Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոդնի Դաքեսյան. «Միջազգային պատասխանատվության իրավունքը հիմնականում դեռ սովորութային է»

Մարտ 10,2016 14:00

Իրավաբանական հետազոտություն՝
հայերի դեմ իրագործված 1915թ. կոտորածների մասին

Լույս է տեսել մի գիրք, որը հեղինակի՝ Ռոդնի Դաքեսյանի կարծիքով, կհամարվի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ ստեղծված եւ նրա բոլոր նահատակներին ոգեկոչող ներդրում:

Լիոնի համալսարանի դասախոսի «1915թ. հայերի դեմ իրագործված կոտորածների իրավաբանական հետեւանքները եւ դրանց լուծման դատական ու արտադատական հնարավոր եղանակները» մեծածավալ գիրքը հայերեն թարգմանել է Անահիտ Մանասյանը:
Ֆրանսիական համալսարանի առաջին վաստակավոր փոխնախագահ, համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի վաստակավոր տնօրեն, պրոֆեսոր Էմիլ-Ֆրանսուա Կալոն նախաբանում անդրադառնալով այս ըստ էության հիմնավոր աշխատությանը, այն համարում է «Իրավաբանական հետազոտություն»:
Ըստ նրա. «Աշխատանքը հետեւողական է եւ արդիական: Այն թույլ է տալիս հետեւել մեկ հարյուրամյակի ընթացքում միջազգային իրավունքի զարգացմանը եւ բազմաթիվ կազմակերպությունների ստեղծմանը: Օսմանյան Հայոց ցեղասպանությունը շարունակում է քննարկման առարկա մնալ 21-րդ դարասկզբի այս մեր օրերում էլ, մասնավորապես, Ֆրանսիայում՝ կապված 2001թ. հունվարի 29-ի օրենքի եւ նրա հետեւանքների հետ»:
Ի՞նչ կարող է տալ նմանատիպ աշխատությունը:

Էմիլ-Ֆրանսուա Կալոյի դիտարկմամբ. «Գիրքը տալիս է ոչ դատական կարգավորումների եւ դրանց հնարավոր արդյունավետության վերլուծություն՝ իմանալով, որ քաղաքական նկատառումները, որպես կանոն, գերակայում են իրավունքի պահանջների նկատմամբ»: Ֆրանսիացի պրոֆեսորի կարծիքով. «Դժվար է քրեական սահմանում տալ ցեղասպանությանը, որն ավելի շուտ ներկայանում է որպես քաղաքական չարիք»:
Գիրքը բաղկացած է երկու մասից, առանձին գլուխներից ու բաժիններից:
Գլուխ 3-րդում հեղինակը վերլուծում է այժմյան թուրքական պետության միջազգային պատասխանատվության հարցը 1915 թվականի հանցագործության համար՝ դրանք համադրելով միջազգային պատասխանատվության գործերով պետությունների իրավահաջորդության տեսությանը:

Ի դեպ, նույն գլխի բաժին 1-ում խոսք է գնում միջազգային պատասխանատվության գործերով պետությունների իրավահաջորդության տեսության մասին, նախադեպային իրավունքի եւ պետությունների լույսի ներքո:

Ըստ Ռոդնի Դաքեսյանի, պետությունների պատասխանատվության սկզբունքը հին է, որքան հին է նրանց հավասարության սկզբունքը. «Իսկապես, եթե պետությունները հավասար են, նրանք չեն կարող չընդունել, միեւնույն ժամանակ, որ նրանք հավասար են ինչպես իրավունքների, այնպես էլ պարտականությունների առումով»:

Ռ.Դաքեսյանը գրում է, որ չնայած միջազգային պատասխանատվության իրավունքը դեռ սովորութային է, սակայն կարգավորիչների մեջ հղում է անում 2001թ. ՄԻՀ-ի հոդվածներին ու Գլխավոր ասամբլեայի 56/83 բանաձեւին, որը, հեղինակի կարծիքով, հստակեցնող ազդեցություն ունի: Ընդսմին, համաձայն ՄԻՀ-ի առաջին հոդվածի. «որեւէ պետության ամեն միջազգային իրավախախտում կենթարկվի միջազգային պատասխանատվության»:
Հեղինակը նշում է, որ բազմաթիվ վեճեր կան կապված իրավահաջորդության հետ: Ըստ նրա, այժմյան թուրքական պետությունը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, իսկ 1915թ. կոտորածներն էլ իրականացվել են կայսրության ղեկավարության ներքո. «Ուրեմն, ինչպիսին կարող է լինել միջազգային պատասխանատվության գործերով իրավահաջորդ պետության պատասխանատվությունը իր նախորդի՝ Օսմանյան կայսրության կատարած արարքների համար, եւ պատասխանատվության դեպքում ինչպիսին կարող են լինել այդ պատասխանատվության պայմանները»:

Գրքում բարձրացված են այնպիսի հարցեր, որոնք տրվում են միջազգային իրավունքի մասնագետների կողմից, իրավաբանների կողմից, երբեմն անկանոն ու չկանոնակարգված:
Մասնավորապես, բնակչության մասնակի փոփոխությունն արդյոք հանգեցնո՞ւմ է պետությունների իրավահաջորդության, ինչպիսի՞ դատական որոշումներ կան, հեղափոխական փոփոխությունները թույլ տալի՞ս են վկայակոչել պետությունների իրավահաջորդության իրավունքի մասին, համընդհանուր սկզբունքներ կա՞ն, ե՞րբ են քննարկվել իրավահաջորդությունները պայմանագրերի գործերով:

Գրքում խոսք է գնում մեզ՝ հայերիս հուզող՝ Ցեղասպանության հետեւանքով հանցավոր պետության վրա ընկնող փոխհատուցման պարտավորության մասին նույնպես:
«Արդարությունը կպահանջեր, որ իրավահաջորդ պետությունը կամ պետությունները ստանձնեին նախորդ պետության պատասխանատվությունը, հակառակ դեպքում պարտքը պետք է մարվեր ի վնաս զոհի»,- գրում է Ռ. Դաքեսյանը:

408 էջանոց իր հետազոտությունն ավարտվում է հեղինակի Եզրակացություն-հարցադրմամբ. «Ժամանակը չէ՞, որպեսզի վերջ դրվի հայ-թուրքական խնդրին, պե՞տք է, արդյոք, եւս մի երկրորդ հարյուրամյակ սպասել»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
նկարը՝ հեղինակի

 

«Առավոտ» օրաթերթ
09.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031