«Թեեւ կանայք Հայաստանում իրենց կրթությամբ չեն զիջում տղամարդկանց, այնուամենայնիվ՝ զբաղեցնում են պաշտոններ ստորին օղակներում»,- այս մասին փաստում է անկախ փորձագետ Նվարդ Մանասյանը, որն այսպիսի եզրահանգման է եկել՝ կատարելով կանանց նկատմամբ խտրական դրսեւորումների ախտորոշիչ ուսումնասիրություն: Ըստ նրա՝ Հայաստանում կանայք զբաղեցնում են որոշումների կայացման հետ չառնչվող ստորին օղակների պաշտոնների 68,6 տոկոսը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդիկ թվով զիջում են կանանց, բայց եւ այնպես զբաղեցնում են բարձրաստիճան եւ ղեկավար պաշտոններ: Բարձրագույն պաշտոնների 90.2 եւ ղեկավար պաշտոնների 59,9 տոկոսը զբաղեցնում են տղամարդիկ:
Հետազոտությունը, որը կատարվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ, փաստում է, որ կին ղեկավար ունեցող ձեռնարկություններում զբաղված կանանց թիվն ավելի մեծ է:
Զեկույցի հեղինակը նկատում է, որ Հայաստանում կանայք հիմնականում զբաղված են այն ոլորտներում կամ էլ պաշտոններում, որտեղ վարձատրությունը ցածր է եւ հաճախ մոտ է նվազագույն աշխատավարձին:
«Աշխատավարձի ճեղքվածքը մտահոգիչ է եւ տնային տնտեսությունում կնոջ կարգավիճակի փոփոխության ու որոշումների կայացմանը մասնակցելու վրա ունենում է որոշակի բացասական ազդեցություն»: Այդուհանդերձ, ըստ ուսումնասիրության, Հայաստանում ժողովրդագրական հետազոտությունը ցույց է տալիս, որ անգամ անձնական եկամտի դեպքում կանանց մոտ մեկ երրորդն է ինքնուրույն որոշում կայացնում: Այս առումով նույնիսկ հետընթաց է արձանագրվել. եթե 2000 թվականին կանանց 36,4 տոկոսն էր որոշում սեփական եկամուտը տնօրինելու ձեւը, ապա 2010-ին՝ 26,9 տոկոսը: 2012-ին այդ թիվն ավելի փոքր է եղել՝ 20,5 տոկոս:
Ուսումնասիրությունը պարզել է, որ երեխայի սեռը կնոջը թույլ է տալիս տնային տնտեսություններում ձեռք բերել ավելի բարձր կարգավիճակ եւ մասնակցել որոշումների կայացմանը: Տղա երեխաներին նախապատվություն տալը հաճախ ենթադրում է, որ վերջինս ավելի արդյունավետ կլինի աշխատանքի շուկայում եւ կունենա ավելի մեծ եկամուտ: Մեր երկրում հարցմանը մասնակցած կանանց մոտ 29 տոկոսը ընտանիքում տղայի նախընտրությունը պայմանավորում է ֆինանսական ապահովության եւ աջակցության առկայությամբ: 60 տոկոսի համար տղան կարող է հանդիսանալ իրենց անձնական, ինչպես նաեւ ապագա սերնդի ֆինանսական անվտանգության երաշխիք:
Հետազոտությունը փաստում է, որ ֆիզիկական բռնությունից բացի՝ կանայք Հայաստանում ենթարկվում են նաեւ տնտեսական բռնության, որը մատնանշում է կարծրատիպերի առկայությունը:
Կարդացեք նաև
Հայաստանում հարցմանը մասնակցած կանանց 7.4 տոկոսը դադարել է աշխատել կամ հրաժարվել է աշխատելուց, քանի որ զուգընկերները չեն ցանկացել, որ նրանք աշխատեն: Եթե նման խոչընդոտ չլիներ, ապա, ըստ հաշվարկների, մեր երկրի համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն, 50-60 միլիոն դոլարով ավելին կլիներ:
«Սոցիալական խտրական նորմավորումները եւ տնտեսական կյանքում առկա սահմանափակումները կանանց համար ստեղծում են քաղաքական գործընթացներում մասնակցության անբարենպաստ միջավայր»,- նշվում է հետազոտությունում: Համաձայն ուսումնասիրության՝ Հայաստանը քաղաքացիական ազատության միջին ցուցանիշ գրանցած երկիր է, բայց խորհրդարանում կանանց ներգրավվածությունը ավելի համեստ ցուցանիշով է. «Չնայած օրենքով ամրագրված քվոտավորմանը՝ դեռեւս չկան այն բավարար պայմանները, որոնք կամրագրեն կանանց 20 տոկոս ներկայությունը համամասնական ընտրակարգով: Տեղական ինքնակառավարման մակարդակում նման քվոտավորման բացակայությունը այլ խտրական դրսեւորումների ու կարծրատիպերի բացասական ազդեցությանը զուգընթաց կարող է հնարավոր պատճառներից մեկը լինել, երբ տեղական մարմիններում կանայք չեն մասնակցում հանրային որոշումների կայացմանը եւ չեն ձեւավորում այն հանրային հեղինակությունը, որը կարող է հետագայում ազգային մակարդակում քաղաքական գործընթացներում ներգրավված լինելու նախապայման հանդիսանալ»:
Ըստ զեկույցի հեղինակի՝ ընտրված կանանց ներկայությունը խորհրդարանում օրենսդրորեն ամրագրված ու երաշխավորված չէ. «Հետեւաբար հնարավոր է նաեւ ընտրությունից հետո, տարբեր պատճառներով, կանանց թվի նվազում»:
Ընդհանրապես Հարավկովկասյան երկրներում կանանց ներկայացվածությունը կայուն ցածր ցուցանիշ ունի:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.03.2016