնում են առանց մայրական խնամքի»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
09.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031