Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայասան» հավատարիմ է հայկական ֆոլկի ավանդույթներին

Մարտ 10,2016 13:30

Երիտասարդ երաժիշտները հավաստիացնում են,
որ խնամքով են մոտենում ազգային ժառանգությանը

Հայ երաժշտական ֆոլկլորը դարերով փոխանցվել է բանավոր, չի նոտագրվել մինչեւ 19-րդ դար: Բնականաբար, բերնեբերան փոխանցվելու ընթացքում երգը փոփոխություն է կրել, շատ երգեր կորել են եւ պահպանվել են միայն այն երգերը, որոնք առավել հարազատ ու սիրված են եղել: Արդյունքում ստեղծվել է ժողովրդական երաժշտական մշակույթ, որի ձեւավորմանն ու ընթացքին մասնակցել են բազմաթիվ սերունդներ, ինչը հասել է մինչեւ մեր օրերը ու դեռ կշարունակվի դարեդար: Ժողովրդական երաժշտական մշակույթը, մասնավորապես՝ երգարվեստը, 1938թ.-ից սկսած, երբ Արտեմի Այվազյանը հիմնեց Հայաստանի պետական էստրադային նվագախումբը, ունեցավ նոր մեկնաբանություն: Ժողովրդական երգը, որ մինչ այդ ներկայանում էր ժողգործիքների նվագակցությամբ, սկսեց հնչել էստրադային նվագախմբի ուղեկցությամբ: Տասնամյակներ անց նույն ժողերգերը ներկայացան արդեն ֆոլկ, ֆոլկ ռոք այնպիսի խմբերի մատուցմամբ, ինչպիսիք են «Բամբիռը», Svee toy-ը, «Քարահունջը» եւ այլն:

Yervand-saribekyan

Երվանդ Սարիբեկյան

Մեր օրերում էլ ստեղծվում են ֆոլկ խմբեր, սակայն, արդարության դեմ չմեղանչելու համար, նշենք, որ հաճախ մեր ժողովրդական երգերը, լինեն դրանք՝ հայրենասիրական, ազգագրական, ռազմական եւ այլն, աղավաղվում են: Բացի դրանից, նորաստեղծ ֆոլկ խմբերն իրենց անվանը հավատարիմ չեն մնում ու ներկայանում են նաեւ կոմպոզիտորական, հեղինակային երգերով:

Համեմատաբար նորաստեղծ ֆոլկ բենդ է «Հայասան», որի մասին մասնագետներից դրական արձագանքներ լսեցինք անցյալ տարի աշնանը «Նարեկացի» արվեստի կենտրոնում կայացած համերգից հետո:

manana-Khanaryan

Մանանա Խանարյան

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ «Հայասա»-ի վոկալիստ Գայանե Ավդալյանը եւ ֆլեյտահար Մանանա Խանարյանը հայտնեցին, որ խումբը ձեւավորվել է 2014թ., Երեւանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Գեւորգյան) 10 երաժիշտներից: Ամիսներ անց, ինչ-ինչ պատճառներով, հիմնականը անդամների մի քանի կոլեկտիվում զբաղվածությունն էր, «Հայասան» կազմալուծվել է: Սակայն շուրջ մեկ տարի է՝ ֆոլկ բենդը ներկայանում է նոր կազմով՝ 4 երաժիշտներով՝ վոկալիստին եւ ֆլեյտահարին «գումարած» դաշնակահար Արմեն Ասատրյան եւ կիթառահար Երվանդ Սարիբեկյան: Կիթառահարն ու վոկալիստը ֆոլկ բենդի հին կազմից են:

arman-Asatryan

Արման Ասատրյան

«Մենք մշակումներ չենք անում, ինքներս երաժիշտներ ենք եւ աշխատում ենք «Հայասա»-ի կողմից հնչող մեր էթնիկ երաժշտությունը, երգերը ներկայացնենք նոր գործիքավորմամբ՝ հավատարիմ մնալով օրիգինալին»,- հավաստիացրեց Մանանա Խանարյանը: Երգչուհի Գայանե Ավդալյանն էլ նշեց, որ հաճախ ունենում են հրավիրյալ երաժիշտներ, օրինակ՝ համագործակցում են «Լավ էլի» բենդի կիթառահար Մհեր Մանուկյանի եւ երգիչ Վահե Ալեքսանյանի հետ:

Մեր զրուցակիցները Երեւանում ու մարզերում ունեցած համերգներից հետո պատրաստվում են մարտի 10-ին ելույթ ունենալ «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում եւ մայիսի 9-ին առաջին անգամ մեկնել Վլադիվոստոկ հյուրախաղերի, որի հրավերը ստացել են հայ համայնքի կողմից, վերջինս էլ «Հայասա»-ին ծանոթացել է համացանցի միջոցով:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ ֆոլկ բենդը չունի հովանավոր, բայց երաժիշտների փոխանցմամբ՝ կան բարի մարդիկ, որոնք գոնե ժամանակ առ ժամանակ հոգում են իրենց փորձատեղիի հարցը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Գայանե Ավդալյան

 

«Առավոտ» օրաթերթ
09.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031